HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկակի հաշվապահություն» անվտանգության հին ու նոր զգացողություններում

Լոնդոնյան Թագավորական ինստիտուտի` Chatham House-ի հեղինակավոր մրցանակն այս տարի իր պատմության մեջ առաջին անգամ շնորհվեց Թուրքիայի ներկայացուցչին` նախագահ Աբդուլլահ Գյուլին: Չնայած Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների ժողովրդավարացման, դեպի իսլամական աշխարհ ժողովրդավարության ուղեկցորդի դերակատարումը Թուրքիային վերապահելու գաղափարն ամերիկյան է,

սակայն բոլոր այն գործընթացներում, որոնք նախաձեռնելու համար նախագահ Գյուլը նոյեմբերի 9-ին անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհուց ստացավ մրցանակը, Թուրքիան հակաամերիկյան քայլեր էր անում:

Պետք է ենթադրել, որ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի առաջնորդին մրցանակ շնորհելու մասին այս տարվա մարտին կայացված որոշումը յուրատեսակ կանխավճար էր Թուրքիայի ապագա լավ պահվածքի համար: Այն ժամանակ բոլոր գործընթացները դեռ դրական զարգացման միտում ունեին: Բավական արագ ամրապնդվեց ու գերիշխող դարձավ այն պնդումը, որ Թուրքիայի անվտանգության նոր հայեցակարգի հիմնական արտաքին հասցեատերը ԱՄՆ-ն է, որ հենց նրանով է պայմանավորված թե «թշնամության» եւ «գործընկերության» թուրքական պաշտոնական ընկալումների գլխիվայր շուռ գալը, եւ թե փակ փաստաթղթի ճիշտ ժամանակին «գաղտնազերծումը»:

Չէ՞ որ Թուրքիայի նոր տրամադրվածությունների գլխավոր ինտրիգը Իսրայելն է, եւ նրա հետ թշնամության ֆոնին մնացած բոլոր երկրներից բխող սպառնալիքներն այնքան դժգույն ու թույլ են դառնում, որ կարելի է դրանք նույնիսկ անվավեր համարել:

Բացատրությունները, թե ինչու է, ի տարբերություն այլ երկրների, Թուրքիայի անվտանգության հայեցակարգը գաղտնի պահվում բոլորից, եւ առաջին հերթին` սեփական հանրությունից, բավական ժլատ են ու կցկտուր, սակայն դրանցից կարելի է անել մեկ եզրակացություն. գաղտնիությունն «ամեն դեպքի համար է». նախ` որովհետեւ այս փաստաթղթից կարելի է պատկերացում կազմել այն միջոցների մասին, որոնցով Թուրքիան ծրագրում է չեզոքացնել իր անվտանգության սպառնալիքները, երկրորդ` որովհետեւ դրանում նկարագրված են վերաբերմունքներ, որոնք կարող են դուրեկան չլինել ոչ հարեւան, ոչ էլ սեփական հանրություններին:

Գաղտնիությունը գաղտնիություն, բայց դրա պայմաններում ավելի ուշագրավ է դառնում ցանկացած գաղտնազերծում, մանավանդ, երբ խոսքն այնպիսի քաղաքական միակողմանի անակնկալների մասին է, ինչպիսիք Թուրքիան մատուցեց սահմանամերձ/սահմանակից պետություններին` Հայաստանին ու Ռուսաստանին, Իրանին ու Իրաքին, Հունաստանին ու Սիրիային, վերջապես` եղբայրական Ադրբեջանին:

Չնայած Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության ֆոնին մնացած երկրների 180 աստիճանի շրջված ընկալումները ջանասիրաբար ներկայացվում են որպես «հարակից երեւույթներ»` այն խառնաշփոթը, որ առաջացավ մերձավոր հարեւանների եւ Թուրքիայի փոխընկալումներում, կարող է հետագայում ոչ պակաս մարտահրավերներ առաջացնել: Եվ Թուրքիայի, եւ սահմանակից երկրների (այդ թվում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի) համար:

Թուրքիայի  նախորդ ռազմավարական դոկտրինն էլ էր նույն ժամանակահատվածում գործող այլ երկրների համանուն փաստաթղթերին հակասում անվտանգության փոխընկալումների առումով: Ինչպես, օրինակ, 2005 թ. Վրաստանում եւ Թուրքիայում ընդունված անվտանգության ռազմավարությունների դեպքում էր, երբ Վրաստանում Թուրքիան հայտարարվեց ռազմավարական գործընկեր պետություն, իսկ Թուրքիայում Վրաստանը շարունակեց մնալ իր անվտանգությանը սպառնացող երկրների ցանկում:

Հիմա վրաց-թուրքական տրամադրվածությունները կարող են հակադարձ համեմատական դառնալ: Այս նոր փաստաթղթում Վրաստանը Հայաստանի եւ մի շարք այլ երկրների նման դուրս է եկել Թուրքիայի անվտանգությանը սպառնացող երկրների ցանկից: Մինչդեռ առայժմ փաստ չէ, որ կարճ ժամանակ անց, երբ Վրաստանում ավարտվեն երկրի անվտանգության նոր ռազմավարության դոկտրինի մշակման ներկայումս ընթացող աշխատանքները, Թուրքիան կշարունակի գնահատվել այնպես, ինչպես նախկինում` կմնա Վրաստանի ռազմավարական գործընկերը: Եթե Վրաստանում որոշել են վերանայել երկրի անվտանգության ռազմավարությունը 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո ձեւավորված իրողությունների պատճառով, ապա մեր ենթադրությունը հիմնավոր է. Թուրքիան դժվար թե դարձյալ համարվի Վրաստանի ռազմավարական գործընկերը, քանի որ ոչ միայն (գոնե քաղաքական հայտարարությունների մակարդակով) չսատարեց Վրաստանին օգոստոսյան ռազմական բախումների ժամանակ, այլեւ կտրուկ ակտիվացրեց ու նոր բնույթ հաղորդեց Ռուսաստանի հետ իր հարաբերություններին:

Էլ ավելի խճողված, նույնիսկ դրամատիկ սցենարների պատճառ կարող է դառնալ Թուրքիայի նոր ռազմավարությունը թուրք-ադրբեջանահայկական հարաբերությունների (փոխ)ընկալումներում` քաղաքական հիասթափությունից մինչեւ քարոզչական անհարմար իրավիճակների ստեղծում:

Ստացվում է, որ Հայաստանին իր թշնամի երկրների ցանկից հանելով` Թուրքիան ազդարարում է հայ-թուրքական կարգավորման գործում իր պատրաստակամությունը, իսկ Թուրքիային իր անվտանգությանը սպառնացող երկիր համարող Հայաստանը նման «բարի կամք» չի  ցուցաբերում:

Նրանց համար, ովքեր առանձապես չեն խորանում այս «մեծ նորության» մեջ, այդքանն արդեն հերիք է Թուրքիայի դրական ու Հայաստանի բացասական քաղաքական իմիջների մասին եզրակացություն անելու համար:

Թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Կաբակչին, որը նոյեմբերի 7-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւում էր որպես դիտորդ, Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի թշնամիները Ադրբեջանի թշնամիներն են, եւ հակառակը` Ադրբեջանի թշնամիները նաեւ Թուրքիայի թշնամիներն են: Պատկերացնելու համար, թե ադրբեջանական կողմում ինչքան ցավ է առաջացրել փաստը, որ Թուրքիայի համար Հայաստանն այլեւս սպառնալի երկիր չի համարվելու առնվազն 5 տարվա ընթացքում, մեծ երեւակայություն պետք չէ:

Ի տարբերություն հանրահայտ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ թուրք-ադրբեջանական նյարդային սրացումների, այս անգամ թե պաշտոնական Ադրբեջանը, թե մամուլը լռում են Թուրքիայի կողմից վերագնահատված թշնամիների ցուցակից Հայաստանին հանելու փաստի մասին կամ էլ բավարարվում են փաստի արձանագրումով: Առայժմ ոչ Ադրբեջանում, եւ ոչ էլ Թուրքիայում հանրային դեմարշներ Հայաստանի առիթով չեն եղել:

Մինչդեռ, օդում հաստատ կախված է հարցը, թե այդ ինչպես պետք է Թուրքիան, մի կողմից, Հայաստանին վերաբերվի որպես ոչ թշնամական պետության, իսկ մյուս կողմից` լինի Ադրբեջանի անվտանգության երաշխավորն ու նպաստի նրա ռազմական հզորացմանը:

Չէ՞ որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին Հայաստանն է, եւ այս տարվա մայիսին Թուրքիան վերստին հաստատեց Ադրբեջանի անվտանգությունը պաշտպանելու իր պատրաստակամությունը (կնքվեց Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որտեղ Թուրքիային վերապահվում է առանցքային դերակատարություն) Հայաստանի ագրեսիայի հետեւանքները շտկելու հարցում: Ադրբեջանի համար անհաճո իրավիճակ է ստեղծվել նաեւ Իսրայելի հարցում: Ինչպե՞ս պնդել «քո թշնամին իմ թշնամին է» բանաձեւը, եթե այս պահին Ադրբեջանին ամենեւին ձեռնտու չէ Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելը: Շահերն են տարբեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter