HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչպես ԲՀԿ-ից ՕԵԿ կերտել, կամ ինչու է հրաժարական տալիս ԱԺ փոխնախագահը

ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ քվոտայով պատգամավոր ընտրված Արեւիկ Պետրոսյանի հրաժարականն այնքան էլ անակնկալ չէր: ԲՀԿ-ն Պետրոսյանից պահանջում էր մի բան, որ էությամբ վարչարար ԱԺ փոխնախագահը չէր կարող տալ` անձնապես եւ ի պաշտոնե նվիրում կուսակցությանը: Արեւիկ Պետրոսյանը երդվյալ բարգավաճական չէր: 2003 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր ՀՅԴ ընտրական ցուցակում: Այդ մասին հրաշալի գիտեր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Սակայն 2007 թ. նոյեմբերին դա չխանգարեց, որպեսզի Իշխան Զաքարյանի` Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո նրան փոխարինելու համար ներկայացվեր հենց Արեւիկ Պետրոսյանը: Սակայն, ինչո՞ւ հենց հիմա առաջացավ ԱԺ փոխնախագահին փոխելու անհրաժեշտությունը: Մի քանի օր առաջ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գրական-խրատական ելույթը ազգային բարեգործների մասին ԲՀԿ-ում ընկալվեց որպես կուսակցության ղեկավարին վարկաբեկելուն ուղղված քայլ: Չնայած այդ ելույթին առանձին ԲՀԿ-ականների հրապարակային հակադարձումներին` Վիկտոր Դալլաքյանն ուժեղ քարոզչական ճնշման չենթարկվեց: ԲՀԿ-ի պարագայում դա խիստ տարօրինակ էր: Ընդամենը մի քանի ամիս առաջ ԲՀԿ-ն պարզապես «հոշոտեց» իրենց ղեկավարին ինչ-որ հարցում քննադատած գործարար, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Նույն մոլուցքով այս կուսակցությունը քարոզչական հալածանքներ սկսեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի նկատմամբ, ով ընդամենը համարձակություն էր ունեցել պատասխանելու երկրի տնտեսական աղետալի վիճակի համար նախարարությանը մեղադրելու` Ծառուկյանի հայտարարությանը: Հասկանալի է` Վիկտոր Դալլաքյանին բարոյապես ոչնչացնելը ԲՀԿ-ի համար մեծ դժվարություն չէր: Սակայն այդ քայլին կուսակցությունը չգնաց: Իսկ դա պատկերացնելի է միայն Դալլաքյանի թիկունքից երրորդ` ավելի հզոր շահագրգիռ ուժերի ականջները շնչառությունն զգալու պարագայում: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի այն մեկնաբանությունները, թե իրենք չգիտեն` որտեղից է «փչում քամին», պարզորոշ ուրվագծում էր, որ ԲՀԿ-ն ուղղակի զգուշացավ: Այն Գագիկ Ծառուկյանին հուշեց, որ կուսակցության դեմ ծավալված դեմարշը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մտնում է որակապես նոր փուլ: ԲՀԿ-ից եկող վտանգն իրական էր միայն մոնոլիտ իշխանություն ստեղծելու հարցում շահագրգռված ուժի` ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի թիմի համար: Վերջինս 2012 թ. խորհրդարանական ընտրությունները դիտարկում է 2013 թ. սպասվող նախագահական ընտրություններին նախապատրաստման շրջանակներում: Գործող իշխանությանն անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ ուժերի այնպիսի դասավորություն, որի պարագայում այսօրվա կոալիցիոն ուժերը 2013 թ. այլ տարբերակ չունենան, քան Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը, եւ բացառվի իշխանական թեւից որեւէ այլընտրանքային թեկնածուի ի հայտ գալը: ՕԵԿ-ի պարագայում ամեն ինչ պարզ է. Արթուր Բաղդասարյանը վաղուց հրապարակավ հայտարարել է, որ նախագահ դառնալու հավակնություն չունի: Ավելին, իշխանությունում համեստ դերակատարությունը պահելու դիմաց ՕԵԿ-ն այս տարվա մարտից Սերժ Սարգսյանի տրամադրությանը հանձնեց իրեն պատկանող երկու` կապի ու տրանսպորտի եւ արտակարգ իրավիճակների նախարարների պորտֆելները: Մինչդեռ ԲՀԿ-ն ՕԵԿ չէ: Խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններում միշտ էլ խնդիրներ առաջացել են, որոնք ուղեկցվել են մանր «ռազբորկաներով», լեզվակռիվներով: Սակայն մինչեւ հիմա դրանք ավելի շատ բեմադրություններ են եղել` ԲՀԿ-ին ընդդիմադիր ուժի կերպար հաղորդելու եւ ընտրողներին մանիպուլացնելու համար: Այս անգամ իրավիճակը բոլորովին այլ է: Ընդդիմադիր դաշտում առկա կոնսոլիդացված ուժի` ՀԱԿ-ի առկայությունը բացառում է ԲՀԿ-ին այլընտրանքային ուժ ներկայացնելու սցենարի կիրառումը: Ըստ էության, այս անգամ քաղաքական պայքարը լինելու է մի կողմից`    ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, մյուս կողմից` այս երկու իշխանական ուժերի եւ ՀԱԿ-ի միջեւ: Վերջինիս գերակտիվացման պարագայում, ինչն այսօր քիչ իրատեսական է թվում, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ցանկացած դեպքում կարող են մեկ ընդհանուր ճակատ կազմել: Սակայն, մինչ այդ տեղի է ունենալու դիրքային պայքար ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: ՀՀԿ-ն փորձելու է նվազեցնել ԲՀԿ-ի քաղաքական կշիռը` խորհրդարանում նրա հաշվին մի փոքր ավելացնելով իր եւ ընդդիմության ներկայացվածությունը: Վերջինը անհրաժեշտ է` երկրում սոցիալական հնարավոր ընդվզումը կասեցնելու եւ, թերեւ, դրսում լեգիտիմության հարցը փակելու համար: Դրան հասնելու համար իշխանությունը գործի կդնի իր կոմպրոմատային եւ վարչական ռեսուրսների զինանոցը` անընդհատ շեշտադրում անելով Գագիկ Ծառուկյանի «տնտեսական» գործունեության օլիգարխիկ բնույթի եւ բարեգործության անհամատեղելիության վրա: Վիկտոր Դալլաքյանի ելույթն այս ուղղությամբ արձակված առաջին եւ ոչ այնքան ուժեղ կրակոցն էր: Իր հերթին, ԲՀԿ-ն փորձելու է այս ճնշմանը դիմակայելու միջոցներ գտնել: Ընդդիմության հետ համագործակցելու շանսեր Ծառուկյանը չունի, որովհետեւ դա ուղղակի քաղաքական ու տնտեսական ինքնասպանություն կլինի Ծառուկյանի համար: Ստեղծված իրավիճակում նրանից կպահանջվի իր տրամադրության տակ եղած վարչական բոլոր ռեսուրսները ծառայեցնել կուսակցական շահերին: Արեւիկ Պետրոսյանի հրաժարականը, փաստորեն, հենց դրան ուղղված քայլ էր: Գագիկ Ծառուկյանը պարզապես ուզում է ԱԺ փոխնախագահի` իրականում ոչ մի քաղաքական կշիռ չունեցող պաշտոնում տեսնել թեկուզ թույլ վարչարարի, բայց նվիրված կուսակցականի: Դա խորհրդարանում ԲՀԿ-ի քաղաքական ազեդությունը մեծացնելու հայտ է, որը, սակայն, լուրջ դիվիդենտներ հազիվ թե տա կուսակցությանը: Բացի դրանից, ԲՀԿ-ն կփորձի հենարան փնտրել դրսում` մասնավորապես Մոսկվայում, եւ այդ ուղղությամբ ակտիվ փնտրողական գործունեությունը  վաղուց է սկսել` ռեւերանսներ կատարելով ռուսաստանյան իշխող կուսակցությունների, Բելառուսի իշխանությունների հետ հարաբերություններ ստեղծելու միջոցով: Հիմնական նպատակը կլինի դրսում ներկայանալ որպես ցանկացած պահի Սերժ Սարգսյանի իշխանությանը փոխարինելու պատրաստ այլընտրանքային ուժ: Եվ եթե դա հաջողվի, ապա, թերեւս, կերաշխավորվի նաեւ խորհրդարանում ԲՀԿ-ի լուրջ ներկայացվածությունը: Ամեն դեպքում, դիրքային այս խուլ պայքարն արդեն սկսված է, որը խոստանում է լինել ներփակ` նյարդային սուր նոպաների արտահայտմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter