HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանդ Կատարիկեան

Աղթամարյան ոդիսական. արդյոք ոսկե հնարավորությո՞ւն բաց թողնվեց

Ահռելի թվով հայերի ներկայությունը սեպտեմբերի 19-ի պատարագին կարող էր զրոյի հավասարեցնել թուրքական «շոուն» Վանա լճի ափի ավտոկայանատեղին, որը նախատեսված էր Աղթամար կղզի լաստանավով գնալ պատրաստվող այցելուների համար, կիսադատարկ էր, երբ մեր միկրոավտբուսը սեպտեմբերի 19-ի առավոտյան` մոտ ժամը 9-ին, տեղ հասավ:

Զգալի թիվ կազմող թուրք ոստիկանները ուղղորդում էին երթեւեկը եւ շտապեցնում այցելուներին անմիջապես մոտենալ սպասող նավերին, որոնք նրանց 30 րոպեում կհասցնեն Աղթամար:

Հայաստանցի տասը լրագրողից կազմված մեր խումբը, որը Թուրքիա էր այցելում «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած եւ ֆինանսավորած «Թուրք-հայկական երկխոսություն» ծրագրի հովանու ներքո, դեպի նավը շարժվեց` անցնելով զբոսաշրջիկների համար նախատեսված մանր-մունր զարդեր վաճառող տեղացիների կրպակների միջով: Ես փոքր-ինչ անհանգստություն էի զգում նրանից, թե ինչ է մեզ սպասում Վանի կապույտ ջրերում ուրվագծվող կղզու վրա: Զբոսաշրջիկների համար նախատեսված բրոշյուրը, որը մարդուն հարկադրաբար հրամցնում էր Վանի հետաքրքրաշարժ վայրերը, կարելի էր ձեռք բերել քաղաքի փոքրաթիվ հյուրանոցներում: Բրոշյուրը բնութագրում է Վանը որպես «ժառանգված ուրարտացիներից, որոնք քրդերի նախնիներն են»: Արդյո՞ք սա նշանակում է, որ հայերն ու քրդերը եղբորորդիներ են կամ նման մի բան: Ընթերցողը թող որոշի... Բարեբախտաբար, ինչ վերաբերում է Աղթամարին կամ «Ակդամարին - Akdamar» (թուրքացված տարբերակ), բրոշյուրում նշվում էր, որ Սբ. Խաչ տաճարը կառուցվել է 10-րդ դարում եւ մինչեւ 1895-ը ծառայել է որպես Աղթամարի կաթողիկոսության նստավայր: Բնականաբար, այնտեղ չի նշվում, թե ինչու այն փակվեց, կամ ինչու շրջանում ապրող հայ քրիստոնյաները հանկարծ անհետացան: Ես չգիտեի, թե ինչպես պետք է հասկանալ բրոշյուրի` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին առնչվող, Վանի նոր պատմությունը ներկայացնող հետեւյալ հատվածը. «Վան քաղաքը եւ դրա բնակիչները մեծ վնասներ ու կորուստներ են կրել Առաջին համաշխարհային պատերազմի կոնֆլիկտների ժամանակ: Պատերազմից հետո 70.000 բնակչությունը նվազեց` հասնելով 10-15.000-ի: Առաջին համաշխարհային պատերազմի օկուպացիների եւ անարդար իրադարձությունների հետեւանքով քաղաքն ավերակի վերածվեց: Նոր քաղաք կառուցվեց մեկ այլ վայրում»:

Այցելուներին կղզի տանող լաստանավերը լիքն էին. յուրաքանչյուրի մեջ մոտ 80 ուղեւոր կար: Երբ զբաղեցրինք մեր տեղերը, ականջիս խոսակցություններ հասան թուրքերենով եւ հայերենով, հիմնականում արեւմտահայերենով: Ստամբուլում ապրող հայերը, ինչպես նաեւ քաղաքի նախկին բնակիչները, ովքեր հիմա ապրում են Եվրոպայի տարբեր երկրներում, Ամերիկայում եւ հեռավոր Ավստրալիայում, կարծես մեծամասնություն էին կազմում: Երբ իջանք նավից, մեզ դիմավորեց զբոսաշրջիկների համար նախատեսված ցուցանակը, որը միայն նշում էր, որ տաճարը հայ ճարտարապետ ոմն Մանվելի աշխատանքն է, ով կրոնական համալիրը կառուցել է Վասպուրականի թագավոր Գագիկի համար: Պաշտոնապես ահա այդքան հայկական ինքնություն է «հատկացված» դրան: Տաճար տանող, 300 ոտնաչափ երկարություն ունեցող քարքարոտ արահետը եզերված էր մասուրի թփերով, եւ ինձ ասացին, որ հայերի նման, տեղացի քրդերը եւս օգտագործում են այս առողջարար բույսը: Հասնելով տաճար` տեսանք, որ հսկայական էկրաններ կային, որոնք պետք է հեռարձակեին ներսում տեղի ունենալիք պատարագը: Տաճարի ներսում միաժամանակ կարող են տեղավորվել միայն սահմանափակ թվով այցելուներ:

Բարձրախոսներից շատ ուժեղ երաժշտություն սկսեց հնչել, եւ շատերը տապից պատսպարվեցին դրսում տեղադրված վրանների ամպհովանիների տակ: Եկեղեցու շուրջը քայլելով եւ հասնելով մուտքին` հայացքս ընկավ «աղմկահարույց» խաչի վրա, որը տեղադրված էր քարե պատվանդանին: Մարդիկ խմբվում էին այդտեղ` սպասելով, որ իրենց հերթը հասնի` նկարվելու երկաթե հսկայական սեւ խաչի հետ: Երեւանցի ընկերներիցս մեկը, ով խոսել էր Վանի նահանգապետի աշխատավայրի ներկայացուցիչներից մեկի հետ, ասաց, որ խաչը գմբեթի վրա կտեղադրվի 1-2 ամսից: Պաշտոնական վարկածը, թե ինչու խաչը չէր կարող տեղադրվել մինչեւ սեպտեմբերի 19-ի պատարագը, այն է, որ երբ եկեղեցին վերանորոգվում էր 2007-ին որպես թանգարան պաշտոնապես բացվելու համար, որեւէ մեկը չէր նախատեսում, որ գմբեթի վրա երբեւէ խաչ կտեղադրվի: Ամբողջ գմբեթը պետք է նորից «բացել», որպեսզի հսկայական խաչը պատշաճ ձեւով տեղադրվի այնտեղ: Վանի ղեկավարության ներկայացուցիչն ընկերոջս վստահեցրել էր, որ Ստամբուլից հայ ճարտարապետների են կանչել` գնահատելու իրավիճակը, եւ նրանք եւս համաձայնել են այս գնահատականին:

Նշեմ, որ սրանից 2 օր առաջ մեր խումբը Անկարայում էր եւ հանդիպեց Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի օգնականի տեղակալ Իսմեթ Յիլմիզին: Պրն Յիլմիզը վստահեցրեց մեզ, որ Թուրքիան տենչում է պահպանել երկրի պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը, եւ որ ամեն ինչ արվում է այս նպատակի համար` նույնիսկ չնայած նրան, որ ծախսերը հսկայական են` հաշվի առնելով ուշադրության կարիք ունեցող հուշարձանների ահռելի քանակը: Բարեհամբույր, բայց «պաշտոնական երեսը» հագած պրն Յիլմիզը փորձ արեց խուսանավել խաչի վերաբերյալ հարցից` հայտարարելով, թե «Ակդամարը» հայկական ճարտարապետության գոհարն է, եւ այն, թե կղզու որ մասում է տեղադրված խաչը, երկրորդական նշանակություն ունի: Նա հավելեց, որ նախարարությունը չի մտահոգվել նրանից, որ հայերի մեծ մասը, ովքեր ծրագրում էին Աղթամար այցելել, այս հիմնահարցի պատճառով հրաժարվեց իր մտադրությունից: Բավականին ծաղրական տոնով պրն Յիլմիզը նշեց, որ տարեկան 20 մլն զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա: Պաշտոնյան շեշտեց, որ Աղթամարի ծրագիրը ճիշտ ուղղությամբ արված քայլ էր, եւ մեզ հորդորեց այսօրվա իրավիճակը համեմատել այն փաստի հետ, որ անցած 95 տարվա ընթացքում կղզում ոչ մի կրոնական արարողություն չի եղել: Իսկ թե որն է դրա պատճառը, նա ասաց, որ սա մի հիմնահարց է, որը պետք է քննարկեն պատմաբանները:

Մենք նրան հարցրինք, թե ինչ կարծիք ունի հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին, եւ արդյոք Անկարայի կողմից այդպիսի տեղաշարժը չէ՞ր նպաստի միջմշակութային երկխոսությանը եւ փոխըմբռնմանը, որն իր նախարարությունն իբր այդքան տենչում է առաջ մղել: Այս հարցին պատասխանելիս նա բարձրացրեց Ղարաբաղի խնդիրը եւ նշեց, որ «թուրք ժողովուրդն է, որ համարում է, որ հայկական ուժերը օկուպացրել են Ադրբեջանի 20%-ը»: Նա ավելացրեց, թե, այո, սահմանը մի օր կբացվի, բայց Ղարաբաղի խնդիրը մնում է այն կետը, որն արգելակում է երկխոսությունը, եւ Թուրքիայի կառավարության արտաքին քաղաքականությունը պետք է հաշվի նստի թուրք բնակչության տեսակետների հետ: Սա այն տեսակետն է, որը մեզ ներկայացվեց նաեւ Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի օգնական Սելիմ Յեների հետ հանդիպման ժամանակ: Պրն Յեները եւս հայտարարեց, որ մինչ Անկարան հետեւում է «Ոչ մի պրոբլեմ հարեւանների հետ» տարածաշրջանային քաղաքականությանը, այն պետք է հաշվի առնի թուրք հասարակության զգացմունքները, երբ հարցը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը: Նա խոստովանեց, որ Բաքուն ահռելի ճնշում է գործադրել Անկարայի վրա, որ այն չվավերացնի արձանագրությունները` առանց Ղարաբաղի ճակատում առաջընթացի: Ուստի, թվում է, թե իրատեսական չէ Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների նորմալացման հարցում որեւէ առաջընթաց ակնկալել մինչ հաջորդ ամառ Թուրքիայում ընտրությունների անցկացումը: Հենց սա է պատճառը, որ դժբախտություն էր, որ Հայաստանից ավելի մեծ թվով հայեր չեն ներկայացել Աղթամարում: Չափազանց մեծ անհրաժեշտություն կար, որ այդ պատմական օրը հայերի հոծ բազմություն լիներ կղզու վրա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բռնած դիրքորոշումը` չմասնակցել պատարագին, հասկանալի է: Տրվել էին խոստումներ, որոնք չիրականացան: Բայց ՀՀ-ում եւ որեւէ այլ երկրում ապրող հայերը շատ պատճառներ չունեին` իրենց ներկայությամբ տեր չկանգնելու Աղթամարի Սբ. Խաչին: Թուրքական ԶԼՄ-ներն իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել էին այս իրադարձությունը լուսաբանելու վրա: Տեղական ու տարածաշրջանային թուրք պաշտոնյաներ եւս Աղթամարում էին: Ինչպիսի եզակի հնարավորություն հայերի համար` հաստատուն կերպով արտահայտելու իրենց մտահոգությունները խաչի եւ, ինչն ավելի կարեւոր է, Աղթամարի տաճարը եւ հայկական մշակութային ու պատմական` դեռեւս գոյություն ունեցող մյուս հուշարձաններն իրենց օրինավոր տերերին վերջապես վերադարձնելու վերաբերյալ:

Սեպտեմբերի 19-ին ամբողջ աշխարհի հայերի համար նաեւ եզակի հնարավորություն էր հավաքվել եւ հանդիպել իրար, խոսել իրար հետ այն մասին, թե ինչ է Աղթամարը խորհրդանշում իրենց` որպես հայերի համար: Ո՞վ գիտի, թե ինչքան ժամանակ կանցնի, մինչեւ նորից նման մի հնարավորություն լինի: Ես հնարավորություն ունեցա հանդիպելու հայերի Հյուսիսային Կովկասից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Գերմանիայից եւ Թուրքիայից: Ես խոսեցի հայերի հետ, ովքեր մեքենայով Մուշի եւ Սասունի գավառներից 250 կմ էին անցել, քանի որ այդ օրը Աղթամարում լինելու անդիմադրելի կարիք էին զգում: Սրանք հայեր են, ովքեր ամեն օր պայքարում են իրենց ինքնությունը պահպանելու համար` չնայած ահռելի դժվարություններին ու ճնշումներին, որոնք գործադրվում են իրենց վրա, որ «լուռ» մնան: Մուշից մի մարդ կար, ով ինձ ասաց, որ ցանկացել է իր 14-ամյա որդուն Աղթամար բերել, բայց հետո հակառակ որոշում է ընդունել: Նա ասաց, որ դա չափազանց վտանգավոր է: Լուրը, որ տղան Աղթամար է այցելել, կհանգեցնի նրան, որ դպրոցում մահմեդական դասընկերները կհալածեն տղային: Ինչքան լավ կլիներ, եթե այս «մոռացված» հայերին ողջուներ հազարավոր եւ ոչ թե մի քանի հարյուր հայրենակից, որոնք երեւացին պատարագին: Ինչպիսի հոգեւոր ու զգացմունքային աջակցություն կլիներ դա նրանց համար: Որոշ հայ, այսպես կոչված, ազգայնականներ եւ իրենց քաղաքական կուսակցությունները փաստարկներ էին ներկայացնում Աղթամար գնալու դեմ, քանի որ իրենք չէին ցանկանում մասնակցել թուրքական կառավարության պատրաստած բեմադրությանը կամ «շոուին»: Ես համամիտ եմ այս մտահոգություններին, բայց, ի վերջո, որոշեցի, որ եթե ավելի մեծ համատեքստում դիտարկես պատկերը, ապա այդ օրը պահանջում էր, որ հայերի հսկայական ու վճռական բազմություն լիներ, որը բավարար կամք ու համարձակություն կունենար օգուտ քաղել ինքն իրեն ներկայացնելու յուրաքանչյուր հնարավորությունից, որքան էլ նողկալի թվան այդ հնարավորությունները: Որոշ քաղաքական կուսակցություններ ամեն ապրիլի 24-ին կարող են հայրենասիրական հրաբորբոք ելույթներ ճառել` պահանջելով վերադարձնել «մեր հողերը», բայց նրանք շատ քիչ բան են անում գործնականում, երբ արդեն պետք է բացատրել, թե որն է այդ հողերի նշանակությունը: Արդյոք նրանք չէի՞ն կարող մի փոքր մասը վերցնել այն գումարից, որը ծախսում են լոբբինգի եւ ապրիլի 24-ի երթերը կազմակերպելու վրա, եւ երիտասարդների մի խումբ ուղարկել Աղթամար:

Ինչպիսի դաստիարակչական ու զգացմունքային փորձառություն կլիներ դա նրանց համար: Նրանք կտեսնեին, թե իրականում ինչ վիճակում են այդ հողերն այսօր: Նրանք Վանում` Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի խաչմերուկում, նաեւ կհանդիպեին հայերի, որոնք եկել էին ամբողջ աշխարհից: Նրանք կտեսնեին իսկական հայրենասերների դեմքերը` այն հայերին, ովքեր դեռ ամուր կապված են Մուշում ու Սասունում գտնվող իրենց տներին եւ արմատներին: Նրանք կտեսնեին Հայաստանից եկած այն 20 աստվածավախ կանանց, ովքեր ժամերով աղոթեցին տաճարի մուտքի կողմում` երբեք չլքելով իրենց տեղը: Այդ օրը նրանց համեստ աղոթքները ավելի քան լցրին այն բացը, որն առաջացրել էր պաշտոնական Էջմիածնի բացակայությունը: Եվ հավատացեք ինձ, որ այս կանայք ավելի մեծ տպավորություն գործեցին տեղացի թուրք ոստիկանների եւ ԶԼՄ-ների վրա, քան որեւէ քահանա երբեւէ կարող էր գործել: Այդ օրն Աղթամարում ներկա լինելով` այս փոքրաթիվ հավատացյալներն ասացին աշխարհին, որ Աղթամարը պատկանում է իրենց եւ ավելի լայն իմաստով` հայ ժողովրդին:

Ի~նչ հրաշալի կլիներ, եթե նրանց թիվը ոչ թե 20 լիներ, այլ 2 հարյուր, 2 հազար: Ինչքա~ն խորհրդանշական կլիներ, եթե ոչ թե ընդամենը 60-70, այլ 600 կամ 700 հայաստանցի այնտեղ լիներ այդ օրը: Ասելու համար, որ մենք Հայաստանում հավակնում ենք Աղթամարին` որպես մեր սեփականությանը, եւ մենք չենք մոռացել այն, ինչ մեզ է պատկանում սահմանի այն կողմում: Մեզ ասում են, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մոտ 40%-ի արմատները գալիս են Արեւմտյան Հայաստանից` Վանից, Էրզրումից, Մուշից, Կարսից, Բիթլիսից եւ անթիվ մոռացված գյուղերից: Կցանկանայի նրանցից ընդամենը մի քանիսին այդ օրը Աղթամարում տեսնել: Համոզված եմ, որ շատերը եւս կցանկանային այնտեղ լինել: Անշուշտ, եթե Անկարան վերաբացեր սահմանը, այս հայերը կկարողանային իրենց նախնիների երկիր գնալ շատ ավելի հարմար ձեւով: Աղթամարը սպասում է նրանց վերադարձին: Հուսանք, որ շուտով մի օր Աղթամարը նրանց կդիմավորի որպես հայկական եկեղեցի, որի գմբեթին խաչ կլինի: Սեպտեմբերի տասնինը մի հնարավորություն էր հայերի համար` այս պահանջները չափազանց հստակ դարձնել աշխարհի եւ պաշտոնական Անկարայի համար: Իմ այս կարծիքը եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող մյուս մտահոգություններս արտահայտեցի CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Պատկերացրեք, եթե ոչ թե 1000, այլ 5000 կամ ավելի մեծ թվով հայեր պատկերվեին CNN Turk-ի թղթակցի տեսախցիկում: Փոխանցված պատգամը շատ հստակ կլիներ` հայերը վերադարձել են եւ պահանջում են այն, ինչ օրինավոր կերպով իրենցն է. նրանք պահանջում են վերջ տալ տասնամյակներ շարունակ թուրքական պետության կողմից ճշմարտության ժխտմանը:

Անգլերենից թարգմանությունը` Սոնա Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter