HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ի՞նչ են փնտրում էլեկտրոնային սպառողները

Մեր օրերում Ինտերնետը դարձել է աշխարհի բնակչության առօրյայի անփոխարինելի բաղադրիչը: Ինտերնետի ամենակարեւոր հատկանիշը տարատեսակ տեղեկատվության անարգել տարածումն է: Հատկապես Հայաստանում, ուր հեռուստաէկրաններից մատուցվում է միակողմանի եւ սահմանափակ տեղեկատվություն, իսկ տպագիր մամուլը օբյեկտիվ պատճառներով չի կարող ստանձնել հեռուստատեսության գործառույթները, Ինտերնետն ընկալվում է որպես տեղեկատվության այլընտրանքային աղբյուր:

Արդյո՞ք Հարավային Կովկասի երկրների բնակիչներն Ինտերնետն օգտագործում են տեղեկատվական բացը լրացնելու համար: Alexa (www.alexa.com) տեղեկատվական կազմակերպությունը հնարավորություն է տալիս պարզել, թե որ ափերով են լողում համաշխարհային ցանցից օգտվող մարդիկ: Ընդ որում` առավել հաճախ այցելվող կայքերը հնարավոր է պարզել ըստ երկրի, ըստ ոլորտի եւ ըստ լեզվի:

Փոքրիկ հետազոտության համար որոշեցինք ուսումնասիրել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում առավել մեծ ռեյտինգ ունեցող կայքերի ցանկը:

Պարզած տեղեկությունները որքան կանխատեսելի են, նույնքան նոր, հետաքրքրիր փաստեր են բացահայտում: 

Հարկ է նշել, որ երեք երկրների բնակչության նախասիրությունները շատ չեն տարբերվում միմյանցից: Երեք երկրներում էլ մեծ տեղ են գրավում այցելությունները զանազան որոնման համակարգեր, բլոգեր, ֆորումներ, ծանոթությունների, աշխատանքի որոնման, ֆիլմերի, երաշտության եւ խաղերի բեռնավորման կայքէջեր: Փոխարենը քիչ են այցելությունները լրատվական, տեղեկատվական էլեկտրոնային թերթեր եւ կայքեր:

Հայաստանում «լավագույն հնգյակը» ամփոփում է էլեկտրոնային փոստի Mail.ru կայքը: 4-րդ տեղում Google որոնման համակարգի հայկական տարբերակն է` Google.am: 3-րդ, 2-րդ եւ 1-ին տեղերում գտնվում են համապատասխանաբար Facebook, Odnoklassniki.ru եւ Google.com  կայքերը:

Ադրբեջանում «լավագույն հնգյակն» այսպիսին է. 

5. Google.com
4. Yahoo.com
3. Google.az
2. Odnoklassniki.ru
1. Mail.ru

Եւ Վրաստանում`

5. Google.com
4. Google.ge
3  Mail.ru
2. Yahoo.com
1. Odnoklassniki.ru

Երեք երկրների էլեկտրոնային «սպառողների» նախընտրությունների շարքում են նաեւ YouTube, Rambler, Yandex, Wikipedia, Blogger.com, Flickr, Skype, LiveJournal, Regnum, Windows Live Microsoft Network (MSN), EBay, Amazon կայքերը:

Odnoklassniki.ru կայքից օգտվողների մոտ 67 տոկոսը Ռուսաստանից են: Բացի հետխորհրդային տարածաշրջանի հանրապետություններից` այստեղ այցելում են նաեւ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Իսրայելից: Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը կայքից օգտվող երկրների շարքում զբաղեցնում են համապատասխանաբար 7, 8 եւ 9-րդ տեղերը: Վերջին 30 օրերի ընթացքում կայք է այցելել ընդհանուր առմամբ 36.393.000 այցելու:

Եթե համեմատենք, թե Հարավային Կովկասի երկրներից որտեղ են ավելի շատ կարդում էլեկտրոնային թերթեր եւ տեղեկատվություն, Ադրբեջանն առավելություն կունենա իր հարեւանների հանդեպ: Այսպես` բացի ադրբեջանական Day.az, Lent.az, musavat.com (Yeni Musavat qəzet), Bakililar.az, 1news.az կայքերից, ադրբեջանցիները էլեկտրոնային տարբերակով կարդում են նաեւ CNN, BBC, Gazeta.Ru, ինչպես նաեւ թուրքական Milliyet, Hurriyet, ZAMAN թերթերը: Ընդ որում` ադրբեջանական Day.az-ը Ադրբեջանի տարածքից ամենաշատն այցելվող կայքերի շարքում գտնվում է 9-րդ հորիզոնականում:

Հայաստանում ամենաբարձր հորիզոնականում (22) հանդիպող առաջին տեղեկատվական կայքէջը ռուսական Lenta.ru-ն է: 29-րդ հորիզոնականում գտնվում է Ա1+-ը, 41-ում` panorama.am-ը, 99-ում` Armtown.com:-ն է: Հայաստանից այցելում են նաեւ հարեւան հանրապետության Day.az (40-րդ հորիզոնական), ինչպես նաեւ BBC-ի (72) կայքէջեր:

Վրաստանում, ըստ alexa.com-ի, ամենաբարձր հորիզոնականում (23) հանդիպող առաջին տեղեկատվական աղբյուրը վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի կայքէջն է (rustavi2.com): 43-րդ տեղում CNN.com-ն է, 85-ում` Lenta.ru-ն: Հետաքրքրությունը այլընտրանքային տեղեկատվության նկատմամբ հարեւան Վրաստանում այսքանով սահմանափակվում է:

Երեք երկրների էլեկտրոնային նախասիրությունների ուսումնասիրությունը նաեւ հետաքրքիր մանրամասներ է բացահայտում: Հարեւան հանրապետություններից, օրինակ, բավական շատ են այցելությունները չինական կայքէջեր` առեւտրային կայքէր, որտեղից կարելի է գնել չինական արտադրության հագուստ եւ տեխնիկա, ինչպես նաեւ գտնել անիմացիոն նկարներ եւ մուլտեր: Ճիշտ է, անհասկանալի է, թե ինչպես են մեր հարեւանները կարողանում օգտվել կայքէջերից, որովհետեւ դրանք բացառապես չինարեն են:

Հայաստանի տարածքից այցելում են իրանական balatarin.com (92) կայքէջը, որտեղ կարելի է գտնել լուրեր, ինչպես նաեւ կայքի միջոցով դուրս գալ այլ ինֆորմացիոն էլեկտրոնային աղբյուրների, շփվել բլոգերում: Էջը, սակայն, հասանելի է միայն պարսկերեն լեզվով:

Մեր հանրապետությունից այցելվող կայքերի ցանկում 93-րդ հորիզոնականում է գտնվում Google որոնման համակարգի հունական տարբերակը (Google.gr): Ընդ որում` Google.gr-ն 100-րդ հորիզոնականից 93-րդ է բարձրացել վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բնակիչներն ընդհանրապես քիչ են այցելում նաեւ պետական հիմնարկների պաշտոնական կայքեր: Եվ հավանաբար միայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է ստիպել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներին այցելել իրենց երկրների Կենտրոնական բանկերի կայքեր (cba.am, nba.az): Իսկ Վրաստանում այցելում են ոստիկանության եւ խորհրդարանի պաշտոնական կայքեր:

Ճիշտ է, սխալ կլինի պնդել, որ Հարավային Կովկասի երկրներում այլընտրանքային տեղեկատվություն չեն փնտրում, չեն գտնում եւ չեն տարածում: Երեք երկրներում, ինչպես եւ ողջ աշխարհում տարածում գտած ֆորումները եւ բլոգերը իրականում ավելի մեծ հնարավորություններ են տալիս տեղեկատվության տարածման տեսանկյունից: 

Ֆորումներից եւ բլոգերից, օրինակ, կարելի է տեղեկատվություն ստանալ ավելի շուտ, քան դրա մասին կհասցնեն գրել էլեկտրոնային լրատվամիջոցները: Ավելին, ֆորումները եւ բլոգերը համարվում են տեղեկատվական քարոզչության ուժեղ գործիքներ: Այսպես կոչված «նոր մեդիան» գալիս է եթե ոչ փոխարինելու, ապա լրացնելու հին մեդիային` ապահովելով ինֆորմացիոն դարի ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter