HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի` երևան կգան պահեստային ընդդիմադիր ուժեր

Ըստ նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի` անընդունելի է, երբ ՀՀԿ-ական գործիչները հայտարարում են, թե առաջիկա ընտրություններին հավաքելու են 50 %-ից ավելի ձայն, և արդեն բաշխում են մնացած ուժերի ձայները: Նրա խոսքերով` սա անընդունելի է ոչ միայն ոչ ժողովրդավար երկրի, այլև այն երկրի համար, որը հայտարարում է, թե ժողովրդավար է: «Հասկանալի է, որ իշխանությունն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը: Այդ դեպքում, նրա խոսքերով, էական էլ չէ, թե ընտրական օրենսգիրքն ինչպիսին է, կարևորը իշխանության կամքն է և հասարակության անհանդուժողականությունը կեղծիքների նկատմամբ: «Փոփոխությունները միտված են էլ ավելի ուժեղացելու վերահսկողությունը և կենտրոնացնելու իշխանության դերակատարությունը, իսկ ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացրած տեսակետները անտեսվել են»,- Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ասում է նախկին արտգործնախարարը: Այսօրվա ընդդիմադիր դաշտը պատրաստվում է 2012թ. ընտրություններին: Բանախոսի կարծիքով` Հայաստանում միշտ ընդվզում լինում է նախագահական, բայց ոչ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դրան նաև նպաստել է այն փաստը, որ ընդդիմությունն առանձին ճակատներով է հանդես եկել: Ալեքսանդր Արզումանյանն ասում է, որ պետք է ձևավորել միասնական ճակատ, այդ առումով մեզ պակասում է դիվանագիտությունը ներքին քաղաքականության մեջ: «Ընդդիմությունը պետք է մեկ պատուհան լինի, որի միջոցով ժողովուրդը իր բողոքն է արտահայտում»,- ասում է նա: Ալեքսանդր Արզումանյանի կանխատեսմամբ` խորհրդարանական ընտրություններից առաջ երևան կգան պահեստային ընդդիմադիր ուժեր, քանի որ իշխանությունը նորից կկեղծի ընտրությունները: Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտահերթ նախագահական ընտրությունների մասին հայտարարությանը` նախկին արտգործնախարարն ասաց, որ հետխորհրդային երկրներում արտահերթ ընտրություններ լինում են ֆորսմաժորային իրավիճակներում: Միաժամանակ նա նշում է, որ  այսօր Հայաստանի վիճակն ահավոր է, բանակից ամեն օր վատ լուր ենք լսում, էկոլոգիական վիճակը ևս վատ է, երկիրը խեղդվում է կոռուպցիայի մեջ, և սա էլ հենց ֆորսմաժորային վիճակ է: Արդյոք այս ֆորսմաժորային ուժը կստիպի՞ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, ցույց կտան առաջիկա ամիսները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter