HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ոչ թե նամազ, այլ իրավատերերի հետքերը ջնջելու փորձ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կարծիքով` Անիի Մայր տաճարում նամազ կատարելն ամենեւին պայմանավորված չէ այն հանգամանքով, որ հայ հոգևորականները չմասնակցեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին։ «Ես չեմ կարծում, որ դա ընդամենը նամազի արարողություն էր: Դա ընդամենը մի պարզ ուղերձ էր հայ ժողովրդին, որ ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական կամ մահմեդական պաշտանմունքային վայրերը, մշակութային կոթողները պատկանում են Թուրքիային: Սա ընդամենը իրավատերերի հետքերը ջնջելու մի փորձ էր, այնպես, ինչպես կատարվեց ցեղասպանությունից առաջ եւ հետո»,- ասում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ըստ նրա` Մայր Աթոռը որեւէ վերապահում չէր ունենա, եթե թուրքերի համար Անիի Մայր տաճարը նամազ անցկացնելու այլընտրանք չունեցող միակ վայրը լիներ: «Բայց ես ենթադրում եմ, որ մարդիկ փորձել են մզկիթներում աղոթք անել եւ, ըստ երեւույթին, տեսել են, որ լավագույն տարբերակը Աստծո հետ հարաբերվելու հայկական եկեղեցին է»,- կեսկատակ ասում է Մայր Աթոռի դիվանապետը: Հիշեցնենք` Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին իր համակիրների հետ հոկտեմբերի 1-ին հայկական Անիի Մայր տաճարում իրականացրել է ուրբաթօրյա նամազ: Դրանից օրեր առաջ Վանում` Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցիում, մատուցվեց պատարագ, սակայն եկեղեցու խաչը, չնայած թուրք իշխանավորների հավաստիացումներին, այդպես էլ չտեղադրվեց: Ինչո՞ւ քրիստոնյա աշխարհը համարժեք չարձագանքեց այս իրողություններին, ճիշտ այնպես, ինչպես Ղուրանի այրման կապակցությամբ ոտքի կանգնեց եւ բողոքի մեծ ալիք բարձրացրեց մահմենական աշխարհը: «Ես դժվարանում եմ բացատրություններ գտնել: Զերծ կմնամ մեկնաբանությունից եւ ընդհանրացումներից: Ինքներդ պետք է հետեւություններ անեք,- ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ապա հավելեց,- Քրիստոնյա-իսլամ հարաբերությունների շրջագծում երկուստեք ծայրահեղ դրսեւորումներ տեղ գտան: Բայց ես հավատացած եմ, որ երկու ծայրահեղ արտահայտություններն էլ որեւէ առնչություն չունեն կրոնական մաքուր ապրումի հետ: Կրոնական ապրումը ենթադրում է բացարձակ հարգանք նաեւ կրոնական կամ մշակութային այլ միջավայրի, այլ դավանանք ունեցող ներկայացուցիչների սրբությունների, նվիրական արժեքների նկատմամբ: Այս առումով գնահատականը նույնն է թե Ղուրանն այրելու ակցիայի, թե նամազը քաղաքական ակցիայի տեսքով եկեղեցում իրականացնելու վերաբերյալ»: Մայր Աթոռի դիվանապետի խոսքերով` այսօր Թուրքիայում պետական հովանավորություն է վայելում միայն իսլամական կրոնը: Մյուս կրոնական կազմակերպությունները, համայնքները որեւէ ձեւով պետական աջակցություն չեն ստանում: Իսկ այն ժեստերը, որ երբեմն-երբեմն իրականացվում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ, կլինի Հայոց եկեղեցին, թե Հունաց պատրիարքարանը, պարզապես փրկողակներ են` միջազգային հանրության առջեւ Թուրքիայի հեղինակությունը փրկելու հուսով: «Մնացյալ խոսակցությունները շաղակրատանք էր»,- ասում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ինչ վերաբերում է Սուրբ Խաչում պատարագին մասնակցելուց հրաժարվելուն, դիվանապետի ներկայացմամբ, պատճառը միայն եկեղեցու խաչի չտեղադրելն էր: Հիմա այն տեղադրված է, ու եթե տվյալ եկեղեցում որեւէ արարողության մասնակցելու հրավեր կրկին լինի, ամենայն հավանականությամբ, մասնակցություն կլինի: Հիշեցնենք, որ մայր Աթոռին հրավերն ուղարկվել էր Պոլսո պատրիարքարանի կողմից, որի հետ, ըստ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, հարաբերությունները միշտ եղել են ջերմ ու եղբայրական. «Մշտապես Պոլսո հայոց պատրիարքներն իրենց որդիական սերը, նվիրվածությունը հանդես են բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ: Բայց այստեղ կա մի նրբություն. պետք է միշտ նկատի ունենալ պատրիարքարանի գործելու միջավայրը: Այսինքն` Թուրքիան, որը… Ես կարծում եմ` ավելորդ է որակումների դիմել, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում Թուրքիայում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter