HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ըստ «Սարդարապատի»` հույսը և հավատը պետք է դնել միմիային ժողովրդի վրա

«Համատարած հուսալքություն է ժողովրդի մոտ, մենք ուզում ենք հուսադրել մեր ժողովրդին` ասելով, որ ամեն ինչ կորած չէ, և «Սարդարապատ» շարժում նախաձեռնությունը վերցնում է իր վրա մեզ այս վիճակից դուրս բերելու այդ ծանր բեռը, և մենք չենք կասկածում մեր հաջողությանը»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի սեպտեմբերի 17-ին ՀԱԿ-ի հանրավաքում հնչելիք ելույթներից, դժգոհ է իր գործընկերներից, քանի որ տեսնում է, որ սխալ ուղղությամբ են գնում, ընտրությունների են պատրաստվում, որից ոչ մի օգուտ չի լինի: «Մեր երկրեն ներս այսպիսի կեղեքող համակարգի առկայության դեպքում ընտրություններով հնարավոր չէ որևէ փոփոխություն` հօգուտ ժողովրդի»,- ասում է Ժիրայր Սեֆիլյանը և ընդդիմադիր գործիչներին հորդորում վերջ տալ ներկայիս ընթացքին և դուրս գալ կուսակցական ձևաչափով մտածելու և աշխատելու տրամաբանությունից: Ըստ նրա` ընտրությունները մոլորեցնում են ժողովրդին: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Հայկ Բալանյանն էլ համոզված է, որ այս իշխանությունները ընտրություններով իշխանություն տվող չեն: Միաժամանակ նա նշում է, որ Լ.Տ.-Պետրոսյանի` մեծ քաղաքականություն վերադառնալը ճիշտ էր և միավորեց մարտնչող շրջանակներին, բայց ամեն ինչ չպետք է պահանջել Լ.Տ.-Պետրոսյանից, ժողովրդի գործելու ժամանակն է, իսկ Լ.Տ.-Պետրոսյանը թող լինի առաջնորդող խմբին աջակցողի դերում: Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չունի, ազնիվ քաղաքական գործիչներն էլ պետք է դուրս գան այդ ճահճից: Նա նշում է, որ պետք է ձևավորենք ժողովրդի իշխանություն` հույսը և հավատը դնելով միմիային ժողովրդի ուժերի վրա և ոչ թե սպասենեք, թե Եվրոպան կամ Ռուսաստանը ինչ կասի: «Այս հողը մերն է, մեր ոտքերը մեր հողի վրա են գտնվում, մենք ենք որոշում ու կերտում մեր ապագան »,- ասում է նա: Հայկ Բալանյանի խոսքերով` հայ ժողովուրդը լուծել է Ղարաբաղի հարցը, բայց չի լուծել Հայաստանի հարցը: Նա նշում է, որ մենք պարտավոր ենք վերականգնել Հայաստանի պետականությունը. մի անգամ` 1998թ. արդեն դա արել ենք, այս անգամ էլ կկարողանանք: «Փաստացի իշխանությունը կաբինետում չէ, փողոցում է. դա ժողովուրդն է: Իշխանությունն այդպես է փոխվում»,- ասում է Հայկ Բալանյանը: Նա նաև անդրադարձավ վերջին շրջանում բանակում արձանագրվող սպանություններին և ինքնասպանություններին: Պատճառն, ըստ նրա, այն է, որ երբ մեքենան ժանգոտած է, վերևից էլ ճնշում կա, ոչ մի բարեփոխում չի լինում, այլ տեղ-տեղ ինչ-որ բաներ փլվում են: Անդրադառնալով վերջին օրերին «youtube»-ում տեղադրված, բանակին վերաբերող տեսահոլովակին` Հայկ Բալանյանը նշեց, որ ցանկացած նորմալ երկրում տեսահոլովակը տեղադրողին կխնդրիեն ներկայանալ, դրամական պարգև կտային նման բան բացահայտելու և հայտնելու մասին, ներքին հետաքննություն կսկսեին ու կպատժեին իրական մեղավորներին: Իսկ ահա Հայաստանում ասում են, որ նման տեսահոլովակներն արատավորում են բանակը, պետք չէր տարածել այդ ամենը: Այսինքն` առաջնորդվում են իմանալ-չհայտնելու սկզբունքով: Մինչդեռ այդ դեպքում խնդիրնեը չեն լուծվում: Հայկ Բալանյանը նշում է, որ ղեկավարի լավ լինելը դրսևորվում է ոչ սովարական իրավիճակներում, իսկ սա հենց այդ դեպքն էր, երբ լավ իշխանությունը կարող էր դրսևորել իրեն: Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությոանը, ապա Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց միջազգային հանրությունը կկանխի այն, ուստի «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը պատերազմը հավանական չի համարում: Ըստ նրա` ներկայիս իշխանության պարագայում հայկական կողմը տանուլ կտա պատերազմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter