HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ցրված սկլերոզն ավելի տարածված է դառնում

Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում նյարդային և սիրտ-անոթային հիվանդություններն ավելի տարածված են դառնում: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Երևան քաղաքի գլխավոր նյարդաբան, Ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Էլմիրա Գևորգյանը:

Նյարդային հիվանդություններն ամենից դժվար բուժվող հիվանդություններն են, որոնք անձին հաճախ հաշմանդամ են դարձնում: Հիվանդության առաջացման պատճառները բազմազան են: Այժմ երկարակյացներն ավելի շատ են, քան նախկինում, իսկ սիրտ-անոթային և նյադային հիվանդություններն ավելի սրվում են հասակն առած մարդկանց մոտ: Երկրորդ պատճառը հասարակական բուռն կյանքն է, հաղորդակցությունը, որոնք ևս նպաստում են նյարդային վիճակին և հիվանդությունների առաջացմանը: Նյարդային և սիրտ-անոթային հիվանդությունները նկատվում են 30-ից բարձր տարիք ունեցողների, ավելի հաճախ`40-60 տարեկանների մոտ: Ըստ որում` տղամարդիկ հիմնականում հիվանդանում են 40-50 տարեկանում: Նրանք ավելի ծանր են տանում հիվանդությունը, սկսում են շուտ հոգնել, հիշողության հետ խնդիրներ ունենալ: Սիրտ-անոթային և նյադային հիվանդությունները Հայաստանում սրվում են հատկապես ապրիլ-մայիս ամիսներին: Էլմիրա Գևորգյանը որևէ խորհուրդ չտվեց, թե ինչ է պետք անել` նյարդային կամ սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար: Նրա խոսքերով` հնարավոր է, որ մարդը շատ հանգիստ կենսակերպ վարի, որևէ սթրես չապրի, բայց հիվանդանա: Էլմիրա Գևորգյանը հիվանդության վերաբերյալ որևէ վիճակագրություն չներկայացրեց: Միայն նշեց, որ Հայաստանում ամենից շատ տարածված է ցրված սկլերոզը: Նրա խոսքերով` որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու է ցրված սկլերոզն այժմ ավելի հաճախ դրսևորվում: Սա ծանր, անբուժելի հիվանդություն է, ախտահարում է օրգանիզմը: Ցրված սկլերոզով հիվանդանում են երիտասարդները. նախանշաններն ի հայտ են գալիս մինչև 30 տարեկանը: Ցրված սկլերոզի նախանշանները «մարած են», հնարավոր է` հիվանդը մի քիչ թերանա քայլելիս, շարժումներ անելիս և այլն: Հիմնականում նախանշանները անհատական են` ամեն մարդու մոտ տարբեր: Այս հիվանդությունը կապ չունի սկլերոզի հետ, բոլորովին ուրիշ վիրուսային հիվանդություն է, կապ չունի նաև մտքի աշխատանքի, հիշողության հետ: Վարկած կա, որ ցրված սկլերոզը վիրուսային ինֆեկցիա է: Նյարդաբանն ասում է, որ անպայման պետք է դիմել մասնագետի: Այսօր ցրված սկլերոզի բուժման նոր ու թանկ մեթոդներ կան, բայց դրանք ոչ թե լրիվ բուժում են հիվանդին, այլ թեթևացնում նրա վիճակը: Հայաստանում ցրված սկլերոզը բուժում են պուլսթերապիայով, հիվանդը տարին մեկ-երկու անգամ բարձր չափաքանակով դեղեր է ընդունում, որ հիվանդության աճը դադարի: Ցրված սկլերոզը ժառանգաբար չի փոխանցվում: Մյուս տարածված հիվանդությունը արյան ճնշման բարձրացումն է, որը պետք է բուժել անընդհատ դեղորայք օգտագործելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter