HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչ թիրախներ էին «խոցում» ԼՂ բանակի զորավարժություններն ու Հայաստանի նախագահը

Ղարաբաղաադրբեջանական շփման գծի մոտ հրադադարից ի վեր ԼՂՀ պաշտպանության բանակի իրականացրած ամենամասշտաբային ու մարտական իրավիճակին մոտ զորավարժություններն առաջին հերթին ռազմական չափազանց կարեւոր ստուգատես էին: Զորավարժությունների ընդգրկած աշխարհագրությունը, զինտեխնիկան ու մարդկային ռեսուրսները, կիրառված մարտավարական հնարքները միանշանակ բանակի մարտունակությունը բարձրացրին մի նոր մակարդակի: Սակայն, ռազմական նշանակությունից զատ, այդ զորավարժություններն առաջին հերթին քաղաքական պաստառ ունեին, որը շատ ավելի տեսանելի ու զգալի էր հատկապես Հայաստանի գործադրած տեղեկատվական ու դիվանագիտական նպատակային ջանքերի պատճառով: Կարելի է ասել` 1994 թ. հրադադարից հետո առ այսօր սա առաջին անգամն էր, որ հայկական կողմը «խաղում էր» իրական քաղաքականության (real politic) կանոններով: Նման մակարդակով զորավարժությունների անցկացումը միանգամից երկու` ներքին ու արտաքին թիրախների հարվածելու նպատակ էր հետապնդում: Այն առաջին հերթին ուղղված էր ջարդելու հայկական բանակի մարտունակության եւ բարոյահոգեբանական կերպարի շուրջ Հայաստանում հետեւողականորեն արմատավորվող կարծրատիպերը: Խնդիր էր դրվել մի հարվածով վերականգնել բանակի նկատմամբ հասարակական խաթարվող վստահությունը: Եվ զորավարժությունների մասին հնչող կարծիքները ցույց են տալիս, որ դա իշխանություններին որոշ չափով հաջողվեց: Սակայն առաջնահերթ թիրախն, իհարկե, հասարակությունը չէր: Զորավարժություններն անցկացվեցին ԼՂՀ-ի անվտանգության գոտին կազմող տարածքներում, ուղիղ Ադրբեջանի քթի տակ: Անուղղակի ուղերձը շատ հասկանալի էր, եւ դա անմիջապես ընկալելի դարձավ Բաքվում. չփորձել գնալ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման արկածախնդրության, որովհետեւ հայկական կողմը պատրաստ է ոչ միայն դիմագրավել դրան, այլեւ, որ դիվանագիտական առումով շատ ավելի էական էր, պաշտպանությունից անցնել հակահարձակման եւ հարցը լուծել վերջնականապես: Այս առումով ՀՀ նախագահի ունեցած վերջին երկու ելույթներն էլ (նոյեմբերի 13-ին ԼՂՀ-ում` զորավարժություններից անմիջապես հետո, եւ նոյեմբերի 16-ին Մոսկվայում` «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին) ունեին նպատակայնորեն զարգացվող տրամաբանություն: ԼՂՀ-ում նախագահ Սարգսյանն ասաց. «Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլեւ վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է: ...Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»: Դա պարզապես Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին պատասխանելու, այդպիսով փոխադարձ հոխորտանքների հորձանքում հայտնվելու պարզունակ գայթակղություն չէր: Զարգացնելով միտքը` Մոսկվայում ՀՀ նախագահն ուղղակիորեն ասաց. «Ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները»: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանն անուղղակիորեն հասկացրեց` ավելին հայկական կողմից սպասել պետք չէ, այլեւս որեւէ զիջում չի լինելու. կամ Ադրբեջանն ընդունում է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը, կամ Հայաստանը պատրաստ է ընդունելու Ադրբեջանի ցանկացած այլ մարտահրավեր: Ընդ որում` հայկական կողմը դա անում է ուղղակի ու ճակատային կերպով` առանց սեթեւեթանքների, մանեւրների: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ զգացողություններով էին Ադրբեջանի ղեկավարները դիտում այն կադրերը, որոնցում ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչ թե Բակո Սահակյանին, այլ հենց Սերժ Սարգսյանին էին ողջունում «պարոն նախագահ» արտահայտությամբ: Հազիվ թե ՀՀ նախագահը, ընդհանրապես հայաստանյան դիվանագիտական կորպուսն այդ պահին չէին գիտակցում, որ ղարաբաղյան բանակի ողջույնն ընդունելու այս փաստը Բաքվում հերթական անգամ մեկնաբանվելու է որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնությունների դրսեւորման բացահայտ ցուցադրություն եւ ապացույց: Հազիվ թե Սերժ Սարգսյանը չէր հաշվարկել, թե այդ քայլն ինչպես է ընկալվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Եւ քանի որ նման բաները զուտ պատահական անփութության ու անհետեւողականության արդյունք չեն լինում, հասկանալի է դառնում, որ Հայաստանը գոնե արտաքուստ բացահայտ կերպով ցուցադրում է մինչեւ վերջ ԼՂՀ-ի համար պայքարելու կամքը: Այս տեսակետից բացարձակապես պատահական չէ, որ բանակցությունների ավարտի համար ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի ճանաչման նախապայմանը Սերժ Սարգսյանը հնչեցնում է հենց Մոսկվայում: Դրանով Երեւանը հասկացնում է, որ իր համար ընդունելի է ԼՂ հակամարտության կարգավորումը «դե յուրե Մինսկի խմբի ձեւաչափում, դե ֆակտո` Ռուսաստանի միակողմանի միջնորդության համատեքստում» այն բանաձեւ-իրողությունը, որին Մոսկվան հետեւողականորեն հասավ վերջին 3 տարիների ընթացքում: Մյուս կողմից` ԼՂ պաշտպանության բանակի զորավարժությունների անցկացումը, դրանց ընդունումը ՀՀ նախագահի կողմից, ինչպես նաեւ վերջինիս «ագրեսիվ» հայտարարությունները կատարվեին Աստանայում դեկտեմբերի սկզբին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից բառացիորեն երկու շաբաթ առաջ: Թվում է, թե այդ հանգամանքը պետք է կաշկանդեր հայկական կողմին` գագաթնաժողովին ընդառաջ տակտիկական վրիպումներ ու բացթողումներ թույլ չտալու եւ այդ կարեւորագույն ֆորումի ժամանակ սեփական դիրքերը չթուլացնելու համար: Սակայն արտաքուստ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Կարելի է եզրակացնել, որ բոլոր այդ հրապարակային «սադրիչ» գործողություններին ու հայտարարություններին հայկական կողմը գնում է` հենց այդ գագաթնաժողովին ընդառաջ դիրքորոշումները կարծրացնելու եւ դրանով իսկ հնարավոր ճնշումներից պաշտպանվելու մղումով: Իսկ դա նշանակում է, որ հայկական կողմն Աստանայի հետ կապված ինչ-որ մտավախություններ ունի, որոնց չեզոքացմանն էլ ուղղված են այս վերջին «միջոցառումները»: Երեկ կայացավ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում: Սերժ Սարգսյանը, հավանաբար, փորձել է ԵԱՀԿ գագաթնաժողովին ընդառաջ հավելյալ երաշխիքներ ստանալ Մոսկվայից, որ վերջինս չի զիջելու այն դիրքերը, որոնք նվաճել է Մինսկի խմբի «փլատակների» վրա, եւ որոնք այսպես անուղղակիորեն պաշտպանվում են Երեւանի կողմից: Գուցե ողջ խաղն էլ կառուցվել է հենց Մոսկվայի՞ աջակցության վրա հենվելով... Լուսանկարը` Աշոտ Երամիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter