HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. «Բանդան վնասազերծված է» (տեսանյութ)

2011 թվականին մայրաքաղաքում տեղի ունեցած, առանձնակի հանդգնությամբ աչքի ընկնող ու լավ կազմակերպված ավազակային հարձակումները բացահայտելու նպատակով ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ-քննչական խումբ, որն ամեն օր ամփոփում էր կատարված աշխատանքներն ու արդյունքները զեկուցում ոստիկանության պետին:

Սեպտեմբերի 22-ի երեկոյան օպերատիվ տեղեկատվությունն ամբողջացավ: Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն ստացվեց նաև, որ խումբը պատրաստում է հերթական ավազակային հարձակումը:

Անմիջապես ոտքի հանվեցին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողները:

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում կանգնեցվեց «Մերսեդես-Բենց» մակնիշի, 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմեց փախուստի: Մեքենան բախվեց Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեում տեղակայված շինության դիմացի էլեկտրասյանը:

Վարորդը և ուղևորը, թողնելով ավտոմեքենան, դիմեցին փախուստի և կրակեցին իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ:

Մյասնիկյան պողոտայի սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվեց, վնասազերծվեց և բերման ենթարկվեց Արթուր Մանուկյանը:

Փախուստի դիմած անձանցից մեկը, բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրի վրա, ուղղահայաց ժայռից վայր ընկավ և մահացավ:

Զենքը, որից կրակոց էր արձակվել, չէր հայտնաբերվել. սանրվեց բլրակի ողջ տարածքը, որտեղով փախել էին հանցագործները: Դեպքի վայրի զննությամբ սարալանջի թփուտներից հայտնաբերվեց թմբուկավոր «ՏՕԶ-349» տիպի գործարանային արտադրության ատրճանակ:

Վթարված ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստատեղի տակից հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ՝ փամփշտակալի մեջ մեկ փամփուշտով:

Փախուստի ընթացքում ժայռից վայր ընկած և մահացած, նախկինում չորս անգամ դատված Գուրգեն Հայրապետյանի տաբատի գրպանից ոստիկանները հայտնաբերեցին մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված:

Շարունակելով օպերատիվ գործողությունները՝ ոստիկանները ժամը 8.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից բերման ենթարկեցին նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին: Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվեց թմրանյութ:

Անհրաժեշտ էր ողջ ծավալով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց գաղտնիությունն ապահովելու, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու նպատակով հնարավորինս սեղմվեց իրազեկման շրջանակը, և տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին ժամանակավորապես դադարեցվեց:

Նույն օրը՝ ժամը 16.45-ին, ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին Հովսեփ Հովնանյանին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց մոտ 2 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Հետագա օպերատիվ գործողությունների ընթացքում՝ ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանները խուզարկություն կատարեցին մայրաքաղաքի Ամառանոցային փողոցի տներից մեկում, որը բանդայի հավաքատեղին էր եղել:

Հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ 30 փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ՝ 7 փամփուշտով, «ՏՏ» տիպի ատրճանակ՝ 8 փամփուշտով,«BLOW C 06» տիպի գազային ատրճանակ՝ 5 փամփուշտով, տարբեր տրամաչափի 327 փամփուշտ, նաև դիմակներ, ձեռնոցներ, կպչուն ժապավեն:

Այս ամբողջ ընթացքում ոստիկանության ղեկավարությունը վերահսկում և համակարգում էր օպերատիվ խմբերի աշխատանքը: Բոլոր գործողությունների արդյունքները վերլուծվում և անմիջապես զեկուցվում էին ոստիկանության պետին:

Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 24-ին՝ ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման ենթարկեցին նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նրա գոտկատեղից հայտնաբերվեց և առգրավվեց առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով:

Նույն վայրից բերման ենթարկվեց նաև նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը, որի տաբատի գրպանից հայտնաբերվեց և առգրավվեց մոտ 6 գրամ դեղնականաչավուն հաշիշանման զանգված: Արտուշ Հակոբյանին պատկանող «Համեր» ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց ասպիրին-ուպսա դեղահաբի տուփ՝ դեղնականաչավուն զանգվածով:

ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊ Գ և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ, ավազակային հարձակումներ կատարելու նպատակով, Արտուշ Հակոբյանը և Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել և ղեկավարել են զինված խումբ /բանդա/՝ ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին և Քյարամ Ամոյանին:

Օղակը հանցավոր խմբի շուրջ սեղմվել էր, սակայն չէր թուլանում գործողության օպերատիվ կառավարման լարվածությունը: Չէր կարելի աչքաթող անել ոչ մի մանրուք:

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13.10-ին, Արտուշ Հակոբյանի՝ Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է «Իժ ՍՊԼ» տիպի մեկնարկային ատրճանակ՝ երկու փամփշտակալով՝ 13 փամփուշտով և վեց պարկուճով:

Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաև մի շարք այլ բնակարաններում ու տներում:

Ժամը 13.15-ին խուզարկություններ են կատարվել նաև Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր:

Ժամը 14.00-ին Աշոտ Մարտիրոսյանի՝ Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի՝ նրան պատկանող բնակարանից՝ «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ՝ փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, և տարբեր տրամաչափի 300 փամփուշտ:

Հայտնաբերված զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են: Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են:

Բանդայի հանցավոր գործունեությունը ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումները շարունակվում են:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


Մեկնաբանություններ (1)

GEGHAM
Amen inch shat lav e ,bajc cankali kliner grel te ovker en exel NAVODCHIKNER@ ev gorcox ishxanavorneric um tunn en talanel,,,,,,,,,? Erevi takcnelu ban ka vor svaxum en ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter