HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Սարքվող ու տապալվող կուռքերի ժամանակները

ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Բալասանյանի թեկնածության առաջադրումը նույնքան օրինաչափ էր, որքան այդ պաշտոնից Արեւիկ Պետրոսյանի հետկանչը. երկու գործընթացն էլ որեւէ տրամաբանության չեն ենթարկվում: Որքան Արեւիկ Պետրոսյանն էր «երդվյալ» ԲՀԿ-ական, նույնքան` Սամվել Բալասանյանը, ով 2007 թ. ՕԵԿ-ից դուրս գալուց հետո ընդամենը այս տարվա մայիսին է անդամագրվել ԲՀԿ-ին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն օրեր առաջ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Բալասանյանի առաջադրումը բացատրեց խորհրդարանում ԲՀԿ-ն ակտիվացնելուն ուղղված նոր մարտավարության որդեգրմամբ: Թե ինչպես է նախկին ՕԵԿ-ական Բալասանյանն ակտիվացնելու կուսակցությունը, դժվար է անգամ երեւակայել: ԲՀԿ-ն հույսը, թերեւս, դրել է կուրծք ծեծելու նրա նախանձելի թատերական վարպետության վրա, որը ԱԺ փոխնախագահի պաշտոնի բարձրությունից շատ ավելի ողորմելի ու զվարճալի է երեւալու: Բալասանյանի առաջադրումն իրականում ավելորդ անգամ մատնում է ԲՀԿ-ի կադրային սնանկությունը, ինչը Գագիկ Ծառուկյանին դրդում է դիմելու անտրամաբանական քայլերի: Իսկ դա իր հերթին, չնայած կուսակցության բազմանդամությանը եւ ունեցած ազդեցությանը, բացահայտում է ԲՀԿ-ի չկայացվածությունը: Նման խնդիր ունեն նաեւ կոալիցիոն մյուս կուսակցությունները` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Մեծ հաշվով, այս իրավիճակը հատուկ է հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններին: Ըստ էության, Հայաստանում կա քաղաքականություն` առանց կուսակցությունների, կամ հակառակը` կուսակցություններ` առանց քաղաքականության: Օրեր առաջ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ամենայն լրջությամբ հայտարարեց. «Նոր ուժ կարող է ստեղծվել ընդամենը 6 ամսվա ընթացքում: Դրա համար պետք է փորձառու մասնագետներ գան, համապատասխան գործընթաց ձեւավորեն, համապատասխան քարոզչություն անեն եւ ձեւավորեն այդ ուժը: Դա խնդիր չէ, կուսակցություն ստեղծելը գրագետ մասնագետների աշխատանքի արդյունք է»: Քաղտեխնոլոգը համեստորեն թերագնահատում է մեր հնարավորությունները: Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր գրանցված է 74 կուսակցություն: «Կուսակցությունների մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2002 թ. օգոստոսից եւ գործում է արդեն 8 տարի: Այսինքն` Հայաստանում նոր ուժերը ձեւավորվում են միջինը գրեթե յուրաքանչյուր ամիս: Եվ դրա համար բացարձակապես մասնագետների կարիք չկա: Այլ կերպ ասած` Հայաստանում ամեն ամիս մի նոր գաղափարախոսություն, երկիրը փրկելու մի նոր ծրագիր կամ ռազմավարություն է ի հայտ գալիս: Այլ հարց է` դրանք ունե±ն հասարակական պահանջ: Որպես կանոն` Հայաստանում կուսակցությունները ձեւավորվում են առանձին անհատների շահերը սպասարկելու համար կամ ուղղվում են դրան: Օրինակ` Միքայել Բաղդասարովի կամ Բարսեղ Բեգլարյանի նման օլիգարխները կարող են կուսակցություն ստեղծել իրենց տնտեսական շահերը պաշտպանելու համար: Նույն տրամաբանությամբ ԲՀԿ-ն կոչված է սպասարկելու Ծառուկյանի շահերը, ՕԵԿ-ը` Արթուր Բաղդասարյանի, ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի, «Նոր ժամանակները»` Արամ Կարապետյանի, «Ազգային միաբանությունը»` Արտաշես Գեղամյանի եւ այլն: Այս մարդիկ ոչ թե կուսակցությունների լիդերներն են, այլ` տերերը: Նրանց լինել-չլինելուց է կախված` կլինի՞ տվյալ կուսակցությունը, թե՞ ոչ: Նրանք ըստ համակրանքի, անձնական վերաբերմունքի են որոշում` իշխանություն լինելու պարագայում, օրինակ, ով է ակտիվացնում կուսակցությունը, ով` ոչ, կամ ով ինչ չափով է համապատասխանում որեւէ պաշտոնի: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, օրինակ, ԱԺ փոխնախագահի պաշտոնում նոր թեկնածուի առաջադրման մասին խոսելիս ասում է. «...պարոն Ծառուկյանը կներկայացնի թեկնածուին, քաղխորհուրդը կհաստատի, եւ դրա մասին կիմանա մեր հասարակությունը»: Այսինքն` քաղխորհրդի ֆունկցիան միայն ղեկավարի ներկայացրած թեկնածությունները հաստատելն ու կայացրած որոշումները վավերացնելն է: Այսպիսի կուսակցություններում ղեկավարներն առանց չափազանցության կուռքեր են: Բավական է կործանել այդ կուռքը, եւ ողջ կուսակցությունն ինքնաբերաբար կփլուզվի: Դրա համար էլ որքան հեշտ է դարձել կուսակցություն ստեղծելը, նույնքան էլ դյուրին` դրանք տապալելը: Օրինակ` ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Զոհրաբյանը համոզվածությամբ ասում է, որ եթե իրենք ցանկանային թուլացնել ԲՀԿ-ն, այն անպայման կթուլանար: Եվ դա, իսկապես, այդպես է. բավական է մի քանի կոմպրոմատներ օգտագործելով կաշկանդել Գագիկ Ծառուկյանին, եւ գործնականում ԲՀԿ-ն կդառնա քաղաքական դիակ, կսկսվի առնետավազքի հերթական մրցաշարը: 2007 թ. ՕԵԿ-ն անցավ այդ մղձավանջով, երբ Արթուր Բաղդասարյանին հեղինակազրկելուց եւ ԱԺ նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո կուսակցությունը կանգնեց անդունդի եզրին: Նույն կերպ արդեն շարքից դուրս են եկել ԱԺՄ-ն, «Ազգային միաբանությունը», ՍԻՄ-ը եւ այլն: Հանրային գիտակցության մեջ քաղաքական պայքարը տրանսֆորմացվել է անհատների միջեւ ընթացող պայքարի: Ոչ թե ասում են` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն են մրցակցության մեջ, այլ` Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Արդյունքում գաղափարական հենքի վրա ձեւավորված կուսակցությունները կորցնում են հասարակական պահանջարկն ու արագ մարգինալացվում: Ըստ էության, քաղաքական դաշտում ընթանում է տոտալ ապագաղափարականացման գործընթաց: Գաղափարական հենքի վրա ստեղծված անխտիր բոլոր կուսակցությունները հայտնվել են լրջագույն ճգնաժամի մեջ, որից ելք առայժմ տեսանելի չէ: Այդ վիճակում են ազգային պահպանողական թեւում` ՀՅԴ-ն, ազգային ազատական թեւում` «Ժառանգությունը», լիբերալ-դեմոկրատական թեւում` ՀՀՇ-ն, սոցիալիստական թեւում` Կոմկուսը եւ այլն: Հասարակական այս մակարդակի ընկալման պայմաններում գաղափարահենք կուսակցություններից եւ ոչ մեկն առանձին-առանձին 2012 թ. խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու շանս չունի: Փոխարենը Աժ-ն գրեթե ամբողջությամբ կազմված կլինի բալասանյաններից, որոնք երբեք իրենց հարց չեն տա, թե ինչու պետք է Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահի պաշտոնում փոխարիներ Տիգրան Թորոսյանին, իսկ Սամվել Բալասանյանը` Արեւիկ Պետրոսյանին: Էական կլինի միայն չմոռանալ, թե ով է տերը, եւ որն է տերերին փոխելու ամենաճիշտ պահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter