HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

20-ամյակը Ազատության հրապարակում` ժամանակակից արվեստագետների կատարմամբ

Դեռ մեկ ամիս առաջ ժամանակակից արվեստի որոշ ներկայացուցիչներ քննարկումներ էին սկսել Ազատության հրապարակում Անկախության 20-ամյակի պետական տոնակատարությունների ֆոնին ալտերնատիվ արվեստի ցուցահանդես-ակցիա կազմակերպելու մի գաղափարի շուրջ:

Որպես քննարկման գլխավոր նյութ շեշտվում էր, որ Հայաստանի անկախությունից 20 տարի անց Հայաստանի ժամանակակից արվեստը, որը ծագել էր դեռեւս խորհրդային տարիներին,  հայտնվել է գրեթե բացօթյա կեցության վիճակում: Ցուցահանդես-ակցիան պետք է հակադրվեր անկախության 20-ամյակին նվիրված բոլոր այլ պետական միջոցառումներին: Այն տեղի ունեցավ գլխավոր տոնակատարություններից մի քանի օր անց եւ, բնականաբար, տարբերվեց թե նպատակների, թե օգտագործված միջոցների եւ թե մասսայականության առումով:

Ցուցահանդես-ակցիային մասնակցեցին Արման Գրիգորյանը, Գագիկ Ղազարեն, Դիանա Հակոբյանը, Եվգինե Մարտիրոսյանը, Լեւոն Ֆլջյանը, Կարեն Բարսեղյանը, Հարություն Զուլումյանը, Նարինե Զոլյանը, Սահակ Պողոսյանը, Սամվել Սաղաթելյանը: «Արվեստագետները փորձում են կազմաքանդել եւ վերաձեւակերպել իրականում անժխտելի արժեք հանդիսացող «անկախության»` ներկա իշխանական կոդերը: Նրանք կասկածի են ենթարկում 20 տարիների ընթացքում երկրում սերմանված քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային արժեհամակարգը, փաստում իրողությունների հարաբերականությունը»,- գրում է Լիլիթ Սարգսյանը ցուցահանդեսի տեքստում:

Սահակ Պողոսյանը տեղադրել էր իր հսկայական երեսունդրամանոցը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շքամուտքի հարթակի վրա, ուր սովորաբար տեղադրվում են հանդիսանքների անբաժանելի ատրիբուտները` բարձրախոսները: Այս երեսունդրամանոցը, որը հրապարակում հասցրեց «բանից անտեղյակ» լուսանկարվող երեխաների հավաքել իր շուրջը, հեղինակի «Հայկական ԴՐԱՄ-ա» նախագծի կենտրոնական օբյեկտն է, որը ցուցադրվել է Լոս Անջելեսի «Հարվեսթ» ցուցասրահում 2006 թ.-ին:

«Այդպիսի դրամ գոյություն չունի, այդպիսի նոմինալ գոյություն չունի: Դա նշանային համակարգում շատ հայտնի Աստվածաշնչի 30 արծաթի հետ կապված ուղերձն է: Իսկ ինչու 30 դրամը հենց հատկապես այս տեղում, որովհետեւ, լինելով հաղթական մի տեղ, որտեղ վերջին 20 տարում Հայաստանում հիմնական քաղաքական գործառույթներն են տեղի ունեցել, եւ որտեղ տեսել ենք բազմաթիվ պատմություններ կամ ակտեր, ես ուղղակի ուզեցել եմ հասարակությանը ցույց տալ, որ գոյություն ունի նաեւ պատմական հիշողության փաստը:

««30 արծաթի» պատմությունն ինքը լինելով դրամա` մեր իրականության մեջ բազմաթիվ այդպիսի դրամաներ ենք ունեցել այստեղ: 88 թվականի շարժումներից, մարդկային թաղումներից, ամբողջ պրոցեսներից սկսած, որ այն ժամանակ տեղի էին ունենում, մինչեւ այսօրվա հանրահավաքները եւ քաղաքական գործառույթները, հիմնականում դրանք դրամայի արտահայտություններ են, մեր հայկական դրամայի»,- մեկնաբանում է արվեստագետ Սահակ Պողոսյանը:

Արման Գրիգորյանը որոշել էր Հովհաննես Թումանյանի արձանի պատվանդանին փակցնել իր պաստառները` դիմելով տեքստային գաղափարախոսական կարգախոսներին: Դրա համար նա օգտագործել էր այնպիսի ճակատային հայտարարություններ, ինչպես, օրինակ, վերջերս պոպուլյար դարձած` «Մենք մշակութային հեղափոխություն ենք անում» խոսքերը: Գուցե որոշ ժամանակ է անհրաժեշտ` հասկանալու, թե ինչ մշակութային հեղափոխություն եղավ մի քանի ժամով Ազատության հրապարակում այս մեծ պաստառների հայտնվելուց եւ դրանց ֆոնին լուսանկարվելուց հետո:

Այս ցուցահանդես-ակցիային մեկ այլ պաստառ-նախագիծ հանրությանը ներկայացրեց Սամվել Սաղաթելյանը, ով համարվում է «այլաբանական գրոտեսկի վարպետ»: Այս պաստառն ի սկզբանե հավակնում է սկանդալային լինել:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի անկյունային մասում կարելի էր տեսնել «Սիրո մարմին» պաստառը, որի միջոցով հեղինակը կոչ էր անում վերաիմաստավորել սերը: Սիրո երկու կռվաններ հանդիսացող հավատքն ու սեռականությունը հեղինակն ուզում է տեղերով փոխել եւ գլխիվայր շրջել եկեղեցուն եւ հավատքին վերաբերող կարծրատիպերը: Դրա համար օգտագործվում է Էջմիածնի Մայր տաճարը եւ սեռականություն արտահայտող պատկեր:

Արվեստագետներից երկուսը` Գագիկ Ղազարեն եւ Նարինե Զոլյանը, որոշել էին իրենց ասելիքն արտահայտել շապիկների միջոցով եւ պարզապես գտնվել հրապարակում` կրելով այդ շապիկները: Գագիկ Ղազարեն իր շապիկի վրա ցուցադրում է բանակում զոհված զինվորների մայրերի բողոք-ակցիաներից լուսանկարներ` իր ակցիան կոչելով «Հայաստանը դու ես»:

«Կոնցեպտուալիստական մոնումենտալ ակցիա» իրականացրեց Կարեն Բարսեղյանը` Ազատության հրապարակի գետնին սպիտակ կավճով գրելով «Ազատության հրապարակ»: Այս 40-մետրանոց տեքստի արձանագրումը, եթե շատերին պարզ չէ, նշանակյալին իր անվան նշանակությունը վերադարձնելու ժեստ էր, որը նաեւ կարողանում էր խաղարկել հրապարակի անվանափոխության հարցը:

«Անկախության 20-ամյակը դարձավ այս վերջին օրերի ամենակարեւոր իրադարձությունը, ավելի ճիշտ` տոնակատարությունները, որոնք գրավել էին մեր կյանքը մի քանի օր շարունակ, թեեւ մենք սպասում էինք այդ օրվան: Մենք պետք է անեինք մի բան բաց հրապարակում եւ հատկապես հենց այս հրապարակում, որը, կարծում եմ, քաղաքացիական հասարակության ձեւավորման ամենակարեւոր տեղն է Հայաստանում` Ազատության հրապարակը: Եվ ցուցահանդեսը պետք է լիներ ազատ, անկախ, անբյուջե եւ արվեստագետների ազատ կամքի եւ ցանկության վրա հենված»,- ասում է Լիլիթ Սարգսյանը:

Արվեստաբանի խոսքերով` տարբեր հակադիր տեսակետներ կային արտահայտված Ազատության հրապարակում իրականացված ցուցահանդես-ակցիայում, իսկ այն առանցքը, որի շուրջը միացել էին այս արվեստագետները, այն էր, որ նրանք այլ աչքով են նայում իրականությանը եւ արվեստին, պաշտոնական «շրջանակների» մեջ չտեղավորվող արվեստագետներ են:

Այս ակցիան պետք է ոչ միայն հանրային նշանակություն տար արտիստական արարքին, այլեւ մեկ անգամ եւս վերհաներ ժամանակակից արվեստի տեղի խնդիրը, ինչպես ասում են իրենք` արվեստագետները, այն, որ անկախացումից  20 տարի անց մեզանում այս արվեստը դեռ «օդից կախվածի» կարգավիճակում է: Իհարկե, այս ցուցահանդես-ակցիան չէր հավակնում որեւէ բան փոխել ժամանակակից արվեստի կարգավիճակի առումով. արվեստագետները եւս մեկ անգամ բախվեցին մարդկանց անտարբերությանը իրենց ներկայացրած արվեստի նկատմամբ:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter