HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ադրբեջան 2010. Ռուսաստանին հայ-ադրբեջանական ճոճանակից նայելիս

Ղարաբաղյան հարցում հայկական ու ադրբեջանական դիրքորոշումների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքն է սովորաբար դրդում Ադրբեջանին սերտացնել կամ սառեցնել իր հարաբերություններն այլ երկրների հետ:

Հայաստանի դեպքում արտաքին աշխարհի հետ հարաբերվելու բանաձեւերը դուրս են բերվում որոշակիորեն ավելի բարդ սխեմաներով, որոնց մեջ բացի Ղարաբաղյան խնդրից դերակատարություն ունեն ցեղասպանության ճանաչման, հայկական սփյուռքի, ռազմական ու քաղաքական գործընկերության, ներքին ազատությունների չափման եւ այլ հիմնահարցեր: Հասկանալի է, որ հարաբերությունների տարբեր կտրվածքներում Հայաստանն ունի խնդիրների տարբեր առաջնահերթություններ: Հ

ենց սա է Հայաստանի ու Ադրբեջանի` արտաքին երկրների նկատմամբ ունեցած վերաբերմունքի գլխավոր տարբերանշանը. ինչպես նախկինում, այժմ էլ այլ երկրների  նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը դիֆերենցված է: Սակայն դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների նորովի ձեւաչափում Հայաստանին ու Ադրբեջանին մղում են քաղաքական ու տնտեսական մի շարք նպատակահարմարություններ, որոնք այս դեպքում ենթարկվում են հայ-ադրբեջանական քաղաքական ճոճանակի տրամաբանությանը. եթե լավ է մի կողմի համար, ուրեմն վատ է մյուսի շահերի տեսանկյունից, եւ հակառակը: Սա էր հայ եւ ադրբեջանցի փորձագետների շրջանում մեր հարցումների թեման: Ստորեւ դրանց արդյունքների մի հատվածն է:

-Ի՞նչն է խանգարում ռուս-ադրբեջանական հարաբերությունների  ռազմավարական դառնալուն, եւ ի՞նչ դեր են խաղում դրա մեջ ադրբեջանաթուրքական հարաբերությունները:

Շահին Աբասով - Կարելի է խոսել մի քանի գործոնների մասին, որոնք խանգարում են ադրբեջանառուսական հարաբերությունների լրջագույն բարելավմանը: Հարավային Կովկասը բարդ տարածաշրջան է: Բաքուն ստիպված է Մոսկվայի հետ իր հարաբերությունները կառուցել Ռուսաստանի ու Հայաստանի, ինչ-որ տեղ նաեւ` Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերություններն աչքի առաջ պահելով: Մոսկվային գրգռում է Բաքվի անկախ արտաքին քաղաքականությունը մի շարք, հիմնականում էներգետիկ քաղաքականության, հարցերում: Ապագայում ադրբեջանական գազի արտահանումը եվրոպական Nabucco եւ ITGI ծրագրերի շրջանակներում Ռուսաստանին առանձնապես չի անհանգստացնում, քանի որ ադրբեջանական գազի ծավալները նույնիսկ արդյունահանման գագաթնակետին ոչ մի կերպ չեն կարող մրցակցել «Գազպրոմի» հետ: Ռուսաստանին լրջորեն անհանգստացնում են թուրքմենական գազը ոչ Ռուսաստանի տարածքով Եվրոպա փոխադրելու հեռանկարները: Բացի այդ, Ռուսաստանին չեն կարող չանհանգստացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները, Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության հեռանկարները: Անկարան Ադրբեջանի բնական դաշնային գործընկերն է: Ուստի, չեմ կարծում, որ Բաքուն պատրաստ է զոհաբերել այդ հարաբերությունները հանուն այլ երկրների հետ հարաբերությունների բարելավման:

-Ինչպե՞ս եք վերաբերվում ռուսաստանյան գործիչների այն պնդումներին, թե «Հայաստանի հետ մեր հարաբերությունները չեն վնասում Ադրբեջանի հետ հարաբերություններին»:

Շ.Աբասով - Նման պնդումներն, իհարկե, անկեղծ չեն: Ադրբեջանին չեն կարող չանհանգստացնել Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնային հարաբերությունները: Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական բնագավառում Մոսկվայի ու Երեւանի միջեւ ձեռքբերված վերջին պայմանավորվածություններին, ապա դրանք ավելի շուտ պետք է հուզեն ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, Հայաստանի արեւմտամետ ուժերին: Այդ պայմանավորվածություններն Ադրբեջանի հետ շատ հեռավոր կապ ունեն, եւ կառավարության հանգիստ վերաբերմունքը ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն դա հասկանում է:

Ստեփան Գրիգորյան - Չնայած մեզ մոտ մի շարք համատեղ տնտեսական ծրագրերի առկայությանը, Հայաստանը հետաքրքրում է Ռուսաստանին նախեւառաջ ռազմաքաղաքական առումով: Ադրբեջանի հետ հաջողվում է զարգացնել տնտեսական, եւ հատկապես էներգետիկ համագործակցություն: Այս տեսանկյունից, Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցությունը չի հակասում Ադրբեջանի հետ նրա համագործակցությանը: Գլխավոր շեշտադրումներն արվում են տարբեր բնագավառներում:

Սերգեյ Սարգսյան - Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը կանխատեսելի էր եւ նույնիսկ նախատեսված փաստաթղթերում: Գաբալայի կայանի վարձակալման մասին համաձայնագրում պարզ նշված է, որ ի լրումն վարձակալման Ռուսաստանը կօգնի Ադրբեջանին արդիականացնել եղածը եւ մատակարարել  հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր: Ուստի, երբ մեզ մոտ զայրանում են` «ինչպես թե, Ռուսաստանն սկսել է դիտարկել (իսկ շատերն ասում են` մատակարարել) C-300 երկու համակարգերի հարցը ապա պետք է նկատի ունենալ, որ այդ ամենը վաղուց էր նախատեսված: Ուրիշ բան է, որ Ադրբեջանն ինքը չէր գնում ավելի սերտ ռազմական կոնտակտի Ռուսաստանի հետ, քանի որ Թուրքիայի միջոցով պարզորոշ կողմնորոշված էր դեպի Արեւմուտք: Այն հարցին, թե որքանով կարող են ազդել մեկը մյուսի վրա հայ-ռուսական եւ ադրբեջանառուսական հարաբերությունները, ես ունեմ կոնկրետ ու պարզ մոտեցում: Քանի որ կա հակամարտություն, ապա մի ուղղությամբ Ռուսաստանի համագործակցության ամրապնդումը անդրադառնում է մյուս ուղղությամբ նրա համագործակցության վրա: Ռուսաստանը շատ լավ է օգտվում դրանից, եւ նրա տեղն այդպես կվարվեր ցանկացած այլ պետություն: Զսպումների ու հակասությունների այս համակարգում Ռուսաստանը ձգտում է միաժամանակ պահպանել երկու կողմերի հետ փոխգործակցության մակարդակները, մտցնել կոմպենսացնող բաղադրիչներ: Ասենք` Ադրբեջանին տրամադրել C-300 համակարգեր, իսկ Հայաստանի հետ երկարացնել ռազմակայանի ժամկետը: Նման իրավիճակ կշարունակվի բավական երկար ժամանակ:

-Ադրբեջանական հասարակության մեջ ինչպիսի՞ն է ռուսական ուղղության պահանջարկը եւ հատկապես ո±ր հարցերում է այն զգացվում:

Շ.Աբասով - Իրականում, ադրբեջանական հասարակությունում եւ քաղաքական վերնախավում միշտ է եղել հարաբերական կոնսենսուս երկրի արտաքին քաղաքական հարցերում: Համարվել է, որ բոլոր առումներով ամենից շահեկանը Եվրաատլանտյան ինտեգրումը, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններն են: Այս առումով հիմա էլ իրավիճակը չի փոխվել, նույնիսկ չնայած ադրբեջանաամերիկյան հարաբերությունների որոշակի սառեցմանը, որը պայմանավորված է Օբամայի վարչակազմի դիրքորոշմամբ` չկապել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը հայ-ադրբեջանական հակամարտության հետ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների  կարեւորության գիտակցումը ոչ մի տեղ չի անհետացել: Քաղաքական վերնախավը հասկանում է դա: Հայաստանի ու Վրաստանի համեմատ Բաքվի արտաքին քաղաքականությունը կարելի է համարել ավելի հավասարակշռված: Ադրբեջանցի շատ փորձագետների պնդումներով, Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության պաշտպանությունը ոչ մի կերպ չի առնչվելու Ադրբեջանի հետ, քանի որ ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը գործ է ունենալու ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի հետ:

Ս.Գրիգորյան -  Մինչեւ վերջերս Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը թելադրված էր ՆԱՏՕ-ի ներխուժումը տարածաշրջան զսպելու խնդրով: Ադրբեջանի հետ ավելի շատ կապ ուներ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը: Բայց ռուսական ռազմակայանի գործառույթների լայնացումից հետո ռազմակայանն ուղղակի առնչություն ստացավ Ադրբեջանի հետ: Չէ որ Հայաստանի անվտանգությանն ուղղակի սպառնալիքը բխում է Ադրբեջանից, ինչը նա չի էլ թաքցնում: Շատերն, այդ թվում միջնորդներն ու բարձրաստիճան արեւմտյան պաշտոնյաները հատկապես վերջերս մտավախություն են հայտնում, որ կարող է սկսվել այսպես կոչված «պատահական պատերազմ»:---

Հիմնավո՞ր են այդ մտավախությունները, եւ ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել հրադադարն ամրապնդելու համար:

Ս.Գրիգորյան -  Նույնիսկ եթե Ադրբեջանը վստահ լինի Հայաստանի նկատմամբ իր լրջագույն առավելության մեջ, ապա շատ եմ կասկածում, թե կգնա լայնածավալ ռազմական գործողությունների: Ակնհայտ է` Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները վերահսկում են իրենց բանակները, եւ դժվար թե այսպես կոչված պատահական գործընթացները հանգեցնեն «պատահական պատերազմի»: Եթե ռազմական գործողություններն, այնումանենայնիվ, սկսվեն, ապա դա կնշանակի մեկ բան` կողմերից մեկը վճռեց գնալ նման քայլի: Անսպասելի բաներ կարող էին սկսվել այն ժամանակ, եթե հակամարտության գոտում տեղակայված լինեին այլ երկրների ռազմուժերը: Հակամարտության գոտում խաղաղարարների բացակայությունն է այն երաշխիքը, որ «պատահական պատերազմ» չի լինի: Ամբողջ պատասխանատվությունն այս դեպքում կրում են Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի միջազգային հանրության ռեակցիան պատերազմն սկսող կողմի նկատմամբ: Ի տարբերություն պարբերաբար տեղի ունեցող փոխհրաձգություններին ու ոչ երկարատեւ բախումներին, պատերազմի դեպքում դժվար չի լինելու սկսած կողմին հայտնաբերելը: Կա մի սահման, որն անցնելը դժվար կլինի: Ինչ վեաբերում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջոցներին, ապա դրանցից գլխավորը հասարակությունների, այլ ոչ միայն նրանց ղեկավարների միջեւ վստահության ամրապնդումն է: Լարվածությունը բխում է նաեւ բանակցության նկատմամբ եղած անվստահության զգացողությունից, թեեւ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ բանակցություններն իմիտացիոն էին, ներկայումս ընթանում է բավական բարդ  գործընթաց:

Ս. Սարգսյան – «Պատահական պատերազմի մասին» հարցը բավական հրատապ է: Սակայն պետք է տարբերակել երկու երանգ` պատահական եւ անսպասելի պատերազմ: Պատահական պատերազմ նշանակում է փոխհրաձգություններ սկզբում թեթեւ հրազենից, այնուհետեւ` գնդացիրներից, հետո` հրանոթային համակարգերի եւ այլ, ավելի լուրջ զինատեսակների կիրառում: Այս պահին եւ տեսանելի ապագայում պատերազմի սկսման նման սցենարը բացառվում է: Ո'չ Հայաստանը, ո'չ էլ Ադրբեջանը նման գործողությունների պատրաստ չեն: Տարբեր պատճառներով: Այլ բան է անսպասելի պատերազմը: Ռազմավարական տեսանկյունից մեզ ձեռնտու է պահել ներկայիս պաշտպանության գիծը, անիմաստ է այն վերաձեւելը: Ադրբեջանը կարող է ունենալ իր տրամաբանությունը: Ի վերջո այն կանխավճարը, որ վերցրել են Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդից իրենց բանակն ամրապնդելու համար վաղ թե ուշ պետք է լինելու հատուցել: Ժողովրդի վստահությունը կարող է վաղ թե ուշ մարել, եւ մարդիկ կարող են կոպիտ ասած «հաշիվ ներկայացնել»` մենք ունեինք նավթապաշարներ, մեր սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել, բայց նաեւ մեզ չի վերադարձվել Ղարաբաղը: Ո՞ւր են գնացել մեր փողերը: Ահա Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու մեկ պատճառ: Երկրորդ պատճառը Ադրբեջանի իսլամականացումն է: Սա Ադրբեջանի համար բավական լուրջ խնդիր է, քանի որ ինչ ուղղությամբ կգնա արդեն իսլամականացված Ադրբեջանը, հայտնի չէ: Երրորդ պատճառը ռազմական գործողությունների սկսումն է որպես ներիշխանական լարվածությունից դուրս գալու մի միջոց: Սա մի տարբերակ է, երբ ալիեւյան կլանին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կարող է սկսվել պատերազմ, երկրում հայտարարվել ռազմական դրություն եւ վերականգնվել հսկողությունը ներքին գործընթացների նկատմամբ: Հիմա այս տարբերակն ամենաքիչ հավանականն է թվում, սակայն ուշադիր դիտարկման դեպքում կարելի է տեսնել, որ կա ներիշխանական լարվածության միտում: Այնպես որ` անսպասելի պատերազմը տարբերվում է «պատահական պատերազմից»: Բայց մյուս կողմից, անսպասելիությունը նշանակում է նաեւ նախապատրաստման առավել բարդ գործընթաց: Երկու կողմերն ունեն լավ հետախուզություններ: Բացառված չէ, որ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերը, Հարավային Օսիայում պատերազմի դառը փորձն աչքի առաջ ունենալով, կզգուշացնեն կողմերից մեկին մյուս կողմի պատերազմական նախապատրաստության մասին: Հրադադարի ամրապնդման միջոցների մասին... Նախ` այդ միջոցները պետք է լինեն երկկողմանի եւ միաժամանակյա: Կար առաջարկ նշանառուներին բաժանարար գծից ետ քաշելու մասին: Բայց դա հիմա անել սկզբունքորեն հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել  պատերազմի միջոցով հարցը լուծելու տարբերակից: Դիվերսիոն գործողություններն անց են կացվում ոչ իրար վրա կրակելու ու նախկին դիրքերին վերադառնալու համար: Ստորաբաժանումներն այդ կերպ վարժվում են, իրականացնում  հետախուզական գործողություններ: Ուստի, կարծում եմ, որ հիմա հրադադարի ամրապնդման համար իրագործելի միջոցն, ինչպես ասաց Ս.Գրիգորյանը, հասարակությունների մեջ լարվածության նվազեցումն է: Հայկական եւ ադրբեջանական բանակները ոչ թե պրոֆեսիոնալ են, այլ զորահավաքային: Եվ երբ մենք դաստիարակում ենք երիտասարդությանն այն գաղափարով, որ նա պետք է պատերազմի, ապա այսպես թե այնպես հետո այդ երիտասարդությունը պատերազմը կարող է ընկալել որպես անխուսափելիություն: Եվ սա, ի դեպ, անսպասելի պատերազմի սկսման եւս մեկ պատճառ կարող է դառնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter