HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Ֆրանսիա արտագաղթողների թիվը կրկին ավելանում է

2010 թ. առաջին 10 ամիսների ընթացքում Ֆրանսիայում արդեն իսկ ապաստան է խնդրել 1361 հայաստանցի (254-ը` երկրորդ քննություն, 297-ը` անչափահաս): 2009 թ. տվյալներով` Ֆրանսիայում ապաստան խնդրողների թվով Հայաստանը 3-րդ երկիրն էր:

Չնայած այն հանգամանքին, որ նույն թվականի նոյեմբերին Ֆրանսիան որոշում ընդունեց Հայաստանը դասել ապահով երկրների շարքին` ապաստան խնդրող հայաստանցիների թիվը այդպես էլ չնվազեց: Դեռ ավելին, դիմումների առատությունը եւս մեկ անգամ մտածելու տեղիք տվեց: «Ռեւանշ-որոշումն» իրեն երկար սպասել չտվեց. 2010 թ. հուլիսի 23-ի որոշմամբ Հայաստանը կրկին հայտնվեց ոչ ապահով երկրների ցանկում:

Հայաստանի հետ միասին «ոչ ապահով» երկրների ցուցակ վերադարձավ նաեւ Թուրքիան` ինչպես նշվում է որոշման մեջ, «հաշվի առնելով այն բռնությունները, որոնց զոհ է գնում Հայաստանի ընդդիմությունը, եւ մյուս կողմից էլ` այն բռնությունները, որոնց հաճախակի զոհ են դառնում քրդական ծագմամբ թուրքերը, ինչպես նաեւ հաշվի առնելով արտահայտվելու ազատության նկատմամբ սահմանափակումները Թուրքիայում»: Ապաստան խնդրող հայաստանցիներն այսօր հիմնականում նույն պատճառաբանությունն են ներկայացնում` մարտի մեկ:

Դժվար է պարզել պատմությունների իսկությունը կամ տարբերել իսկական զոհերին: Ֆրանսիայի ապաստանի իրավունքի պետական դատարանում (CNDA) շաբաթական հայաստանցիների տասնյակ գործեր են քննվում: Լսումները հիմնականում դռնբաց են: Հայաստանցիների` ապաստան խնդրելու դրդապատճառներին կամ, ավելի ճիշտ, դատարանում ներկայացվող դրդապատճառներին ավելի լավ ծանոթանալու համար փորձեցի մասնակցել տարբեր լսումների: Երիտասարդ մի զույգ դատարանի միջանցքում հայերենով հարցրեց, թե հա՞յ եմ: Հետո կատակեցինք, թե հայերը միմյանց միանգամից ճանաչում են: Պատմեցին, որ մեկ տարի առաջ են եկել, ունեն մեկամյա որդի:

Հարցրին Ֆրանսիա գալու իմ դրդապատճառների մասին: Խոստովանեցի, որ լրագրող եմ: Խոստացա անուններ չտալ ու հարցրի Ֆրանսիա գալու իրական պատճառը:

«Դե, մարտի մեկի գործով: Դե, գիտեք էլի, ոնց որ սաղը անում են: Բայց ցույցերին մասնակցել եմ»: Թեեւ վստահեցին ու անկեղծացան, բայց հետո իմ ներկայության մասին պատմեցին ֆրանսիացի դատապաշտպանին: Վերջինս դատավորին խնդրեց, որ նիստը դռնփակ անցկացվի` պատճառաբանելով, որ «Հայաստանից մարդ են ուղարկել, որ անունները գրի-տանի, եւ իր պաշտպանյալները փակ դատ են խնդրում»: Դատավորը բավարարեց խնդրանքը: Ես այդպես էլ չլսեցի երիտասարդ զույգի պատմությունը: Եթե դատարանը զույգի օգտին վճիռ կայացնի, ապա ակնհայտ է, որ Հայաստանը կկորցի եւս մեկ երիտասարդ ընտանիք:

«Մեր մոտի ոստիկանները գիշատիչներ էին. ծեծում էին, ամուսնուս հետապնդում էին: Շատ ծանր օրեր ենք անցկացրել առանց ամուսնուս»,- մեկ այլ դատալսման ընթացքում պատմեց ՀՀ քաղաքացի ՍՀ-ն: Ամուսինը եղել է ՀՀՇ-ական, մասնակցել մարտիմեկյան իրադարձություններին, որից հետո հետապնդումների է ենթարկվել ոստիկանության կողմից:

«Ինձ մեղադրում էին տարբեր բաներում` թալան, զենք»: Չդիմանալով ստեղծված իրավիճակին` ապաստան խնդրելու նպատակով ընտանիքը լքել է հայաստանյան գյուղերից մեկը եւ երեք անչափահաս երեխայի հետ տեղափոխվել Ֆրանսիա: Ինչպես պատմեցին դատարանում, հայաստանյան իրադարձություններից հետո ստացած հոգեկան տրավման ամուսինն ու անչափահաս որդին կարողացել են հաղթահարել ֆրանսիացի հոգեբանների աջակցությամբ: Երեխաներն այսօր դպրոց են գնում, ունեն լավ առաջադիմություն:

Ամուսինը առողջական վիճակից չի բողոքում: Դատալսումից հետո ամուսինները պատմեցին, որ ապահովված են բնակարանով: Երեխանների առաջադիմությամբ ոգեւորված ուսուցիչները հոգացել են, որ ապահովվեն աշխատանքով. իրենց հարեւանությամբ տեղակայված այգիներից մեկում խնձոր են հավաքում:

Երբ հարցրի, թե արդյոք զղջո՞ւմ են Հայաստանը լքելու համար, կնոջ աչքերը լցվեցին. «Հիվանդ մորս թողել, եկել եմ: (լռություն-ՍԳ) Կարեւորը` ընտանիքով ենք: Ավելի լավ էր Հայաստանում լինեինք...»:

Ընտանիքը Ֆրանսիայում ապաստան խնդրելու համար ունի քաղաքական դրդապատճառներ: Փորձում եմ հավատալ այն ամենին, ինչ ասվեց դատարանում, եւ զերծ մնալ մեկնաբանություններից: Համենայն դեպս, ելույթներն անկեղծ էին: Որքանով էին դրդապատճառները համոզիչ դատարանի համար, պարզ կլինի երկու շաբաթից, երբ հրապարակվի վճիռը: Երբեմն դատարանը գործը կասկածի տակ է դնում հենց դատավարության ընթացքում` անհավանական պատմություն, պակասող փաստաթղթեր: Այս դեպքում «մարտի մեկը» վերածվում է պատրվակի: Պատմությունները երբեմն շատ անհավանական են լինում: Մտածում եմ` ինչու են հայաստանցիները լքում իրենց հայրենիքը, ապաստան խնդրում օտար մի երկրում, որի լեզվին նույնիսկ չեն տիրապետում:

«Ասում են` Հայաստանի 40 տոկոսն ուզում է գնալ երկրից, չգիտեմ` որտեղից է գալիս այս թիվը»,- ասում է ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արաբյանը, ով հաճախ դատարանում պաշտպանում է ապաստան խնդրողների, այդ թվում նաեւ հայաստանցիների շահերը: Փաստաբանը հաճախակի լինում է Հայաստանում, ծանոթ է երկրի ներքին կյանքին եւ նշեց, որ լիովին համամիտ է Հայաստանը ոչ ապահով երկրների ցանկում դասելու որոշմանը:

«Ճիշտ որոշում է: Նորմալ է այն պահից ի վեր, որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանության համակենտրոնացում ու ժողովրդավարության բացակայություն: Նախ` արդարադատության համակարգում հավասարություն չկա, շատ կոռուպցիա կա: Տեսնում ենք նաեւ բանակի բռնությունները, անհավասարություն կին-տղամարդ հարաբերություններում, ընտրությունների վիճակը: Ընդդիմությունը հեռուստատեսությամբ հեռարձակվելու իրավունք չունի: Չեմ հասկանում` ինչու պիտի այդ ցուցակում չընդգրկվի, եթե ունի նույն վարքն ու խնդիրները, ինչ Վրաստանը, Ադրբեջանը կամ Ռուսաստանը, որ այդ ցուցակում են»,-ասում է փաստաբանը: Նա անդրադարձավ նաեւ եզդիների խնդիրներին: Նախորդ տարվա տվյալներով` ապաստան խնդրած հայաստանցիների թվում կային եզդիներ, ովքեր, իրենց պատմածով, հետապնդման էին ենթարկվել տեղական կլանների կողմից: Պ.Արաբյանը նշեց, որ եզդիաբնակ վայրերի, մասնավորապես արոտավայրերի հողաբաժանումներն անարդար են արվել: Բացի դրանից` շատ եզդիներ իրավունք չեն ունեցել սեփականության իրավունք ձեռք բերել այն հողերի նկատմամբ, որոնք երկար տարիներ օգտագործել են:

«Բայց ընդհանուր առմամբ չենք կարող ասել, որ հայերը վատ են վերաբերվում եզդիներին»,- ասում է Պ.Արաբյանը: Դատական որոշումները, փաստաբանի խոսքով, տարբեր են` մերժում կամ բավարարում: Մերժումներն ավելի են շատացել 2005-2007թթ. հետո: Իսկ վերջին որոշումը առայժմ զգալի փոփոխություն չի մտցրել դատական նիստերի ելքում: Շատ հայաստանցիներ անշուշտ կօգտագործեն վերջին որոշումը` այս կամ այն դրդապատճառով երկրից դուրս գալու համար: Այս որոշումից, իհարկե, ավելի շատ կօգտվեն «գործ սարքողները»: Նրանք են հենց պատրաստում բոլոր անհրաժեշտ թղթերը` ելքի արտոնագիր, կեղծ փաստաթղթեր, խորհուրդներ ապաստանի խնդրանքը ձեւակերպելու հարցում: Դատարանում հանդիպած հայաստանցիները խոստովանեցին, որ եկել են Մոսկվայով «ինչ-որ մի հայի օժանդակությամբ»:

Հ.Գ. Ֆրանսիացի ընկերս ինձ հարցնում է, թե ում համար են էդ մարդիկ կռվել ու զոհվել Արցախում, եթե բոլորը երկրից հեռանում են: Չգիտեմ` ինչ պատասխանեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter