HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչպես դուրս գալ վակուումից. ՀԱԿ-ի գլուխկոտրուկը հանրահավաքից առաջ

Ինչ սպասել սեպտեմբերի 17-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հերթական հանրահավաքից: Անցած երկու տարվա ընթացքում Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներն աչքի են ընկել ընդամենը մեկ բանով` տրամաբանական կապի, շղթայի բացակայությամբ: Դրանք ոչ միայն չէին լրացնում միմյանց, չէին սկզբնավորում կամ զարգացնում որեւէ գործընթաց կամ հասունացնում որեւէ գաղափար, այլեւ հաճախ դրված շեշտադրումներով, կողմնորոշումներով հակասում էին միմյանց: Արդյունքում ՀԱԿ-ը զգալիորեն կորցրեց իր պոտենցիալ ընտրազանգվածը, ավելի ճիշտ` համախոհների ու էնտուզիաստների այն բանակը, որը, չլինելով ՀԱԿ-ի մեջ, այնուամենայնիվ, երկրում որեւէ փոփոխության հասնելու հույսերը կապում էր բացառապես Կոնգրեսի հետ: Անցած երկու տարիները հստակորեն ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի ձեւավորման գործընթացը ծրագրային գործունեության վերջին շտրիխն էր: Դրանից հետո Կոնգրեսի տեսքով քաղաքական պաստառ ստացած համաժողովրդական շարժումը ծավալվել է տարերայնորեն: Սկզբնական շրջանում, չնայած այդ տարերայնությանը, ՀԱԿ-ը կարողանում էր քաղաքական օրակարգ ձեւավորել: Սակայն 2009 թ. կեսերից, ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկի հետ, իշխանությունը ՀԱԿ-ից վերցրեց նախաձեռնողականությունը: ՀԱԿ-ն ինքնաբերաբար գնաց դրան` ըստ էության հիմնական գծերով ընդունելով եւ պաշտպանելով իշխանությունների որդեգրած ուղեգիծը, մասնավորապես հայ-թուրքական հաշտեցման եւ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում: Այժմ այս երկու ուղղություններն էլ հայտնվել են փակուղում: Եվ չնայած դրան` ՀԱԿ-ը չի կարողանում նորից իր ձեռքը վերցնել քաղաքական օրակարգի ձեւավորման խնդիրը: Ինչպես ասում են` գնացքը արդեն մեկնել է: Արդյունքում վակուում առաջացավ, որն անմիջապես ջրի երես հանեց ՀԱԿ-ում քաղաքական ուժերի միջեւ եղած գաղափարական հակասությունները եւ, որ ավելի զգալի ու ցավալի էր, վեր հանեց շարժման հզոր ալիքի տակ մինչ այդ թաքնված անհատական ամբիցիաները: Խնդիրներ առաջացան ՀԱԿ-ի առանցքային դերակատարների` ՀՀՇ-ի եւ ՍԴՀԿ-ի ներսում: Ահա այս պայմաններում է կայանալու սեպտեմբերի 17-ի հանրահավաքը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը վերջերս հայտարարեց, թե Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն «անակնկալ» ելույթ է ունենալու. «Ելույթը շատ լուրջ, նոր շեշտադրումներ է ունենալու: Եւ կարծում եմ, որ մեր պայքարը նույնպես իր ելույթից հետո նոր ընթացք կստանա»,- ասաց նա: Տեր-Պետրոսյանի ելույթների վերաբերյալ նման կանխակալ մեկնաբանություններ հնչել են նաեւ նախորդ հանրահավաքից առաջ: Եվ, որպես կանոն, դրանցից եւ ոչ մեկը չի արդարացել, որովհետեւ Տեր-Պետրոսյանն այդպես էլ չի ասել կամ արել այն, ինչ անհրաժեշտ էր Մատենադարանին հարող հարթակում հավաքվող հանրությանը. ուղղորդել կամ դիմել կոնկրետ գործողությունների: ՀԱԿ-ում նաեւ հիմա ոչ ոք չգիտի` ինչ սպասել Տեր-Պետրոսյանից այս անգամ: Նրա խոսքը, գնահատականները ՀԱԿ-ականների համար նորություն են լինում նույնքան, որքան հանրահավաքին մասնակցելու եկած շարքային քաղաքացիների համար: Նախագահական ընտրություններց հետո մոտ մեկուկես տարի Տեր-Պետրոսյանի այդ կեցվածքը որեւէ խնդիր չէր հարուցում: Բոլորն անվերապահորեն հավատում էին նրա խոսքերի ճշմարտացիությանը: Հիմա, սակայն, այս անվերապահ վստահությունը ճաքեր է տվել: Տեր-Պետրոսյանի խոսքերն այլեւս լուրջ հավատ չեն ներշնչում նույնիսկ նրա անմիջական թիմի ներկայացուցիչներին: Անգամ ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանն է հոգնել նույն վանկարկումները լսելիս: Եվ սա շատ պարզորոշ ահազանգ է առաջին նախագահի համար, ով կանգնած է իր հեղինակությունը փրկելու խնդրի առաջ: Կարելի է սպասել, որ այս անգամ Տեր-Պետրոսյանի ելույթը կարող է մի փոքր ավելի սուր լինել: Պատահական չէ, որ հենց այս հանրահավաքից առաջ ՀԱԿ-ը հայտարարեց Ազատության հրապարակը ետ նվաճելու արշավ սկսելու մասին, որի շրջանակներում արդեն մի քանի անգամ այդ հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկել է Երեւանի քաղաքապետարանին, անգամ դատական գործընթաց է սկսել: Բացի դրանից, ՀԱԿ-ն ակտիվություն է սկսել ցուցաբերել նաեւ տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու, միջազգային տարբեր կառույցներում պետական ու ազգային շահերը պաշտպանելուն ուղղված այլընտրանքային ծրագրերի, նախագծերի ներկայացման առումով: Մի բան, որ առայժմ անում է միայն ՀԱԿ-ը` դասական քաղաքական պայքարի բոլոր կանոններին համապատասխան: Չնայած հասարակության եւ իշխանության քաղաքական գիտակցությունն այնքան չի հասունացել, որ ըմբռնի ՀԱԿ-ի այս գործողությունների ողջ նշանակությունը, սակայն դրանով Կոնգրեսը այլընտրանքային ուժի իմիջ է ձեւավորում, որը լուրջ ռեսուրս կլինի գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սակայն ՀԱԿ-ը չի կարող հաշվի չառնել, որ այս հասարակությունն ընդդիմությունից ոչ այնքան նոր ծրագրեր է ակնկալում, որքան կոնկրետ գործողություններ: Եվ եթե Տեր-Պետրոսյանն ուզում է ինչ-որ բան փոխել, կամ իշխանափոխության մտադրությունը ՀԱԿ-ի համար դեռ ակտուալ է, ապա ստիպված է լինելու հենց այդպիսի շեշտադրումներով ելույթ ունենալ: Այս պահին, սակայն, որեւէ հույս չկա, թե ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը բեկումնային է լինելու: Ավելի շուտ` այն արձանագրային կլինի, որի ընթացքում պարզապես հերթական անգամ Կոնգրեսը գնահատականներ կտա երկրում ստեղծված իրավիճակին: Սա պարզապես ենթադրություն չէ: Խնդիրն այն է, որ հանրահավաքի մասին իրազեկող հայտարարության կամ թռուցիկի մեջ արդեն իսկ ուրվագծվում է հիմնական ասելիքի շրջանակը. «Արտաքին քաղաքական մարտահրավերների դիմագրավման կատարյալ ձախողում, ապօրինի եւ անհիմն թանկացումներ, երկրի զինված ուժերը կլանած քրեական բարքեր ու կոռուպցիա, ազգային դիմագծի հիմք հանդիսացող հայոց լեզվի վտանգում»: Ինչպես կարելի է նկատել, որեւէ գործողության, ընդդիմության անելիքների մասին որեւէ ակնարկ չկա: Իսկ այդ գնահատականները ներկայացնելու համար բոլորովին պարտադիր չէ հանրահավաք հրավիրել: Սպասենք եւ տեսնենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter