HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լոռիում գրանցված է 11.244 գործազուրկ, բայց կան թափուր աշխատատեղեր

Օրերս «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր մեդիա-տուր Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ջրաշեն համայնքներում: Նպատակն էր` պարզել միգրացիայի պատճառները` դիտարկելով դրանք սոցիալական հիմնախնդիրների համատեքստում, քանի որ միգրացիան առավելապես սոցիալական երևույթ է: Ինչպես պարզվում է` թե' գյուղական, թե' քաղաքային համայնքներում միգրացիայի գլխավոր պատճառը գործազրկությունն է: Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տվյալներով` Լոռիում այս պահին գրանցված է 13.115 աշխատանք փնտրող քաղաքացի, որից 11.244-ը` գործազուրկ: Վանաձորում գործազրկության մակարդակը 11% է, որը հանրապետության ամենաբարձր ցուցանիշներից է: Հետաքրքիր է, որ մարզում գործազրկությունը բարձր տոկոս է կազմում, և միաժամանակ կան չլրացվող, թափուր աշխատատեղեր: Պահանջարկ կա սպասարկման ոլորտի աշխատողների` բարմենների, խոհարարների, մատուցողների, բայց լոռեցիները նման աշխատանքների չեն համաձայնում: Մարզում պահանջարկ կա հատկապես բժիշկների, բայց վերջիններս էլ հրաժարվում են ցածր աշխատավարձով աշխատել գյուղերում: Կա նաև տեղական բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիր: Բուհերը թողարկում են մասնագետներ, որոնց կարիքը աշխատաշուկայում չկա: Վանաձոր և Սպիտակ քաղաքներում աշխատանքի խնդիրը պայմանավորված է գործարանների բացակայությամբ: Մինչև երկրաշարժը երկու քաղաքներն էլ եղել են արդյունաբերական կենտրոններ, բայց երկրաշարժից հետո ոչ մի գործարան չի վերագործարկվել: Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանը համոզված է, որ եթե «Քիմպրոմը» աշխատի, Վանաձորում աշխատանքի խնդիր գրեթե չի լինի: Բայց գործարանի միայն մի մասն է աշխատում: «Քիմպրոմում» այս պահին զբաղված է ընդամենը 500-600 աշխատող, «Ավտոգենմաշ» գործարանում` 50: Գործազրկության հետևանքով արտագաղթը մեծ չափերի է հասնում Սպիտակում: Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանի խոսքով` բնակիչների բնակարանային գործերի ուսումնասիրության ժամանակ չի եղել մի ընտանիք, որ բացակա անդամ չունենա: Մարզից միգրացիոն մեծ հոսք է նկատվում հատկապես Սպիտակի և Տաշիրի տարածաշրջաններից, որտեղ ցածր է հողի բերքատվությունն ու մշակաբույսերի գնողականությունը: Բերքն էլ կախված է բնության քմահաճությունից. օրինակ` այս տարի կարկուտն ավերեց կարտոֆիլի ցանքատարածությունները, և բերք չստացվեց: Կարտոֆիլի գինն էլ նախորդ տարվա 30-40 դրամից հասավ 200-250 դրամի: Ջրաշենցիներն էլ այս տարվա տեղումների պակասից են դժգոհում: Նրանք կաղամբի վարպետներ են, 1 հա-ից 120 տ կաղամբ են ստանում: Տարին նրանց համար բարեբեր է լինում, եթե տեղումներն առատ են լինում: Անցած տարի, օրինակ, կաղամբը չէր վաճառվել, մնացել էր որպես անասնակեր: Նախորդ տարվա օրինակն ունենալով` գյուղացին այս տարի քիչ ցանեց: Անձրև էլ չեկավ, հողը չորացավ, ու հաջող բերք չստացվեց: Այս տարի կաղամբի կիլոգրամն արժե 100-150 դրամ, իսկ անցած տարի 15 դրամով էր վաճառվում: Վարուցանքն իրեն չի արդարացնում, դրա համար էլ գյուղացիներից քչերն են հողագործությամբ զբաղվում: Հիմնականում արտագնա աշխատանքով են գոյատևում և նպաստ-թոշակով: Ջրաշենցիները հայտնի խոպանչիներ են: Նրանց հիմնական ուղղությունը ՌԴ-ն է: Բայց վերջին տարիներին ավելի շատ Երևանում ու Ղարաբաղում են աշխատանք փնտրում: Այս տարի ավելի քիչ մարդ է մեկնել գյուղից, քանի որ գյուղում «Գլենդել Հիլզի» կողմից բնակարանաշինության ծրագիր է իրականացվում, և խոպանչի-շինարարներն այս աշխատանքների մեջ են ներգրավված: Ջրաշենի բնակիչ Սոս Այվազյանն էլ այս տարի մնաց գյուղում: 50 տարեկան վարպետ-շինարար է, կյանքի 30 տարիներն արտագնա աշխատանքի մեջ է անցկացրել ՌԴ-ի տարբեր քաղաքներում` Սիբիր, Մոսկվա, Վորոնեժ, Լիպեցկ, Տոմբով: Ինքն էլ, ընտանիքի անդամներն էլ արդեն հաշտվել են նրա երկարատև բացակայությունների հետ: Ստիպված է գնում, որովհետև աշխատանք չկա: Պիտի աշխատի, որ ընտանիքը պահի: Միշտ էլ գոհ է եղել խոպանչու գործից. երեխաները ո'չ սոված են, ո'չ տկլոր: Սեզոնին 4-7 հազար դոլար փող է աշխատել, ամենաշատը` 10 հազար դոլար: «Նայած տարի, լատարեայի պես բան ա»,-ասում է նա: Այս տարի մնաց, որ գյուղում աշխատի, բայց դեռ աշխատավարձ չի ստացել, աշխատավարձի չափն էլ չգիտի: Դեռ պարզ չէ` ասում է: Շինարարությունն էլ, դեռ չսկսված, դադարեցվել է: Անցած տարվանից բերած 5 հազար դոլարն են դեռ ծախսում: «Ըստեղ էս տարի լռվանք, մյուս տարի անպայման կգնանք»,-համոզված է խոպանչին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter