HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետաքննող լրագրողներն» ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անգործության

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը (նստավայրը` Գյումրի, նախագահությամբ Էդ. Նահապետյանի) վարույթ է ընդունել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Գյումրու քաղաքապետի դեմ հայցադիմումի պատճառը եղել է «Հետք» թերթի համար (որի հիմնադիրներից է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) նախատեսված հոդվածաշարը Ալեքսանդրապոլի հին տոհմերի եւ 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների մասին: Գյումրեցի ազդեցիկ տոհմերից մեկի` Դրամփյանների պատմությունը ներկայացվել է «Հետքի» թիվ 21 համարում: Անդրադառնալով այս տոհմին` չի շրջանցվել նաեւ նրանց ժառանգ Իրինա Աբաջյանի եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ երկարատեւ դատական վեճը: Այս առիթով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Գյումրու քաղաքապետին դեռեւս այս տարվա հուլիսի 6-ին 8 կետից (հարցերից) բաղկացած տեղեկատվություն ստանալու նամակ է ուղարկել` խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին. - Ո՞ւմ է ներկայումս պատկանում Աբովյան փողոցի թիվ 262 շենքը: - Ե՞րբ, ո՞ւմ եւ ի՞նչ նպատակներով է վաճառվել Կումայրի արգելոցի հաշվեկշռում գտնվող Աբովյան փողոցի թիվ 262 շենքը: - Ինչպիսի՞ փոխհատուցում է առաջարկվել Դրամփյան քույրերի իրավահաջորդ Իրինա Աբաջյան-Դրամփյանին: - Այդ փոխհատուցումները եղել են գումարայի՞ն տեսքով, թե՞ բնակարանի: - Ինչո՞ւ են ընդհանրապես վաճառվում համայնքային նշանակության, իրենցից մեծ արժեք ներկայացնող պատմական շենք-շինությունները եւ այլ հարցեր: Սակայն քաղաքապետ Վ. Ղուկասյանը չի պատասխանել դեռեւս հուլիսի 9-ին ստացած հարցմանը եւ մինչ օրս չի տրամադրել պահանջվող տեղեկատությունը: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ oրենքի 12-րդ հոդվածի դրույթների համաձայն` տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի եւ իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն: «Հետաքննող լրագրողները» հայցադիմումում նշում են, որ Վարդան Ղուկասյանի անգործության պատճառով խախտվել են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրության պահանջները, եւ որպես դրա  հետեւանք` «Հետաքննող լրագրողներ»-ի խոսքի ազատության իրավունքը, այն է` ՀՀ Սահմանադրության 27 հոդվածը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածը եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ oրենքի դրույթները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter