HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Փոխնախարարների հրաժարականների թիկունքում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականները` առողջապահության նախարարությունում կատարել կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից, վերջացրած փոխնախարարներով, տվեց առաջին պտուղները. հրաժարական տվեցին փոխնախարարներ Աբրահամ Մանուկյանն ու Թաթուլ Հակոբյանը:

Իր այս պահանջը վարչապետը հիմնավորել էր այսպես. «Լրջագույն դժգոհություններ են հասնում մեզ առողջապահության ոլորտում կոռուպցիոն երեւույթների մասին»: Իսկ կոնկրետ փոխնախարարների եւ աշխատակազմի ղեկավարի մասին հիշատակելիս նա հատուկ շեշտել էր. «..որոնք այդ գործառույթներին մասնակցել են կամ բավարար չափով չեն պայքարել այս երեւույթների դեմ»: Հրաժարականի դիմումներ ներկայացնելով` փոխնախարարները, փաստորեն, անուղղակիորեն իրենց վրա վերցրին վարչապետի հնչեցրած մեղադրանքները: Եվ այդ հանգամանքն ինքնին լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Նախ` երբ վարչապետը խոսում էր «կոռուպցիոն երեւույթներին» մասնակցության մասին, չէր կարող նկատի չունենալ կոնկրետ իրողություններ եւ ձեռքի տակ չունենալ կոնկրետ փաստեր: Եվ քանի որ կոռուպցիոն երեւույթները չեն կարող քրեական տարրեր չպարունակել, ապա ստացվում է, որ վարչապետը, իսկ հանձնարարականը ստանալուց հետո նաեւ առողջապահության նախարարը, ոչ միայն ուղղակի նախընտրեցին չխոսել այդ մասին, այլեւ շատ հանգիստ ճանապարհ դրեցին կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնյաներին:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե փոխնախարարներն այդպիսի արարքներ (կրկնում ենք` կոռուպցիան ենթադրում է հատկապես քրեական բնույթի գործողություններ) էին կատարել, ապա նրանք ոչ թե պետք է պրծնեին հրաժարական ներկայացնելով ու հանգիստ հեռանալով, այլ քրեական պատասխանատվության կանչվեին: Եթե դա չի արվում, նշանակում է` կամ այդպիսի փաստեր չկային, կամ կային, բայց նախընտրելի համարվեց լռել դրանց մասին` «եւ ոչխարներն են տեղը, եւ գայլերը` կուշտ» սկզբունքով: Սակայն կա նաեւ երկրորդ խնդիրը:

2010 թ. մարտի տվյալներով` հրաժարական տված երկու փոխնախարարներն էլ եղել են անկուսակցականներ: Մինչդեռ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը ՀՀԿ անդամ է: Եվ չնայած վարչապետն իր ելույթում նշեց նաեւ վերջինիս մասին, սակայն  աշխատակազմի գործող ղեկավարը փոխնախարարների հետ հրաժարական չներկայացրեց` չնայած չի բացառվում, որ առաջիկայում նա կանի այդ քայլը: Ամեն դեպքում, դա նշանակում է, որ կամ նա այնքան վստահ է իր վրա, որ չի վախենում անգամ ծառայողական քննության անցկացումից, որի արդյունքում միայն աշխատակազմի ղեկավարին կարող են ազատել զբաղեցրած պաշտոնից, կամ վստահ է, որ չեն պնդի, որ ինքը հրաժարական տա, եւ կշարունակի պաշտոնավարել: Այլ կերպ ասած` նա այլ երաշխիքներ ունի, քան օրենքով սահմանված պաշտպանության միջոցները:

Մի կարեւոր հանգամանք եւս. առողջապահության մյուս երկու փոխնախարարներն անդամակցում են Հանրապետական կուսակցությանը: Եվ ստացվում է, որ հարվածն իրենց վրա են ընդունել հենց անկուսակցական փոխնախարարները, այսինքն` նրանք, ովքեր չեն ունեցել «ալիբին» ապահովող այնքան անհրաժեշտ կուսակցական մանդատները: Իսկ դա իր հերթին ցույց է տալիս, որ չնայած կոռուպցիայի համակարգային բնույթին, մյուս պատասխանատու, հատուկ շեշտում ենք` կուսակցական պաշտոնյաները մնում են անձեռնմխելի, եւ քավության նոխազ են դառնում նրանք, ովքեր թիկունքից պաշտպանող չունեն:

Գործող կառավարման համակարգում հենց այդպես էլ պիտի լիներ, որովհետեւ, օրինակ, եթե աշխատակազմի ղեկավարը եւս հրաժարական տա(ր),  կնշանակի, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր կամ ներգրավված են կոռուպցիայում կամ բավարար կերպով չեն պայքարում դրա դեմ, ինչպես նշում է վարչապետը:

Իսկ կուսակցության «մաքուր դեմքը» պահպանելու գերխնդիրը ստիպում է պաշտպանության տակ առնել բոլոր կուսակցականներին, կամ առնվազն նրանց, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում: Սա նույնիսկ աղետալի հետեւանքներով հղի միտումներ է պարունակում: Հիմա արդեն բոլորը` նախարարներից սկսած մինչեւ աշխատակազմերի կրտսեր պաշտոններ զբաղեցնողները, գիտեն ու հասկանում են, որ որպեսզի անձեռնմխելի մնան ու վարչապետի սկսած հակակոռուպցիոն յուրօրինակ պայքարում քավության նոխազի դերում չհայտնվեն, պետք է պարտադիր դառնան իշխող կուսակցություններից որեւէ մեկի անդամը: Կուսակցական պատկանելությունը դառնում է շատ ավելի որոշիչ, քան օրենքի տված երաշխիքները: Սա կարող է կազմաքանդել եւ ողջ պետական կառավարման, եւ քաղաքական համակարգերը: Սակայն սա դեռ ամենը չէ: Հիշեցնենք, որ 2008-09 թթ. սահմանագծին վարչապետը այս երկու փոխնախարարներին էլ խիստ նկատողություն էր հայտարարել` պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար, ինչը կապված էր «Կակտուս» ռեստորանի առջեւ տեղի ունեցած մի միջադեպի հետ: Այսինքն` դեռ մեկուկես տարի առաջ վարչապետը բոլոր հիմքերն ուներ, որ նրանք պաշտոնից ազատման դիմումներ գրեին: Սակայն, չգիտես ինչու, այն ժամանակ նման քայլի չգնացին:

Փաստն այն է, որ ներկայում երկուսն էլ աշխատանքային հարաբերություններում լուրջ խնդիրներ են ունեցել նախարարի հետ: Այսինքն` եւ նախարարի, եւ վարչապետի հետաքրքրությունները նրանցից ազատվելու հարցում խիստ համահունչ են եղել հենց այս պահին: Նման վիճակ է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի տեսչության պարագայում:

Նախարար Գերասիմ Ալավերդյանի ցանկությունը` դեռ ամիսներ առաջ ազատվելու տեսչության պետի պաշտոնը զբաղեցնող Վռամ Գյուլզադյանից, եղել է բացահայտ: Նա անգամ Քաղծառայության խորհուրդ էր դիմել` Գյուլզադյանին պաշտոնից ազատելու համար ծառայողական քննություն անցկացնելու հարցով: Սակայն այն ժամանակ, այսինքն` այս տարվա ամռանը,  Ալավերդյանին դա չհաջողվեց, որովհետեւ ՔԾԽ-ն Գյուլզադյանին ազատելու համաձայնություն չտվեց. չէր հիմնավորվել նրան վերագրվող կարգապահական խախտումը: Վարչապետի այս հանձնարարականը ինչպես առողջապահության, այնպես էլ գյուղատնտեսության նախարարի համար լավ հնարավորություն ստեղծեց` ազատվելու անցանկալի կադրերից:

Համեմատության համար նշենք, որ չնայած վարչապետը կոռուպցիայի խորացում թույլ տալու մեջ մեղադրեց նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, սակայն զերծ մնաց կոնկրետ պաշտոններ կամ մարդկանց մատնանշելուց: Գրեթե վստահ կարելի է ասել, որ այստեղ հանրությունը չի տեսնելու «մեծ շնաձկների» որս: Որովհետեւ, շատ հնարավոր է` այստեղ նախարարի հետ լուրջ անձնական խնդիրներ ունեցողներ դեռ չեն եղել: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այս ամենն արվում է այնպիսի «երկաթյա» պատճառաբանությամբ, որ հասարակության մեջ երկիմաստություններ չառաջանան: Այնպես որ, այս հակակոռուպցիոն պայքարը նաեւ անձնական խնդիրներ լուծելու հնարավորություն է ստեղծում, որը նույնիսկ հեռավոր աղերսներ չունի իրական կոռուպցիայի դեմ պայքարի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter