HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ղարաբաղյան» մետամորֆոզներ ադրբեջանական եւ հայկական նախընտրական շրջանում

Առաջին հայացքից թվում է, թե Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի այս օրերին նախագահ Ի. Ալիեւն ու «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ի.Գամբարն անհեռատես վարվեցին հայկական երկու կուսակցությունների հետ հրապարակային համագործակցության համար:

Որպես օրենք ընտրություններն այն փուլն են եղել Ադրբեջանում, որի ժամանակ հայկական թեման եղել է կենտրոնականը, իսկ Ղարաբաղն ու շրջակա տարածքներն անպայմանորեն, ցանկացած միջոցով Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու մասին ելույթները (իշխանությունների դեպքում` խոստումների, ընդդիմության դեպքում` պահանջների տեսքով), անշեղորեն նպաստել են ձայներ բերելուն:

Ավանդաբար հայերի հետ համագործակցության ցանկացած դրսեւորում գնահատվել է որպես Ադրբեջանի շահերը ոտնահարելու եւ երկրում լեգիտիմ համարվող հայրենասիրության բանաձեւին դեմ գնալու մի քայլ: «Ահմադինեջադին ԱՄՆ-ում ատում են, սակայն տարին երկու անգամ նա մեկնում է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի նստաշրջաններին, եւ այնտեղ ամեն ձեւով անպատվում է ամերիկացիներին»,- ի պատասխան Բաքվում օրերս անցած Սոցինտերնի հավաքին ներկա «դաշնակների» հետ «գործ ունենալու» մեղադրանքների` ասաց Սոցինտերնի ադրբեջանական անդամ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն:

Բացի դրանից` նա նշեց, որ նման կարգի այցելությունների թույլտվությունը ձեռք է բերվում ամենաբարձր ատյանում, նախագահի համաձայնությունից հետո միայն: Այլ խոսքերով, հակադարձեց` «ահաբեկիչ դաշնակներին» (ձեւակերպումը Ալիզադեի հետ հարցազրույց վարող ադրբեջանցի լրագրողինն է) Բաքվում ընդունելու համար բոլոր մեղադրանքներն ուղղեք երկրի իշխանություններին:

Ձայներ կորցնելու առումով Էլ ավելի անհասկանալի է թվում Իսա Գամբարի պահվածքը, որը հոկտեմբերի 7-ին Գերմանիայում ՀՀՇ-ի ու վրացական Հանրապետական կուսակցության հետ համատեղ ստորագրեց Հուշագիր մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար պայքարելու պատրաստակամության մասին:

Արդեն տեւական ժամանակ է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումներն ու վարած քաղաքականությունը խիստ քննադատության չեն արժանանում ընդդիմադիր ուժերի կողմից: Ադրբեջանցի վերլուծաբանների գնահատմամբ` դրա պատճառն այն է, որ (որոշ վերապահումներով) նրանց եւ իշխանությունների միջեւ սկզբունքային տարաձայնություններ չկան:

Հատկապես վերջին շրջանում, հայ-թուրքական գործընթացի անցած մեկ տարվա ֆոնին, Ադրբեջանի իշխանությունների ծայրահեղական դիսկուրսն ու պահվածքը (որոնք ցույց տվեցին այդ թվում նաեւ սեփական հասարակությանը, թե ղարաբաղյան հակամարտության մեջ դիրքորոշման փոփոխություն չի լինի նույնիսկ հանուն եղբայրական Թուրքիայի) կարծես վերջնականապես խլեցին ադրբեջանական ընդդիմությունից ղարաբաղյան թեմայով իշխանություններին քարկոծելու հնարավորությունը:

Սա, իհարկե, չի նշանակում, թե մինչեւ նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում տարբեր ճամբարների պատգամավորներ առհասարակ չեն հնչեցնելու հակամարտության թեմայով մեղադրանքներ: Ղարաբաղյան թեման գործելու է անխափան այնքան ժամանակ, որքան կպահպանվի դրա պահանջարկը:

Անցած 22 տարիների ընթացքում ձեւավորված ու այժմ ընտրական իրավունք ունեցող երիտասարդ սերնդի համար (տարբեր աղբյուրների համաձայն` այն կազմում է բնակչության շուրջ 20%-ը) ավելի ընդունելի է ղարաբաղյան ծայրահեղական դիսկուրսը` դիրքերը խստացնելու ու հարցը մեկընդմիշտ, առանց ավելորդ դիվանագիտական շարժումների, բլից պատերազմի միջոցով լուծելու մասին պահանջները:

Իրենց նախկին կյանքը նախկին բնակավայրերում հնարավորինս արագ վերականգնելու սպասելիքներ ու պահանջներ ունի ադրբեջանցի փախստականների ու բռնի տեղահանվածների ավագ սերունդը:

Հիմնականում նրանք, ովքեր անցած տարիների ընթացքում այդպես էլ չեն կարողացել քիչ թե շատ դասավորել իրենց կացությունը նոր վայրում ու նոր պայմաններով: Թե իրականում, պրակտիկ հարթության վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ բնակչության այս երկու հատվածները միասին վերցրած (մեր հաշվարկներով` դրանք 25%-ից պակաս չեն), դժվար է ասել բացարձակ ճշգրտությամբ:

Ադրբեջանում կա ներքաղաքական ազատությունների սղություն, իրավիճակն այս իմաստով տարեցտարի վատանում է, ներքաղաքական լեգիտիմության բանաձեւից դուրս սպրդող մեկ-երկու այլախոհական արարք արդեն պատժվել է ազատազրկումների, քաղաքական հետապնդումների ու այլ տեսքով, եւ այդ պատմություններն իրենց ազդեցությունը գործում են պարզ հասարակության վրա` զսպաշապկելով նաեւ ղարաբաղյան հարցում նրա արտահայտման ցանկությունները:

Փոխարենը կա բնակչության այս հատվածների սպասելիքները քարոզարշավների ժամանակ բավարարելու հնարավորություն, ինչն անցած բոլոր ընտրությունների ժամանակ օգտագործվել է, եւ այժմ էլ օգտագործվում է թե իշխանությունների, թե ընդդիմության կողմից` առանց ՙծոծրակից հանած քարը շպրտելու՚ մեկը մյուսի վրա:

Ո՞րն է, ուրեմն, այն թեման, որը կարող է լինել ընդդիմության ձիով քայլը իշխանությունների դեմ նախընտրական պայքարում: Սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարելու իշխանությունների բացառիկ ու մենաշնորհային լծակները նույնպես Ադրբեջանի ընդդիմության համար մանեւրելու տեղ չեն թողել ոչ իրական տնտեսական բնագավառում, ոչ էլ քարոզարշավների ընթացքում:

Ադրբեջանական ընդդիմության համար նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրազանգվածի ձայները շահելու միակ, հասարակության համար համատարած ընդունելի թեման մարդու իրավունքների ու ազատությունների հետ կապված իրավիճակն է:

Թե որքան արդյունավետ կլինի այս մարտավարությունը ձայներ ստանալու ու 2010-ի խորհրդարան մուտք գործելու տեսանկյունից, անշուշտ, ցույց կտան հայտարարված արդյունքները: Որքան կարելի է հասկանալ ադրբեջանցի մասնագետների շրջանում մեր անցկացրած հարցումներից, ընտրությունների ժամանակ, ինչպես սովորաբար, մեծ անակնկալներ չեն սպասվում:

Չնայած իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցության դեմ հանդես են գալիս միանգամից մի քանի ընդդիմադիր բլոկներ («Հանուն մարդու» բլոկ` Ադրբեջանի լիբերալ կուսակցություն, Կանաչների կուսակցություն, Քաղաքացիների ու զարգացման կուսակցություն, «Իսլահաթ» բլոկ` Միասնական ժողովրդական ճակատ, «Ադալյաթ», «Մեծ արարում», «Ղարաբաղ» բլոկ` Ադրբեջանի դեմոկրատական կուսակցություն, «Ումիդ», «Այդինլար», «Ժողովրդավարություն-քաղաքացիական համերաշխություն» կուսակցություն, Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցություն, եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ-«Մուսավաթ» բլոկ), որոնք այս անգամ ավելի ակտիվորեն են իրենց քարոզարշավներում կիրառում ընտրազանգվածների հետ շփումների ինչպես ավանդական (դեմ առ դեմ հանդիպումներ, գրականության ու նախընտրական տարբեր թերթիկների տարածում), այնպես էլ նոր մեթոդները (ինտերակտիվ քարոզչություն ՏՏ կիրառմամբ):

Հայաստանում ղարաբաղյան հակամարտության մեջ ստատուս-քվոյի փոփոխության բավական ռեալ վտանգների պատճառով այս հարցը դարձել է ներքաղաքական հրատապ խնդիրներից մեկը: Ի տարբերություն, ասենք, նախորդ նախընտրական ժամանակաշրջանների, երբ ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի համեմատ Հայաստանում նվազ ներքաղաքական ֆունկցիոնալություն ուներ: Իրավիճակի այս փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, այն գլխավոր մետամորֆոզն է, որն իրեն զգալ է տալու ապագա նախընտրական գործընթացներում:

Վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան հասարակության մեջ ընթացող բանավեճերը (ղարաբաղյան հակամարտությունում հայկական  դիրքորոշումների վրա հայ-թուրքական արձանագրությունների թողած ազդեցության, տարածքները վերադարձնել-չվերադարձնելու, Լեռնային Ղարաբաղի անկախությունը հենց հիմա ճանաչել-չճանաչելու մասին քննարկումներն) ակնհայտորեն դառնում են հայաստանյան տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի էքսկլյուզիվ թեմաները, որոնցով նրանք հանդես են գալու ապագա խորհրդարանական ու նախագահական քարոզարշավների ընթացքում:

Եվ այդպես, կամա թե ակամա, ղարաբաղյան թեման լինելու  է մարդու իրավունքների` ավանդաբար կենտրոնական թեմայից եթե ոչ ավելի կարեւոր, ապա գոնե նրա մակարդակին հասնող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter