HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ժամկետանց համարձակություն, կամ ում են խաբում ԼՂՀ կազմակերպությունները

Արցախի թվով 16 հասարակական, քաղաքական կազմակերպություններ ԼՂՀ տարածքում անցկացվող դաշտային առաքելության կապակցությամբ հոկտեմբերի 11-ին նամակով դիմել են ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին, Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այդ նամակի ողջ իմաստը ձեւակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ: «Եթե իրականում խնդիրը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում` ԼՂՀ տարածքում»,-հետաքրքրվում են նամակի հեղինակները: Նման համարձակության համար, ինչ խոսք, կազմակերպություններն արժանի են շնորհակալության: Ի վերջո, կարող էին ընդհանրապես որեւէ նամակ չգրել, միջնորդների գլուխը չցավեցնել: Բայց նրանք գրել են, ընդ որում դա արել են այն ժամանակ, երբ ՄԽ համանախագահների գլխավորած փաստահավաք խումբը դեռ Ստեփանակերտում էր: Ոչինչ, որ խումբն արդեն... ավարտել էր իր առաքելությունը: Թե նամակը գրելու համար այս կազմակերպություններն ինչու էին սպասել մինչ դաշտային փաստահավաք առաքելության ավարտը, թերեւս, ոչ ոք չգիտի: ԼՂ եւ նրան հարակից շրջաններում փաստահավաք առաքելություն իրականացնելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել էին դեռ սեպտեմբերի 8-ին Բաքվում: «Օկուպացված շրջաններում հումանիտար իրավիճակի ուսումնասիրման նպատակով համանախագահները սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան»,- նշվում էր այդ ժամանակ նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ: Մինսկի խմբի համանախագահներն այդ ժամանակ Բաքվից ուղղակի ժամանեցին Ստեփանակերտ` հենց ԼՂՀ իշխանություններից ստանալու նման առաքելություն իրականացնելու հարցում օժանդակության երաշխիքներ: Նրանց այդ երաշխիքները տրվեցին: ԼՂՀ հասարակական, քաղաքական շրջանակներն այդ ժամանակ ոչ միայն որեւէ ծպտուն չհանեցին, այլեւ ձայն չհանեցին ուղիղ մեկ ամիս շարունակ, մինչեւ դաշատային առաքելությունը հաջողությամբ չավարտեց իր անելիքը: Իրականում այդ նամակը, ավելի ճիշտ դրա մեխը հանդիսացող վերոնշյալ հարցադրումն ուղղված պետք է լիներ ոչ այնքան ԵԱՀԿ գործող նախագահին, նրա անձնական ներկայացուցչին կամ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որքան սեփական երկրի իշխանություններին: Առաջին հերթին նրանցից էր պետք պարզել, թե ինչպե՞ս է ինքնիշխան պետությունը թույլ տալիս, որ ինչ-որ մեկը, ընդհուպ Հայաստանը, նման առաքելություն իրականացնելու հարցում բանակցությունների մեջ մտնի, հետո էլ համաձայնությունների գա Սահմանադրությամբ իր տարածքները համարվող շրջաններում ինչ-որ գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Խնդիրը, սակայն, միայն իր իրավունքները գիտակցելը եւ պաշտպանելը, այսինքն` իրեն հարգել ստիպելը եւ այդ հարցում իշխանություններից հետեւողականություն ու սկզբունքայնություն պահանջելը չէ: Դաշտային այս առաքելությունը նաեւ հիանալի հնարավորություն էր մի կողմից հակամարտության բանակցային գործընթացում կորսված դիրքերը վերականգնելու, մյուս կողմից` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂԻՄ տարածքների` Մարտակերտի, Մատունու շրջանների մի հատվածի եւ Շահումյանի, ինչպես նաեւ հայ փախստականների հարցը բարձրացնելու համար: Եթե ԼՂՀ-ն այս հարցում բավականաչափ կոշտություն դրսեւորեր, ապա հնարավորություն կստանար վերականգնելու հակամարտության սուբյեկտի իր կարգավիճակը: Եվ այդ հարցում հատկապես մեծ է Արցախի հասարակական, քաղաքական շրջանակների դերը: Խնդիրն այն է, որ ՄԽ համանախագահները, միջազգային հանրությունը համառորեն չեն ուզում տեսնել ու ճանաչել ԼՂ իշխանություններին եւ նրանց վերաբերվում են որպես ԼՂ «հայկական համայնքի» ներկայացուցիչների: Եվ այս առաքելությանն ընդդիմանալը լավ առիթ էր` ցույց տալու, թե իրականում ինչ է այդ «համայնքը»: Մինչդեռ ակնհայտ է, որ նման անտարբերություն ցուցաբերելով` ԼՂՀ հասարակությունը միջազգային հանրությանը, անգամ սեփական իշխանությանը դրդում է իր գլխի տակ փափուկ բարձ դնել եւ ուղղակի մոլորության մեջ գցել: ՄԽ համանախագահների հետ բանակցություններից հետո պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, թե բարձրացրել է նաեւ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական տարածքներում նման դաշտային առաքելություն իրականացնելու հարցը եւ համաձայնություն ստացել: Սակայն Ստեփանակերտում որեւէ մեկն այդպես էլ չհստակեցրեց, թե երբ, ինչպես եւ ով է իրականացնելու այդ առաքելությունը: Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 12-ին հայտարարեցին, թե դաշտային առաքելությունն ավարտում են: Նրանցից եւ ոչ ոք հստակ չասաց, որ, այո, Շահումյանի շրջան այցելելու խնդիր է դրված, որ այն համաձայնեցված է ադրբեջանական կողմի հետ: Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն շատ ընդհանրական ձեւով ընդամենն ասաց, թե խիստ կարեւոր է այցելել բոլոր այն շրջանները, որոնց վրա հակամարտությունն ազդեցություն է գործել, որոնք կապ ունեն համանախագահների աշխատանքի հետ: Այդ պատասխանից պարզ չդարձավ` օրինակ Շահումյանի շրջանի, այնտեղի հայ փախստականների խնդիրը կապ ունի՞ իրենց աշխատանքի հետ, թե՞ ոչ: Լավագույն դեպքում համանախագահները խոսում են այդ շրջաններ «հաջորդ փուլում» այցելելու հնարավորության մասին: Այն մասին, թե երբ է լինելու այդ հաջորդ փուլը, դրա արդյունքները ներառնվելո՞ւ են այս դաշտային առաքելությունից հետո կազմվելիք զեկույցի մեջ, եւս ոչինչ չեն ասում: Իսկ դա չափազանց նուրբ հարց է: Այս տարվա դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալու է ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ժամանակ, ըստ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Յան Քելլիի, շատ հնարավոր է` Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկվի ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզ»: Եվ եթե նման դաշտային առաքելություն չիրականացվի նաեւ այդ տարածքներում, ապա հնարավոր «քարտեզների» գծագրման ժամանակ հայկական կողմի շահերը պարզապես կարող են փոշացվել: Նման «մանրուքները», սակայն, ԼՂՀ հասարակական, քաղաքական շրջանակներին չեն հետաքրքրում: Նրանք նախընտրում են գլուխները թաքցնել նմանատիպ ժամկետանց նամակների տակ: Փույթ չէ, որ հասցեատերերն այդ նամակները կարող են շատ հանգիստ աղբարկղը նետել` նույնիսկ առանց ծրարը բացելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter