HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջան-Հայաստան- 2010. Ղարաբաղը խորհրդարանական ընտրական գործընթացներում

Ադրբեջանում, Հայաստանում, Հարավային Կովկասում ներկայումս ընթացող ներքին ու արտաքին գործընթացների մասին են մեր հարցումները ադրբեջանցի ու հայ վերլուծաբանների շրջանում: Առաջիկայում մենք պարբերաբար ընթերցողներին կներկայացնենք նրանց հետ հրատապ թեմաներով կազմակերպած հարցազրույցներն ու նրանց միջեւ հեռակա, ինտերնետային կամ այլ ձեւաչափի քննարկումները

` պատկերացում տալու համար երկու երկրներում առկա կարծիքների ու գնահատականների հնարավորնս ամբողջական պատկերի մասին: «Հանուն Ադրբեջանի» հասարակական միավորման ղեկավար Էլդար Նամազովի եւ քաղաքական վերլուծաբան «3-rd view» տեղեկատավական -վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովի հետ զրույցները Ադրբեջանում ներկայումս ընթացող խորհրդարանական ընտրական գործընթացների ու դրանց վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցության, հրադադարի ամրապնդմանն ուղղված ընդունելի միջոցների մասին են:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

- Ինչո՞վ է տարբերվում ներկայիս նախընտրական շրջանը Ադրբեջանի նախկին խորհրդարանական ընտրություններից:

Է. Նամազով - Մեծ հաշվով սկզբունքային տարբերություններ չկան: Նույնն են մնացել ընտրական օրենսդրությունը, ընտրական վարչակազմը եւ ընտրական պրակտիկան: Հնարավոր է` նախընտրական քարոզարշավների եւ ձայները  հաշվելու ընթացքում ինչ-որ նորություններ լինեն, բայց ամենահավանականն այն է, որ կկրկնվի արդեն կանխատեսելի դարձած սցենարը:

Ռ. Ռաջաբով - Նախընտրական ակտիվ փուլն սկսվեց սեպտեմբերի 19-ին` Միլլի մեջլիսում «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության թեկնածուների ցուցակները հրապարակելուց հետո: Մինչ այդ ԿԸՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում գրանցել էր ընդդիմադիր ընտրական բլոկներին` «Ղարաբաղ», «Հանուն մարդու», «Ժողովրդավարություն», «Իսլահաթ», «ԱԺՃԿ-Մուսաֆաթ»: Թեկնածուների ընդհանուր ցուցակները կազմելու հարցում ամենաշատը դժվարացան «Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցություն-Մուսավաթ» բլոկում: Մինչեւ վերջին պահն այդ կուսակցությունները ձգձգում էին բլոկի ստեղծման գործը եւ ոչ մի կերպ չէին համաձայնեցրել Բաքվի շուրջ 12 տեղամասերի թեկնածուների անունները: Միայն շարքային կուսակցականների կողմից ուժգնացող ճնշումների շնորհիվ այս կուսակցությունների ղեկավարները զսպեցին իրենց հավակնությունները եւ փոխզիջումների գնացին:

- Խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու ի՞նչ իրական հնարավորություններ ունեն Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը, եւ ի՞նչպես դա կարտահայտվի այդ հաջողությունը:

Է. Նամազով - Դժվար է խոսել «իրական» շանսերի մասին, քանի որ ընտրությունները որպես օրենք չեն արտացոլում ներքաղաքական բեմահարթակում ուժերի իրական հարաբերակցությունը: Իրականն իշխանությունների կողմից արդեն վաղուց հայտարարված ցանկությունն է ապացուցելու, որ ընդդիմությունը հասարակության ոչ մի աջակցությունը չի վայելում: Քանի որ ընտրական հանձնաժողովները լիովին վերահսկվում են իշխող կուսակցության կողմից, ապա իշխանական պատկերացումներին համապատասխանող «իրողությունները» վիճակագրական չնչին շեղումներով անց են կացվում ընտրական հանձնաժողովների արձանագրությունների մեջ: Այս իրողությունների արդյունքում 125 տեղանոց խորհրդարանում առաջանում են  3-4 «սյուրռեալիստական» մանդատներ ընդդիմադիր կուսակցությունների համար:

Ռ. Ռաջաբով - Հետաքրքիր է, որ ադրբեջանական ընդդիմության հաղթանակը ցանկալի է նաեւ ՀՀՇ մի շարք ֆունկցիոներների համար, որոնց կարծիքով, եթե Ադրբեջանում հաղթեն ընդդիմադիրներն, ապա շուտով նման բան կկատարվի նաեւ Հայաստանում, եւ երկու երկրների կառավարությունները հեշտորեն կկարողանան լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն ադրբեջանական ընդդիմության հաղթելու շանսերը չնչին են, քանի որ 2005 թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ այն ավելի մարգինալ է դարձել: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է վայելել բնակչության մեծ մասի աջակցությունը, եւ ինչպես հինգ տարի առաջ էր, բավական բարձր են «Ենի Ազերբայջանի» կողմից առաջադրված թեկնածուների` Միլլի մեջլիս մտնելու եւ այնտեղ մեծամասնություն ունենալու շանսերը: Ոչ մի քաղաքական կուսակցություն, բացի իշխող «Ենի Ազերբայջանից» այսօր չի կարողանում կազմակերպել  բազմահազարանոց նախընտրական հանրահավաքներ: Այնուամենայնիվ, ուզում եմ հավատալ, որ 2010 թ. նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան ազատ, ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ: Եվ դա կախված է բոլոր եւ առաջին հերթին` իշխող կուսակցությունից:

- Սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդու իրավունքների հարցերի համեմատ ի՞նչ տեղ է զբաղեցնում պատերազմական հռետորությունը, ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի քաղաքական ուժերի ներկայիս նախընտրական քարոզարշավներում:

Է. Նամազով - Անցած տարիների նման ղարաբաղյան հակամարտության խնդիրը սոցիալ-տնտեսական եւ մարդու իրավունքների հարցերի կողքին կենտրոնական թեմաներից մեկն է: Ընդ որում` իշխանությունների եւ ընդդիմության դիրքորոշումներն այս խնդրում շատ նման են: Մեծ հաշվով եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը բավական քննադատաբար են գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի արդյունքները:

Ռ. Ռաջաբով - Ադրբեջանում ամենեւին էլ բոլորը չեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Այսպես է նաեւ քաղաքական կուսակցությունների դեպքում: Այս օբյեկտիվ հանգամանքը չպետք է զարմացնի ոչ մեկին կամ առաջ բերի անհասկացողություն: Դրա հետ մեկտեղ ուրախացնում է, որ քաղաքական կուսակցությունները բանավեճերի ընթացքում պատերազմական հռետորություն չեն կիրառում: Իսկ ամենակարեւորն այն է, որ ի տարբերություն նախորդ ընտությունների` Ադրբեջանի քաղաքական համակարգի սուբյեկտները ղարաբաղյան հակամարտությունը պոպուլիստական նպատակներով չեն օգտագործում: Եւ քաղաքական գործիչները, եւ քաղաքացիներն օբյեկտիվ են ընկալում խորհրդարանական ընտրությունների գործընթացը:

- Ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկել հակամարտության կողմերը, միջնորդ առաքելությունները հրադադարը պահպանելու եւ էսկալացիա թույլ չտալու համար (հրադադարը խախտող կողմին բացահայտելու նպատակով հետաքննություններ, մշտական դիտորդների ներկայություն, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում, այլ միջոցներ):

Է. Նամազով - Ամենագործուն միջոցը հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումն է: Հենց  դիվանագիտական բանակցությունների մշտական տապալումները, 16 տարվա ընթացքում խաղաղ բանակցությունների արդյունք չտալն է հանգեցնում ռազմաճակատում լարվածության մեծացմանը, փոխհրաձգությունների հաճախակիացմանն ու մարդկային զոհերին: Ձեր թվարկած միջոցներից շատերը նախատեսված են փաստաթղթերում, որոնք քննարկվում են անցած բոլոր տարիների ընթացքում: Առանց այս փաստաթղթերի հանաձայնեցման հնարավոր չէ դրանց կիրառումը: Ուստի ժամանակն է կամք դրսեւորել փոխզիջման, խաղաղ կարգավորման համար: Եթե տեղի ունենան առաջին իրական համաձայնությունները, ապա դա անմիջապես դրական առումով կանդրադառնա զինուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ մեր երկրներում հասարակական կարծիքների վրա:

Ռ. Ռաջաբով - Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական թնջուկն այնպիսին է, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԵՄ-ն եւ ոչ էլ ՌԴ-ն պատրաստ չեն հրաժարվելու հարավկովկասյան տարածաշրջանից` հօգուտ իրենց աշխարհաքաղաքական մրցակիցների: Եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ՌԴ-ին տային ադրբեջանահայկական հակամարտությունն ինքնուրույն լուծելու հնարավորություն, ապա այն կլուծվեր այնպես, ինչպես դա արվեց անցած դարի 20-ական թվականներին: Իր հերթին` ՌԴ-ն առայժմ թույլ չի տալիս ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին խնդիրը հօգուտ իրենց լուծելու: Մյուս կողմից` կարեւոր է ոչ թե հակամարտության լուծումը, այլ այն պայմանները, որոնց հիման վրա էլ կհաստատվի խաղաղությունը: Այսինքն` «Ձեռնտո՞ւ է ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ղարաբաղյան հակամարտության լուծումը» հարցը  կախված է նրանց միջեւ պայմանավորվածությունների դետալներից: Այսպես` հակամարտության լուծումը նախատեսում է բաժանարար գոտում խաղաղարարների տեղակայում: Եթե դրանց շարքում գերակայի ՀԱՊԿ-ն, ապա Կրեմլը կհամաձայնվի նման պայմաններին (խաղաղարարների տեղակայմանը - Լ.Բ), բայց եթե գերակայեն ԱՄՆ-ն եւ առավելեւս` ՆԱՏՕ-ն, ապա ՌԴ-ն դեմ կլինի հակամարտության կարգավորմանը: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ենթադրել, որ կարճաժամկետ հեռանկարում հակամարտության գոտում իրավիճակի զարգացման ամենաիրական սցենարը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստատուս-քվոյի պահպանումը: Ուժերի հարաբերակցության փոփոխության փորձը միայն կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Պատերազմն անկանխատեսելի է. ուստի մեծապես այս պատճառով կողմերը հակվում են դեպի ստատուս-քվոյի պահպանում: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ քաղաքական համաձայնությունը կարող է լինել միայն փաթեթային: Նախ` փոխադարձ անվստահության պատճառով կողմերի մոտ առաջանում է բնական մտավախություն, թե առաջին իսկ զիջումն անմիջապես կօգտագործի հակառակ կողմն իր դիրքերն ամրապնդելու համար, եւ այդ զիջումը կմնա անպատասխան: Ուստի, չվստահելով բանավոր խոստումներին ու հաշվի առնելով միջնորդների տրամադրած վստահության երաշխիքների անբավարար մակարդակը` կողմերը կպնդեն, որ գրավոր ամրագրվեն ձեռք բերվող պայմանավորվածությունները: Սա է պատճառը, որ վերջնական տարբերակը ձեռք է բերելու փաթեթային համաձայնագրի տեսք: Բանն այն է, որ բոլոր քննարկվող հարցերը չեն կարող լուծվել առանց Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու:

- Կողմերի դիրքերի մոտեցման տեսանկյունից ի՞նչ կարող է տալ միջնորդների  վերաձեւումը: Եվ հնարավո՞ր է արդյոք միջնորդների այնպիսի փոփոխություն, որը կարող է դրդել կողմերին գնալու սկզբունքային փոխզիջումների:

Է. Նամազով - Չեմ կարծում, թե բանակցային ձեւաչափի փոփոխության անհրաժեշտություն կա: ՄԱԿ-ը ԵԱՀԿ-ին տվել է բանակցային գործընթացի մանդատ: ԵԱՀԿ-ն ստեղծել է Մինսկի խումբը: ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան (որպես ԵՄ ներկայացուցիչ) համանախագահներ են: Սրան էլ ի՞նչ կարելի է ավելացնել կամ պակասեցնել: Չէ՞ որ Հայաստանը չի համաձայնվի տեղափոխել հարցը Իսլամական կոնֆերանսի կազմակերպություն, իսկ Ադրբեջանը չի համաձայնվի ՀԱՊԿ տեղափոխելուն: Այդ պատճառով ձեւաչափը ճիշտ է ընտրված: Փոփոխել պետք է Մինսկի խմբի մոտեցումը: Եթե կողմերը չեն կարող գալ համաձայնության, ապա Մինսկի խումբը պետք է հանդես գա ոչ թե որպես միջնորդ, այլ արբիտր: Եվ եթե կա ամուր համոզմունք, որ առաջարկված ծրագիրն արդար է եւ համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, ապա այն պետք է հաստատվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կամ Անվտանգության խորհրդում: Միլիոնավոր մարդկանց, տարածաշրջանի ճակատագիրը չպետք է կախված լինի մի խումբ մարդկանցից, որոնք ավելի շատ մտածում են իրենց սեփական ու խմբակային շահերի, քան թե սեփական ժողովուրդների մասին:

Ռ. Ռաջաբով - Հակամարտության լուծման ժամանակ պետք է նվազագույնի հասցնել մասնակիցների եւ միջնորդների քանակը, որոնք կարող են ներգրավվել որպես երաշխավորներ գործընթացի ավարտական փուլում, երբ կկազմակերպվի երկխոսությունը Բաքվի եւ Ստեփանակերտի (Խանքենդիի) միջեւ: Կողմերը պետք է հրաժարվեն «Ամեն ինչ, կամ ոչինչ» կործանարար սկզբունքից, քանի որ այն Ղարաբաղին միայն մեկ այլընտրանք է թողնում. պայքար կամ` ուծացում: Իսկ սա այլընտրանք չէ, սա հենց ինքը` կոնֆլիկտն է: Ոչ մի քաղաքական համաձայնություն չի կարող երկարաժամկետ  ու կայուն լինել, եթե մշակված չլինի երաշխիքների համակարգը, որոնք ռազմական, քաղաքական եւ միջազգային արդյունավետ մոնիտորինգի պատճառով ռազմական գործողությունների վերսկսումը դարձնում են եթե ոչ անհնարին, ապա գոնե դժվար իրագործելի մի քայլ: Այսօր երաշխիքների մակարդակը դեռեւս անբավարար է հրադադարն անդառնալի դարձնելու համար:

Ուստի, հակամարտության լուծմանը զուգահեռ` ԵԱՀԿ-ն պետք է քայլեր անի վստահության միջոցների  եւ անվտանգության երաշխիքների ամրապնդման ուղղությամբ: ԵԱՀԿ-ն պետք է արդյունավետ միջոցներ մշակի հակամարտության դեէսկալացիայի համար. արգելի ավիացիայի, հրետանու, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի օգտագործումը: ԵԱՀԿ-ի կողմից այս զինատեսակների նկատմամբ սահմանած հսկողությունը կնվազեցնի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Այս համալիր միջոցները պետք է գործի դրվեն ընդհուպ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական համաձայնագրի կնքումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter