HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրիքի փողը` ալյուրին. Հովհաննիսյանները 5 տարի է` Նոր տարի չեն նշում

Գետնին դրված էլեկտրական վառարանում հացն է թխվում: 4-5 երեխա վառարանի շուրջբոլորն է պտտվում: Վառարանի վարդակից պայթյուն է լսվում, տանտիկին Ժանետան վախից ճչում է: «Ոչինչ, ինչ-որ բան կառոտկի գնաց»,- նման երեւույթներին սովոր` հանգստացնում են տնեցիները:

Հովհաննիսյանների բազմանդամ ընտանիքը, այդ թվում` դուստրն իր 4 երեխաներով, մեկ տան մեջ են ապրում` Գեղարքունիքի մարզի Շատվան (նախկինում`  Նարիմանլու) գյուղում: Ժանետան այդ օրն է միայն տանը, արագ-արագ հաց է թխում, որ 10-հոգանոց ընտանիքը կերակրի: Մնացած օրերին նա աշխատում է: Աշխատում է, որ ինչ-որ բան տուն բերի, թոռներին կերակրի, սոված չմնան: Դեռ վարկ էլ ունեն փակելու, բայց դրա մասին տիկին Ժանետան ամենաքիչն է մտածում, հացի խնդիր ունի լուծելու:

Վարկի մասին մտահոգվում է տանտերը` Հովհաննես Հովհաննիսյանը: 53-ամյա Հովհաննեսը  դժվարությամբ հիշեց բանկի անունը, որտեղից վարկ է վերցրել: «Մարտունու բանկից եմ վերցրել»,- ո՞ր բանկից եք վարկ վերցրել հարցին համառորեն նույն պատասխանն էր տալիս: Հովհաննիսյաններից դժվարությամբ կարողացանք ճշտել նաեւ վարկի պայմանները:

Սկզբում ասացին, որ կովն են գրավ դրել, հետո պարզվեց` երաշխավորներով է վարկը վերցրել: Պարզապես հույսը կովի վրա է դրել, որ անհրաժեշտության դեպքում ծախի ու փակի վարկը: Կովն էլ անցյալ տարի հիվանդացել եւ սատկել է: «Կովը որ մնար, գոնե կծախեի, մայր գումարի կեսը գոնե կտայի»,- գլուխը աջ ու ձախ անելով` ասում է Հովհաննեսը:

Տան անդամների համատեղ ջանքերով վարկային պատմության պատկերն ամբողջանում է. երկու տարի առաջ Հովհաննիսյանները 1000 դոլար վարկ են վերցրել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից, գարու սերմացու գնել ու վարուցանք արել: Ցանած գարին երաշտը տարել է: Հովհաննես Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել գյուղական խորհրդին, որ ոչ բերք է ստացել ցանածից, ոչ էլ` սերմ: «Կոմբայն չէր կարող մեջը մտնել, հողից 10 սմ էր բարձր»,- հիշում է Հ. Հովհաննիսյանը:

Տոկոսները մարել է, իսկ մայր գումարը չի կարողացել մարել: Բանկը Հովհաննիսյաններին դատի է տվել: Գործը դատարանում է: Երաշխավորներին պարտավորեցրել են մարել Հովհաննիսյանների վարկը: Կմարե՞ն, թե՞ ոչ, Հովհաննեսը դեռ չգիտի:

Հովհաննեսը եւ որդին` բանակից նոր վերադարձած Հայկը, օրական 3000 դրամով գյուղացիներից ոմանց կովերն են հանդ տանում, որ ապրել կարողանան: 1,5 հա հողը ամայի մնացել է, չեն մշակում: Հովհաննեսը սերմացու չի ունեցել. «Դե որ տուժվել եմ, ո՞նց ցանեմ, ո՞վ կտա ինձի սերմ»:

Շատվանը սողանքային գոտում է: 3 տարի առաջ տեղի ունեցած 7-բալանոց երկրաշարժից Հովհաննիսյանների տան պատը մեծ ճաք է տվել: Հիմա նրանք միայն երկու սենյակ են օգտագործում, բայց վթարային մասեր երեխաները անարգել ելումուտ են անում: Մի սենյակը չօգտագործելու պատճառով տան անդամների մի մասը հատակին է քնում: Տատը հոգ է տանում, որ գոնե երեխաները մահճակալներին տեղավորվեն:

«Իմ ապրուստը էս ա: Ես ամբողջ օրը սրա դուռ, նրա դուռ կով եմ պահում, թրիք եմ թափում, որ կարենամ բերեմ, հասցնեմ հաց ստեղծեմ, որ իմ էրեխեքին պահեմ»,- ասում է Ժանետան:

Թրիք թափելու համար նրան ոմանք 3000 դրամ են վճարում, մյուսները` երբեմն ավելի շատ: Այդ փողով տանտիկինը ալյուր է գնում: Երբեմն «գործատուները» Ժանետային գումարի դիմաց անասունների չորացրած թրիքն են տալիս, որով էլ Հովհաննիսյանները ձմեռը «յոլա են գնում», տունը աթարով են տաքացնում: Հովհաննեսն էլ ժամանակին ուրիշների գոմերում թրիք է թափել, բայց հիմա առողջությունը չի ներում. բրոնխները հիվանդ են, գոմում չի կարող աշխատել:

Հովհաննիսյանների ճաշացանկը ապուրներով է հարուստ` բրնձով, մակարոնեղենով: Միսը ճոխություն է նրանց համար: Ծնունդներ չեն նշում: 5 տարի է` Նոր տարի չեն նշում: «Մի թեթեւ հերու եմ արել, էն էլ որտեղ որ աշխատել եմ, ամենքը մի բուռ տվել են, որպեսզի թոռնիկներս, տղես չընկճվեն, բերել եմ, սարքել եմ, ուրախացել են»,- ասում է տիկին Ժանետան:

52-ամյա Ժանետայի մազերն ամբողջությամբ սպիտակ են, ինչպես ինքն է բնորոշում` ոնց որ «ձյունը դրած»: Տարիքից անհամեմատ մեծ է երեւում, դեմքը` մշտապես տան հոգսը կրելու ծանրությունից կնճռոտված: Շուտ է հոգնում, սիրտը վատառողջ է, ցավում է: Բայց դեռ այնքան գործ ունի անելու. 3-ամյա Սիրունիկը անկյուն կանգնելու է արժանացել քրոջ` Սոֆյայի շորերը ջուր անելու համար, հիմա տատը պետք է թոռան շորերը փոխի, որ մեկը չմրսի, մյուսը` չպատժվի: Վառարանից էլ ամբողջ տնով մեկ վառված հացի հոտն է տարածվել:                                                            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter