HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Վանյանը` ինչպես թոնդրակյա՞ն

«Մարդը ուղղակի որոշել է ինչ-որ բան անի առանց գաղափարի, դա գումար վաստակելու միջոց է Վանյանի համար»,- ասում է բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նա ադրբեջանական ֆիլմերի փառատոնը համարում է ձախողված, քանի որ այն իր կարծիքով` ոչ ժամանակին է, ոչ տեղին, ինչպես ինքը մեջբերեց`ժողովրդի լեզվով ասած` անկապ տեղը: Փառատոնը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից: Վանյանին հրավեր էր ուղարկվել «Ազատություն» ռադիոկայանից` մասնակցելու բանավեճին, բայց նա հրաժարվեց: «Մարդը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից, չի գալիս մի ռադիոկայան, որը նույնպես ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից, փաստորեն ինքը կամ ասելիք չունի, կամ իր ասելիքը այնքան թույլ է, որ չունի ներկայացնելու բան: Վանյանին պետք է PR, նա դա դարձրել է բիզնես, այնտեղ գաղափարախոսություն չկա»,- ասում է բլոգերը: Նրա խոսքերով` փոխարենը մենք պետք է հզորացնենք բանակը եւ վանյանանման էլեմենտներին դուրս հանենք շրջանառությունից: Տիգրան Քոչարյանն ասում է, որ նախ Ադրբեջանում թող հայկական մշակույթի հետ կապված մեկ միջոցառում անցկացնեն: Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի համար անհասկանալի է, որ, բացի փառատոնից, ամեն ինչի մասին խոսվում է: Նա դեմ չէ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը: Գեորգի Վանյանին վաղուց է ճանաչում, նրան համարում է հրաշալի մտավորական` օժտված լուրջ, անալիտիկ մտածողությամբ: Բեմադրիչին շատ հետաքրքիր է, թե տարբեր երկրներում ինչ ֆիլմեր են նկարում, ասում է` դրանք օրինակներ են, դրանց վրա պետք է սովորել: Տիգրան Քոչարյանն էլ ասում է, որ եթե Դադասյանին հետաքրքրում են ադրբեջանական ֆիլմերը, թող ինտերնետով նայի, բայց Հայաստանում փառատոն չկազմակերպեն: Ժիրայր Դադասյանը հիշում է, որ երբ 2001 թ. Հայաստանում ինքը կազմակերպել էր «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց եւ նայեց ներկայացում: Այդ ժամանակ Դադասյանը փորձել էր ճշտել նրա կարծիքը այն բանի մասին, որ Բաքվի Մնջախաղի թատրոնին էլ հրավիրեին Հայաստան, իսկ նախագահը պատասխանել էր, որ ինքն այդ առումով բարդույթներ չունի: «Մենք պետք է բարդույթներ չունենանք եւ այսքան չքաղաքականացնենք այս խնդիրը»,- ասում է Ժիրայր Դադասյանը: Իսկ Տիգրան Քոչարյանը նշում է. «Ի՞նչ կինո, երբ բանակում տղաներ են զոհվում ադրբեջանցիների ձեռքով»: Ժիրայր Դադասյանն էլ դրան պատասխանում է. «Իմ երեխան, ձեր երեխան, եթե ապրելու են այս հողում, պետք է փորձենք գտնել ինչ-որ եզրեր նրանց հարեւանությամբ ապրելու համար»: Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասում է, որ եթե Ազգային անվտանգության ծառայությունը կազմակերպեր այս փառատոնը, այսպիսի արձագանք չէր լինի. «Սա ճանապարհներից մեկն է թշնամուն լավ ճանաչելու համար, որպեսզի հետո կարողանաս լավ հարվածել»: Ժիրայր Դադասյանն ասում է, որ եթե անցկացվի այդ փառատոնը, ինչ պետք է փոխվի, իսկ բլոգերը շեշտում է` ինչու՞ պետք է անցկացվի. «Ես ցավում եմ այդ ազգանունի համար, շատ կարգին մարդիկ կան այդ ազգանունով, բայց Վանյանը դարձել է բրենդ, ինչպես թոնդրակյան եւ այլն, Վանյանը դարձել է հայհոյանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter