HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Աստրախանյան «գաստրոլներ», կամ ինչու է ԼՂ հարցում շտապում Մոսկվան

Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հերթական, աստրախանյան հանդիպումը կայացավ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի նախագահների` ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած բանակցություններից գրեթե անմիջապես հետո: Այդ բանակցությունների հիմնական թեման եղել է եվրոպական անվտանգության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման հեռանկարը: Հատկանշական է, որ հենց այդ հանդիպման ժամանակ նախագահ Մեդվեդևը հայտարարեց, թե Ռուսաստանն ունի ամենատարբեր հակամարտությունները, այդ թվում նաև «սառեցված» հակամարտությունները լուծելու ներուժ: Եվ որպես դրա ապացույց, տուն վերադառնալուց անմիջապես հետո Մեդվեդևը Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին հրավիրեց Աստրախան` եռակողմ ֆորմատով թվով երրորդ հանդիպումն անցկացնելու ղարաբաղյան, այսինքն այդ «սառեցված» հակամարտության կարգավորման շրջանակներում: Դա Մոսկվայի կողմից իր եվրոպացի «գործընկերներին» ուղղված գործնական ժեստ էր, որի հիմնական ուղերձը հետևյալն էր. առանց Ռուսաստանի ներգրավման եվրոպական անվտանգության համակարգ ուղղակի գոյություն ունենալ չի կարող և որ աշխարհամասի «սառեցված» բոլոր հակամարտություններից թերևս ամենատաքի կարգավորման բանալիները գտնվում են ոչ թե Եվրոպայի կամ ԱՄՆ-ի, այլ հենց իր գրպանում: Եվ ամենակարևորը` հենց Մոսկվան, այլ ոչ թե Վաշինգտոնն ու Բրյուսելն են ի վիճակի վերահսկողության տակ պահել հակամարտությունը և երաշխավորել հարաբերական կայունությունն այս տարածաշրջանում: Այնպես որ, աստրախանյան հանդիպումն առաջին հերթին ՌԴ-ի համար ցուցադրական, դեմոնստրացիոն նշանակություն ուներ: Ուշադրություն դարձնենք` ՌԴ-ին կրկին հաջողվեց եռակողմ հանդիպումից հետո համատեղ որևէ փաստաթղթի, տվյալ դեպքում` հայտարարության ստորագրման հասնել, ինչը չի հաջողվում Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներից և ոչ մեկին: Ավելին, այդ հայտարարությունը, որը առաջին հայացքից որևէ լուրջ բովանդակություն չունի, մի շատ ուշագրավ ձևակերպում է պարունակում. «Հաստատելով 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները` նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական ոլորտում վստահության միցառումների հարցում»: Նախ` կոնկրետ Մոսկվայի, այսինքն մայնդորֆյան հռչակագրի վկայակոչումն ինքնին անտեսում կամ երկրորդական է դարձնում 2008թ. նոյեմբերից հետո ընդունված բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՄԽ համանախագահող երկրների երեք ղեկավարների համատեղ` 2009թ. լ’ Աքուլիալի և 2010թ. Մասկոկի հայտնի հայտարարություններին, որոնցով հրապարակվեցին, ապա և վերահաստատվեցին մադրիդյան հիմնարար սկզբունքները, ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների` 2009թ. դեկտեմբերին Աթենքում, 2010թ. հուլիսին Ալմաթիում արած համատեղ հայրատարարություններին: Այդպիսով Ռուսաստանը անուղղակիորեն հաստատում է, որ բանակցային ձևաչափը փոխվել է, և ՄԽ-ի գործառույթները հիմա Մոսկվան իրականացնում է փաստացի միայնակ: Մայնդորֆյան հռչակագրի վկայակոչումը, սակայն, միայն այդ նպատակը չէր հետապնդում: Հիշեցնենք` դա առաջին փաստաթուղթն էր, որով ոչ միայն ԼՂ հարցում Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք հայտնի սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության հարգման և հակամարտությունները խաղաղ բանակցություններով լուծելու պայմանի միջև հավասարազորություն էր դրվում, այլև բացառվում էր ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման հնարավորությունը: Որ Աստրախանում ՌԴ ցանկությունը եղել է հենց հատկապես պատերազմի վերսկսման կանխարգելումը կամ ավելի ճիշտ դրա համար կողմերից երաշխիքներ ստանալը, ապացուցում են երեք իրողություններ: Նախ` Աստրախանի հանդիպումը կազմակերպվեց Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, այսինքն` այն ժամանակ, երբ ավելի հեշտ էր Ադրբեջանի ղեկավարությունից այդպիսի երաշխիք ստանալը: Երկրորդ` եռակողմ հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է «քաղաքական դիվանագիտական միջոցներով հետագա ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական ոլորտում վստահության միջոցառումների հարցում»: Թե «ռազմական ոլորտում»  ինչ վստահության մասին է խոսքը, դժվար է ասել, թեև այս բառակապակոցւթյունը չափազանց խորիմաստ է ու հատուկ ուշադրության արժանի: Սակայն խնդիրը տվյալ դեպքում այն է, որ փաստորեն կողմերը համաձանել են հրադադարի ռեժիմը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պահպանելու ուղղությամբ ջանքեր գործադրել, կամ այլ կերպ ասած` պահպանել հրադադարը: Երրորդ` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպումից հետո հատուկ ընդգծեց, որ կողմերը բանակցությունները շարունակելու խնդիր են դրել իրենց առջև` արտգործնախարարներին հրահանգելով «լավ աշխատել», որպեսզի հնարավոր լինի դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ «հասնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակին»: Վերջին դետալը նաև հստակ ցույց է տալիս ՌԴ-ի ցանկությունը` ԼՂ հարցով բանակցություններով ինչ-որ տեղաշարժերի հասնել մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը: Իսկ վերջինս Ռուսաստանի համար առաջնահերթ նշանակություն է ունենալու հատկապես եվրոպական անվտանգության համակարգը նորացնելու և ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերություններն ինչ-որ չափով կարգավորելու տեսակետից: Ռուսաստանը պարզապես ձգտում է ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ լոկոմոտիվ երկրների հետ որոշակի արդյունքով, քաղաքական ռեսուրսով մտնել բանակցությունների մեջ` ապացուցելու իր պոտենցիալը եվրոպական անվտանգության համակարգի մաս դառնալու առումով: Այս տեսակետից ԼՂ հարցը նրա համար կարևոր նշանակություն է ձեռք բերում: Իհարկե, սա չի նշանակում, թե այդպիսով Ռուսաստանը ԼՂ հարցը վերջնականապես լուծելու կամ դրա վերջնական բանաձևը ԵԱՀԿ գագաթնաժողովի սեղանին դնելու նպատակ է հետապնդում: Դա հնարավոր կլիներ, եթե Մոսկվային հաջողվեր Աստրախանում Սերժ Սարգսյանից և Իլհամ Ալիևից հասնել շատ ավելի լուրջ բանակցային արդյունքների, ինչը, փաստացի տեղի չունեցավ: Եվ հիմա Մոսկվային մնում է միայն հուսալ, որ գոնե իր հովանու ներքո վերջնականապես կամրագրվի կողմերի համաձայնությունը մադրիդյան հիմնարար այն սկզբունքների շուրջ, որոնց առումով դիրքորոշումների մերձեցում է եղել: Իսկ ի՞նչ է շահում ռուսական այս գլոբալ խաղերից Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը: Ռազմագերիների և արդեն մահացածների դիակների անհապաղ փոխանակման շուրջ ձեռք բերված համաձայնությունն, իհարկե, կարևոր է: Սակայն դա բացարձակապես փոխվստահության նախադրյալ չի ստեղծում կողմերի միջև: Այնպիսի տպավորություն է, թե հրապարակված հայտարարության մեջ այդ հարցում համաձայնության մասին հիշատակումը որպես բանակցությունների կարևոր ձեռքբերում, արվել է կողմերի համար գոնե ինչ-որ արդյունք ցույց տալու համար: Մինչդեռ իրական հաջողություն կողմերից ոչ մեկը չի արձանագրել: Ադրբեջանը ստիպված եղավ կրկին թղթի վրա խոստանալ քայլեր չձեռնարկել պատերազմի վերսկսման ուղղությամբ: Բայց մեծ հաշվով դա խոստում է թղթի վրա, որը Բաքուն երբեք չի կատարել և չի կատարելու նաև հիմա: Այսուհանդերձ, Բաքուն մեկ անգամ ևս համոզվեց, որ իրենց հրթիռային կայաններ վաճառելը դեռ չի նշանակում, որ Մոսկվան վերջնականապես փոխել է նախապատվությունների օրիենտացիան դեպի Ադրբեջանը: Ահա թե ինչու է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը սրտնեղում, թե Ռուսաստանը Ադրբեջանի ստրատեգիական գործընկերն է, բայց մինչև հիմա միանշանակ չի պաշտպանում վերջինիս շահերը ԼՂ հակամարտության հարցում: Հայաստանի միակ շոշափելի ձեռքբերումը Մոսկվայի վերոնշյալ շահերի համատեքստում ստատուս-քվոն պահպանելու անուղղակի հնարավորություններ տեսնելն է: Այդ հետաքրքրությունների ճիշտ հաշվարկումը կամրացնի նրա դիրքերը նաև ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովում, որտեղ, ինչպես արդեն հասկանալի է դառնում, եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակներ կամ նոր իրողություններ ի հայտ չգան, էական տեղաշարժեր չեն լինելու: Սակայն Աստրախանը չերաշխավորեց սահմանային միջադեպերի սահմանափակումը: Ընդհակառակը, նման հիասթափությունների ժամանակ Բաքուն միշտ էլ գործի է դրել սադրանքների իր մեքենան, որը, ցավոք, մարդկային կորուստների գին է արժենում մեզ համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter