HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնենք բազմազավակ ընտանիքին

Բեգինյանների ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում։ Սուրենն ու Հրածինն ունեն վեց երեխա՝ երեք աղջիկ, երեք տղա։ Նրանց հետ է ապրում նաեւ Սուրենի մայրը, ում 35000 դրամ թոշակը՝ գումարվելով անչափահաս երեխաներին տրվող 55000 դրամ նպաստին, կազմում է ընտանիքի ամսական բյուջեն։  «90000 դրամն ինը հոգանոց ընտանիքի համար, կարելի ա ասած, եկամուտ չի». ասում է Սուրենը։

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին օրական հասնում է 333 դրամ։ Դրանով գուցե հնարավոր է լուծել սննդի հարցը, բայց հագուստ եւ կենցաղի համար անհրաժեշտ պարագաներ գնել հնարավոր չէ։

 «Վերջը օրումեջ էդքան երեխայ ա, դրանց շորերը լվանալու համար փոշի ու սապոն ա պետք, էդ ամեն ինչը ծախս ա». ասում է Հրածինն ու ավելացնում, որ կոշիկ չունենալու պատճառով երեխաները հաճախ դպրոց չեն գնում։ Սուրենը ժամանակին վարորդ է եղել։ Հիմա գործազուրկ է։ Սեփական հող ունի, որն, իր ասելով՝ մշակման համար պիտանի չէ։ «1500 մետր հողամաս ա, էն էլ սաղ քար ա տակը: Խոտհարքի տակ թողել ենք` ինչ կըլնի-կըլնի»:

Վեցերորդ երեխայի ծնվելուց հետո Բեգինյանները պետությունից միանվագ 430 հազար դրամ են ստացել, որով անմիջապես փակել են բոլոր պարտքերը։ Վերջին երեխային օգնություն է տվել նաեւ «Օրորոց-հոգածություն անապահով ընտանիքների նորածիններին» ծրագիրը։ «Ուրիշ ոչ մի տեղից մենք օգնություն չենք ստացել». ասում է Հրածինը։ Բեգինյանների տան պատը 1988-ի երկրաշարժից վնասվել է։ Սկզբում փոքր ճաքեր են առաջացել, որոնք ժամանակի ընթացքում դարձել են թափանցիկ ճեղքեր։ Թոշակով ու նպաստով ապրող բազմազավակ ընտանիքը, հասկանալի է, մտածել անգամ չի կարող տան հիմնանորոգման մասին։ Իսկ ճեղքերը գնալով մեծանում են, դառնում վտանգավոր։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է *600 հազար դրամ։ Պետք է քանդել տան պատերից երկուսը, ամրացնել հիմքը եւ կառուցել շուրջ 60 քառակուսի մետր մակերեսով նոր պատեր։ Ձմեռը մոտենում է։ Բեգինյանների վեց զավակները ստիպված են լինելու եւս մեկ ձմեռ անցկացնել թափանցիկ ճեղքերից փչող քամու դեմ, եթե հասարակությունը չլարի իր ուժերը այս ոչ բարդ խնդիրը լուծելու համար։ Բեգինյանների տունն ամրացնելը կլինի քաղաքացիական փոխօգնության դրսեւորում, ինչը չափազանց կարեւոր է իշխանությունների անտարբերության եւ «բարերարների» քաղաքականացվածության պայմաններում։ Որքան շատ լինեն մասնակիցներն, այնքան տպավորիչ կլինի հասարակական աջակցության արդյունքը։ Եթե 1200 մարդ մասնակցի 500 դրամով կամ 600 մարդ՝ 1000 դրամով, շատ արագ կլուծվի մի խնդիր, որը տարիներ շարունակ անտեսվել է, եւ բազմազավակ ընտանիքը կունենա ապրելու նվազագույն պայմաններ։ Մասնակցելու մտադրության մասին կարող եք հայտնել՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ Անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը,   հեռախոսի համարը եւ գումարի չափը։ Հարցերի եւ առաջարկների համար զանգահարեք 091-46-32-39 Տիգրան Պասկեւիչյանին կամ  094-16-80-09` Սաթենիկ Ֆարամազյանին։ Շտապենք։ Ձմեռը մոտենում է, իսկ Բեգինյանների անչափահաս վեց երեխաները սպասում են մեր օգնությանը։ ՆԱԽԱՀԱՇԻՎ ՇԻՆԱՆՅՈՒԹ Քար - 144.000 դրամ Ցեմենտ - 81.000 դրամ Ավազ - 30.000 դրամ Խճաքար - 30.000 դրամ Ամրան - 27.000 դրամ Ամրալար - 11.000 դրամ Գաջ - 30000 դրամ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Պատշար - 12.0000 դրամ Բանվոր - 60.000 դրամ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ - 67.000 դրամ ԸՆԴԱՄԵՆԸ - 600,000 դրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter