HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Երեւանը նոր գրախանութ ունի. բացվել է «Բյուրոկրատը»

«Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնի օրերին Երեւանում բացվել է նոր գրախանութ` «Բյուրոկրատը»: «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային 1-ին փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 1-7-ը հայկական գրատպության 500-ամյակին ընդառաջ, միտված է գրքի արժեւորմանն ու ընթերցանության խթանմանը: Նորաբաց գրախանութում լուսանկարիչները եւ արվեստաբանները հնարավորություն ունեն ձեռք բերելու գերմանական հայտնի Taschen հրատարակչության որակյալ գրքեր արվեստի, լուսանկարչության, ճարտարապետության մասին: Գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ իրենք էքսկլյուզիվ պայմանագիր ունեն ամբողջ տեսականին ներկայացնելու համար: Մելիք Կարապետյանը Taschen հրատարակչության դիստրիբյուտորն է Հայաստանում: Գրախանութում վաճառվելու են նաեւ հայկական հրատարակչությունների գրքեր: «Բացման օրը, բավականին գրքեր ենք վաճառել: Մարդիկ 40 րոպե սպասում էին` գինը ասենք, երբ գինը դեռ խփած չէր,- ասում է երեւանյան նոր գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Այն մտահոգությանը, թե արդյո՞ք գնողունակ հաճախորդների պակաս չի լինի Երեւանում, Սամվելը պատասխանում է. «30 հազարանոց գրքեր էլ են վաճառվել: Օրինակ` հենց հիմա` այս խոսակցության ընթացքում, մի հատ 30 հազարանոց գիրք վաճառեցի»: Գրախանութի տեսականին ներառում է արվեստ, մանկական գրականություն, հայկական թարգմանական գրականություն ու հայկական ժամանակակից գրականություն: Տնօրենի հավաստմամբ` գրախանութը նախապատվություն չի տալու միայն լավ վաճառվող գրքերին: «Դարիա Դոնցովա չենք վաճառելու: Մոտ 200 տեսակ աուդիո գրքեր ենք ունենալու` ռուսերեն: Հայկական աուդիո գրքեր ես եմ արտադրում, 3 գիրք արդեն արտադրել ենք, մի 5-6 գիրք էլ կարտադրենք շուտով: Իմ գրախանութում իմ գրքերը դեռեւս դրված չեն, ժամանակ չունեմ»,- ասաց տնօրենը: «Ի սկզբանե հագուստի բիզնես ունեինք, որը փակեցինք, «Բյուրոկրատ» էր կոչվում: Երբ 2003 թ. անունը դրեցինք «Բյուրոկրատ», բոլորի մոտ զարմանք առաջացավ: Բայց այդ անունը շատ արագ տարածում ստացավ: Երբ 2008 թ. փակեցինք ընկերությունը, ես սկսեցի աուդիո գրքեր արտադրել երեխաների համար, ուզում էի, որ դրանք մի լավ տեղ վաճառվեին,- պատմում է Սամվելը: - Դրանից բացի, ես ունեի այս տարածքը, մտածեցի, որ պետք է բիզնես անեմ, բայց օգուտ տամ, այսինքն` ես ուզում եմ սոցիալական ինչ-որ մի լավ դեր կատարել ու բողոքելու փոխարեն ուղղակի մի լավ բան անել»: «Մեր քաղաքում գրախանութները քիչ են` մի երկու-երեքը: Դժվար է գրախանութ բացել, որովհետեւ դու դեղ, բժշկական պարագաներ չես վաճառում, որ ստիպված բոլորն էլ պետք է գնեն: Ինձ առաջարկում էին անունը դնել «Գրքի տուն», եւ որ այնտեղ ներկայացված լինեին հայկական բոլոր արտադրողները: Բայց ես չեմ հավակնում գրքի տուն դառնալ, ասում էին, թե մարկետինգի առումով դա կլինի ճիշտ քայլ, եւ շուկայում լիդեր կդառնամ: Բայց ես նպատակ չունեմ լիդեր դառնալու: Մենք համեստ, քիչ-քիչ գրքեր կվաճառեն»՚: Գրախանութի սրահներում ամեն ամիս նոր ցուցադորւթյուններ են լինելու, գրաֆիկայի եւ ֆոտոյի ցուցահանդեսներ: «Այն, ինչ որ լավն է` մեր ճաշակով»: «Ինչպես ասում են` գիրքը կազմով չեն դատում: Եվ մեր գրախանութի մասին էլ դրսից նայելով չեք կարող դատել: Պիտի գաք ներս, 30 րոպե անցկացնեք, շփվեք մեր անձնակազմի, գրքերի հետ, հետո արդեն... Ես նույնիսկ ասում եմ` պետք չի գիրքը գնել, թող գան, նայեն: Այստեղ դու կարող ես գալ ու մնալ քո գրքի հետ, ինչը չես կարող անել Երեւանի ուրիշ գրախանութներում»: «Բյուրոկրատի» տնօրենը մեկնում է Գերմանիա` մասնակցելու հոկտեմբերի 6-ից 10-ը անցկացվող «Աշխարհի գրքերի ցուցահանդես»-ին` նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու գրքերի միջազգային խոշոր արտադրողների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter