HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանդայի գործով 5 հոգի, այդ թվում՝ հայտնի գործարարը կալանավորվել է

Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 4 անձ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են` 1979 թ.-ին ծնված Արամ Հայրապետյանը, 1980 թվականին ծնված Դավիթ Գալստյանը, 1968 թվականին ծնված Սամվել Դավթյանը և 1989-ին ծնված Արթուր Մանուկյանը: Վերջիններս կասկածվում են Հանրապետությունում կատարված աղմկահարույց մի քանի ծանր հանցագործություններ՝ բռնության գործադրմամբ ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Կասկածյալները, որոնց գլուխները սեւ պարկով ծածկված են եղել, դատարան են բերվել դիմակավորված հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սեպտեմբերի 24-ին նույն դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ նույն գործի շրջանակներում բավարարել է քննիչի մեկ այլ միջնորդություն և երկամսյա կալանքի որոշում է կայացրել Արտուշ Ռուբիկի Հակոբյանի նկատմամբ:

Շամշյանի տեղեկություններով՝ 1961 թ. ծնված Արտուշ Հակոբյանը նախկինում 6 անգամ դատապարտված (այդ թվում` ավազակային հարձակման համար), Գառնիում գործող հայտնի լավաշի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատերերից է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Մյասնիկյան պողոտայում, ինչպես ոստիկանությունն էր նշել, վնասազերծվել էր կայուն հանցավոր խումբ: Վաղ առավոտյան իրավապահների կողմից հետապնդվող «Մերսեդեսը» ենթարկվել էր վթարի: Այնուհետեւ ավտոմեքենայում գտնվողները փախուստի եւս մեկ անհաջող փորձ էին արել: Արդյունքում նրանցից մեկը՝ «Եթում» մականունով Գուրգեն Հայրապետյանը, ժայռից վար էր ընկել ու մահացել:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter