HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ովքեր են վանաձորցի տղամարդկանց շահագործողները. խոպանչիները զոհ են դարձել Գինոսյաններին

Հարութ Գինոսյանի հայացքը վստահություն չէր ներշնչում. դա բոլոր բանվորներն են նկատել։ Չվստահելով էլ ընդունել են նրա առաջարկը, որովհետեւ հացի խնդիր ունեին: Դավիթի կնոջը՝ Մանիկին էլ ամենեւին դուր չեկան Հարութի «աղվեսի» աչքերը։ Ամուսնուն խնդրեց հեռու մնալ նրանից։ «Խաբեբա է երեւում, մի գնա»,- զգուշացրեց կինը։

Դավիթը բանի տեղ չդրեց կնոջ կանխագուշակումները ու գնաց խոպան։ «Առաջին տարին Իշխանը դժկամությամբ մի քիչ փող տվեց»` նորից կանչելու մտադրությամբ, իսկ հաջորդ տարի Դավիթին մի կերպ կարողացանք հետ բերել խոպանից, Ռուսաստանում գտնվող բարեկամների միջոցով, մեռած վիճակում. անկողնային հիվանդ, կեղտոտ, ոջիլի մեջ կորած»,- պատմում է Մանիկը: Վանաձորցի Իշխան Գինոսյանը վաղուց արմատներ է ձգել Ուֆայում, թեպետ շարունակում է հայաստանցի մնալ (հաշվառված է Լոռու մարզի Գուգարք գյուղում)։ Այնտեղ հացի արտադրամաս ունի եւ շինարարական կազմակերպություն։ Պայմանագրերով շինարարական աշխատանքներ է իրականացնում, որոնց համար բանվորներ է տանում Հայաստանից։ Խոպանի սեզոնը բացվելու հետ Իշխանի եղբայրը՝ Հարութը, գալիս է Վանաձոր, հավաքում բանվորներին եւ տեղափոխելով նրանց Ուֆա՝ հանձնում է եղբոր «տնօրինությանը»։ Իշխանն այնտեղ դիմավորում է նրանց, հավաքում է անձնագրերը եւ աշխատացնում: Առանց փողի, սոված-ծարավ՝ բանվորներն աշխատում են Իշխանի համար այնքան ժամանակ, մինչեւ հարազատները սկսում են հետաքրքրվել նրանցով։ Շահագործվողների ամենամեծ թիվը եղել է 2002-ին։ Վանաձորից այդ տարի մոտ 40 տղամարդ է տարվել Ուֆա: Բոլորն էլ հետագայում տարբեր ձեւերով հայտնաբերվել են ու վերադարձվել Հայաստան։ Նրանցից ոչ մեկին Իշխանը չի վճարել։ Շատերը վերադարձել են առողջական լուրջ խնդիրներով։ Բուժվելուց հետո էլ ամբողջությամբ չեն վերականգնել առողջությունը։ Այդ տարվա խոպանչիներից Արթուրը պատմում է, որ հունվարի 3-ին Հարութը եկավ իրենց տուն եւ ամսական 150 դոլարով իրեն բանվորի աշխատանք առաջարկեց շինարարությունում։ Հունվարի 6-ին բանվորների խումբը մեկնեց Ուֆա։ Հարութը գնեց տոմսերը՝ պայմանավորվելով, որ դրանց արժեքը հետո պիտի հանվի նրանց աշխատավարձից։ Ուֆայում Իշխանը դիմավորեց բանվորներին եւ միանգամից տարավ շինարարության վրա աշխատելու: Շուտով նրանց միացան ուրիշ բանվորներ։ Հենց սկզբից անձնագրերը վերցրին նրանց ձեռքից։ Առաջին ամսվա աշխատավարձը չվճարվեց բանվորներին, համարվեց տոմսի գումար։ Հետո Իշխանը սկսեց խաբել նրանց՝ ամեն անգամ խոստանալով վճարել կատարելիք հաջորդ աշխատանքից հետո։ Հետո էլ խաբում էր, թե աշխատավարձը նրանց տներն է ուղարկում։ Բանվորների մի մասն էլ մտածում էր, թե վերջում միանգամից կստանա աշխատած գումարը։ Սկզբում բանվորներն իրենք էին խանութից գնումներ կատարում։ Ցուցակագրում էին իրենց անհրաժեշտ մթերքն ու իրերը, եւ նրանցից մեկը գնում բերում էր դրանք։ Առձեռն փող նրանց չէր տրվում։ Այդ գնումների համար Իշխանն էր վճարում, որպեսզի հետո այդ գումարները պահեր նրանց աշխատավարձից։ Խանութի վաճառողին էլ նախազգուշացրել էր բավորներին տրվող մթերքների մասին. նրանք չէին կարող միս, յուղ վերցնել։ Ընդեղենով, մակարոնեղենով էին սնվում։ Սկզբում Իշխանը թույլատրում էր նրանց իր հեռախոսով մեկ րոպեից ոչ ավելի խոսել հարազատների հետ, հետո այդ զանգերն էլ արգելեց։ «Աշխատում էինք 12 ժամից ավել, օր էր լինում՝ մինչեւ 16 ժամ։ Ոջիլ էլ կար, ամեն ինչ էլ կար։ Սպիտակեղեն բացարձակ չի եղել։ Փետի բատոններ կամ քարփիչ էինք դնում իրար կողքի, քնում»,-պայմանների մասին պատմում է Արթուրը։ Բանվորները սկզբում Ուֆայում էին աշխատում։ Ապրիլի վերջերին տեղափոխվեցին Մեսյագուտով ավանը, որտեղ մնացին մինչեւ ամառվա կեսերը։ Հետո նորից վերադարձան Ուֆա։ Իշխանը խոստացել էր, որ Ուֆայում բանվորներին աշխատավարձ կտա։ Բայց տանիքի շինարարությունն ավարտելուց հետո էլ փող չտվեց, եւ բանվորները վերջնականապես հուսահատվեցին։ Նրանցից մի քանիսը կապ հաստատեցին տարբեր քաղաքներում ապրող իրենց բարեկամների հետ եւ նրանց օգնությամբ հեռացան այդտեղից, մեկ-երկուսն էլ արթիկցի մի հայի միջոցով Մեսյագուտովի անձնագրային բաժնից վերադարձրին իրենց անձնագրերը, ուր դրանք տարվել էին իբր թե բանվորներին գրանցելու համար, եւ ուրիշ գործատուի մոտ գործ ճարելով՝ տեղափոխվեցին։ Արթուրն ասում է, որ անձնագիրը վերադարձնելուց հետո էլ ինքը ոչ մի տեղ չէր կարող գնալ: «Ոչ փող ունեի, ոչ էլ առողջություն՝ ուրիշ աշխատանք փնտրելու»,- ասում է Արթուրը։ Այլեւս չէր կարողանում աշխատել։ Ծեծելով տարան փուռ։ Մի որոշ ժամանակ էլ այնտեղ աշխատեց։ Բայց ցավերն անտանելի էին դառնում։ Արդեն անշարժունակ էր դարձել։ Հիմնականում պառկած էր լինում։ Պատմում է, որ տղաները փայտ էին բերում ու ստիպում, որ հետները սղոցի, որպեսզի մկանները բացվեն։ Նրա վիճակը չէր մտահոգում Իշխանին. ոչ բուժման էր տանում, ոչ էլ տուն էր ուղարկում։ Այդպես մնաց մինչեւ ամառվա սկիզբը։ Նրանից ոչ մի լուր չունենալով՝ հարազատները սկսեցին անհանգստանալ, դիմել տարբեր կազմակերպությունների, տարբեր ատյաններ։ Վերջապես Արթուրը հայտնաբերվեց Հայաստանի իրավապահների օգնությամբ։ Իշխանը հաշվարկեց նրա աշխատավարձը՝ աշխատանքի վարձատրությունից հանելով այն գումարը, որ ծախսել էր նրան կերակրելու համար: Վերջնահաշվարկը կազմեց 2000 ռուբլի։ Այսինքն՝ այդքան ժամանակ բանվորը հազիվ իր «մի փոր հացն» էր վաստակել։ «Բայց շատ ժամանակ կիսաքաղց եմ եղել, շաբաթներով բան չէր տալիս»,- պատմում է տուժողը։ Այդ գումարից հազար ռուբլին էլ վճարեց օդանավակայանում, որպեսզի «ավելորդ տուգանքի գործ չբացվեր» այդքան ժամանակ առանց գրանցման ապրելու համար, եւ 1000 ռուբլով վերադարձավ Հայաստան։ Հետո պարզեց, որ իրեն արտաքսել էին երկրից։ Արթուրը հավատացնում է, որ իրենք չէին կարող ըմբոստանալ շահագործողների դեմ, քանի որ ցրված էին, 6-7 հոգանոց խմբերի բաժանված։ «Իշխանը վախի մթնոլորտ էր ստեղծել մարդկանց մեջ, ոնց որ բանակ կամ բանտ ըլներ։ Մի երկու հոգու դուխ էր տալիս, սկսում էին ճնշել, երբ որ մեկը խոսում էր նրանց դեմ»,- ասում Արթուրը։ Վանաձորցի Հրաչը պատմում է, որ երեք հոգով օրական քսան պարկ ալյուրից հաց էին թխում։ Աշխատում էին գիշեր-ցերեկ, առանց հանգստի։ Իսկ երբ հոգնածությունից քնում էին, հայր Գինոսյանը պատրաստ կանգնած էր, որ արթնացնի։ Տեսնելով, որ Իշխանը ոչ աշխատանքի գումարն է տալիս, ոչ պատրաստվում է իրեն Հայաստան ուղարկել, եղբոր հետ տեղափոխվել էր արթիկցի հայի մոտ։ Հենց նա էլ օգնել էր բանվորներին վերադարձնել իրենց անձնագրերը։ Հրաչի եղբոր՝ Հայկի անձնագիրն էլ Իշխանը ալյուրի դիմաց գրավ էր դրել։ Բանվորների պատմելով՝ «խազեիններն էլ էին զզված Իշխանից». գործը վերցնում էր, նախապես ստանում գումարն ու դեռ չսկսած՝ անցնում նոր գործի։ Բանվորները պատմում են նաեւ, որ Ուֆայում Իշխանին բոլորը ճանաչում էին, ոչ ոք չէր ուզում նրա անունը լսել։ Մի անգամ բանվորներից մեկին տարած են եղել ոստիկանություն, Իշխանը գնացել է նրա հետեւից, բայց նրան էլ են ձերբակալել։ Իշխանի հետեւից էլ Բոզգեղցի Մասուրն է եկել, որ հայտնի հեղինակություն էր Ուֆայում։ 2002-ից հետո էլ Գինոսյանները շարունակել են այս նույն գործով զբաղվել։ Դրանից հետո էլի շատերն են բերվել Ուֆա։ Վերջին զոհը, ըստ «Հույս եւ օգնություն» ՀԿ-ի՝ մեզ տրամադրած տվյալների, վերադարձվել է այս տարվա հունիսին: Ոստիկանության Վանաձորի բաժնի տվյալներով՝ մարդկանց շահագործման համար 2008 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Իշխան Գինոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ 2009 թ. հունվարի 30-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Իշխան Գինոսյանը գտնվում է հետախուզման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter