HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ու՞ր են ՀԱԿ-ին տանում անհաշվենկատ քայլերը

Հայ ազգային կոնգրեսի վերսկսած հանրահավաքային գործունեության բովանդակությունը շարունակում է տարերային բնույթ ունենալ: Իրականացվող տարատեսակ ակցիաները, հրապարակային ելույթները ոչ թե հստակ գործի դրված մեկ ռազմավարության բաղադրիչներ են, ինչպես 2008 նախագահական ընտրություններից առաջ և հետո էր, այլ ընդամենը հարմար պահին հարմար առիթով արվող քայլեր: Ողջ խնդիրն այն է, որ դրանք ընդհանուր տրամաբանական հենք չունեն: Ընդամենը մեկ ամիս առաջ, երբ ՀԱԿ-ը հայտարարեց ակտիվանալու և հանրահավաքային արշավն սկսելու մասին, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը խարսխված էր հիմնականում ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հաշտեցման գործընթացներում ՀՀ իշխանությունների վարած սխալ, «կործանարար» քաղաքականությունը բացահայտելու առաջնահերթության վրա: Հոկտեմբերի 15-ին նա խոսում էր արդեն երկրում համակարգային բնույթ ունեցող կոռուպցիայի մասին: Իսկ ահա 4 օր անց նա վերադառնում է քաղբանտարկյալների խնդրին` փորձելով Երևանում ընթացող ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցների ուշադրությունը սևեռել այդ կառույցի առջև ստանձնած պարտավորությունները իշխանությունների կողմից չկատարելու և քաղբանտարկյալների հարցը հենց ԵԽ-ի թողտվության պատճառով առկախված մնալու իրողությունների վրա: Դրանից առաջ էլ ՀԱԿ-ը Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար ինչ-որ անհասկանալի ժամանակացույց էր ներկայացնում ԵԽԽՎ-ին, հետո գազի սակագնի թանկացման հիմնավորվածությունն էր վիճարկում դատարանում և այլն: Յուրաքանչյուր նման նախաձեռնություններից հետո թվում էր, թե ՀԱԿ-ը կփորձի գոնե հիմա զարգացնել սկսածը, ձնագնդի էֆեկտով դրանցում այլ գործոններ ներառելով հսկայական բողոքի ալիքի վերածել, սակայն ամեն անգամ դրանք թողնվում էին կես ճանապարհին` ինչ-որ նոր բան սկսելով: Այս իմաստով առավել քան անհեթեթ էին հատկապես հոկտեմբերի 19-ին կազմակերպված ակցիաները: «Ձեզ համար ի սկզբանե պիտի պարզ լիներ, որ այսօրվա միջոցառումը ոչ այնքան հանրահավաք, որքան ցույց է, …»,- այդ օրը կազմակերպված հանրահավաքին իր ելույթում նշեց ՀԱԿ առաջնորդը: Դրա ողջ իմաստն այն էր, որ ԵԽ շրջանակներում ընթացող ֆորումի եվրոպացի մասնակիցները, ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտը անմիջականորեն տեսնեն, թե ինչ վիճակում է ժողովրդավարությունը մեր երկրում, և թե ինչպես իշխանությունները չեն կատարում ստանձնած պարտավորությունները: Կարծես թե եվրոպացիները չգիտեին այդ մասին, և նրանց աչքերը միայն Երևանում պետք է բացվեին: Մինչդեռ ֆորումի մասնակիցներն ընդամենը տեսան, որ ընդդիմությանը մեկ օրում միանգամից մի քանի ակցիա անցկացնելու հնարավորություն է տրվել և այդ ակցիաները որևէ կերպ չեն խոչընդոտվել: Ավելին, ի հեճուկս ՀԱԿ-ի, կոնկրետ հայաստանյան խնդիրները հատուկ քննարկման նյութ չեն դարձել ֆորումի ժամանակ: Արդյո՞ք ՀԱԿ-ի նպատակը հենց սա էր: Այդ ակցիաներից ընդդիմությունը  ոչինչ չշահեց: Ընդհակառակը` ՀԱԿ-ը տակտիկական պարտություն կրեց` թույլ տալով ՀՀ արտգործնախարարին շատ հանգիստ ու բաց ճակատով հայտարարելու. «Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտավորությունները` ընթանալով ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված հասարակության կառուցման ուղիով»: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը ձգտում է վերադարձնել քաղաքական օրակարգ ձևավորելու կորցրած դիրքերն ու հնարավորությունները: Դա է պատճառը, որ վերջին շրջանում Կոնգրեսը քաղաքական պայքարի վեկտորներն ուղղել է այն հարթություն, որտեղ իր դիրքրեն ավելի ուժեղ են, այսինքն` ներքին հասարակական-քաղաքական դաշտ: Հենց այստեղ են հասարակական ընդվզում բարձրացնելու բոլոր անհրաժեշտ ու բավարար գործոնները, որոնց շուրջ ՀԱԿ-ը պտտվում է` առանց կոնկրետ թիրախին հարվածելու, այսինքն` այդ գործոնները մեկ տրամաբանական շղթայի մեջ ներառելու: Դրանք են` ա. բացի քաղբանտարկյալների խնդրից` մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ոտնահարման բազմաթիվ մասնավոր դեպքերը, որոնք ՀԱԿ-ի կողմից նույնքան են անտեսվում, որքան իշխանության կողմից: Այդ դրսևորումները չեն քաղաքականացվում, իսկ ՀԱԿ-ը չի ընկալվում որպես դրանք հաղթահարելուն նպատակաուղղված, սրտացավ քաղաքական ուժ: բ. Իսկապես համակարգային մասշտաբների հասած կոռուպցիան, որի առկայությունն ինքնին հանգեցնում է մարդու իրավունքների համատարած ոտնահարման դրսևորումների: Տեր-Պետրոսյանի ներկայացրած կոռուպցիայում շարքային քաղաքացին իր անմիջական հետաքրքրությունները չի տեսնում և չի զգում: Նա չի շոշափում, թե ինչքանով է այդ չարիքը շոշափում իր գրպանը, իր իրավունքները, թե որ չափով է ինքն անձնապես նպաստում դրա ծավալմանն ու ծաղկմանը: Սա իսկապես հզոր «գործիք» է ընդդիմության ձեռքին: Նամանավանդ որ ընթացող արտաքին պրոցեսները` Հայաստանի իշխանությունների հետ ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբավորման պարագլուխների հնարավոր կապերի մասին Նյու Յորքի դաշնային դատախազի ակնարկները, Հայաստանի օդային տարածքը թմրամիջոցների տարանցման համար օգտագործվելու մասին Մալայզիայի ներքին գործերի նախարարի տեղակալի հայտարարությունները և այլն, մեծացնում են այս հողի վրա ներքին պայքար սկսելու արտաքին ընկալումը: Այս խնդիրը արդյունավետ «զենք» դարձնելու համար ՀԱԿ-ից պահանջվում է կոնկրետ փաստերի լեզվով խոսել հանրության հետ` ռուսական տարատեսակ աղբյուրներին վկայակոչելու փոխարեն: Նման փորձեր ՀԱԿ առաջնորդն արեց 2007-08 թթ., որոնք մեծ ռեզոնանս առաջացրին: Սակայն անգամ այն ժամանակ այս թեմատիկան ընթացք չունեցավ: գ. Երկրում սոցիալական աննախադեպ բևեռացումը և ստեղծված իրապես պայթյունավտանգ իրավիճակը, որը անմիջականորեն պայմանավորված է մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիայի հետ: ՀԱԿ-ին ընդամենը մնում է բյուրեղացնել հասարակական տրամադրությունները և դրանց քաղաքական բովանդակություն հաղորդել: Սակայն եթե նախորդ երկու գործոններն այս կամ այն չափով ՀԱԿ-ի որդեգրած տակտիկայի մաս են կազմում, ապա սոցիալական խնդիրները գրեթե անուշադրության են մատնված: Մինչդեռ ՀԱԿ-ում պետք է որ իմանային, թե ինչ ռեզոնանս կարող է առաջացնել այս ուղղությամբ համակարգված ու հետևողական կոնկրետ գործողությունների ձեռնարկումը: Միայն մատակարարվող գազի սակագնի թանկացումը դատական կարգով վիճարկելու համար ընդամենը մի քանի օրում ՀԱԿ-ին հաջողվեց առանց լուրջ բարդությունների 7200-ից ավելի ստորագրություն հավաքել: Այս երեք գործոնները քաղաքական պայքարի սրացման հիանալի ու բավարար նախադրյալներ են ստեղծում: Մինչդեռ դրանք պայքարի լեյտմոտիվ դարձնելու փոխարեն ընդդիմությունը նախընտրում է գործել պահի թելադրանքով`ըստ էության շարունակելով առաջնորդվել իշխանության ինքնաոչնչացման և դրան պատրաստ լինելու իրենց իսկ կողմից շրջանառության մեջ դրված մոտիվացիայով: Իսկ դա կասկածի տակ է դնում արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու ՀԱԿ-ի հնարավորությունները: Անհետևողական, անհաշվենկատ քաղաքականությամբ, տակտիկական նման բացթողումներով Կոնգրեսին դա երբեք չի հաջողվի: Հակառակը` նույնիսկ շատ հավանական է, որ այսպիսի մարտավարությամբ առաջնորդվելու դեպքում ՀԱԿ-ն ընդհանրապես ինքնամարգինալացվի մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter