HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշումից ծնված Ջերմուկի բենզինախում մոծակները. 202 հեկտար` չթույլատրված թունաքիմիկատով

Պետական բյուջեից հատկացված միջոցներից Վայոց ձորի մարզպետարանը մոտ 20 մլն դրամ է հատկացրել Ջերմուկի շրջակայքում մոծակների դեմ պայքարի գծով միջոցառումների իրականացման ծրագրի համար:

Այդ ծրագրի մրցույթին միակ հայտը ներկայացրել է «ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ հաղթող ճանաչվել 19 786 300 դրամ գնային առաջարկով: Սակայն, ինչպես պարզվել է, մարզպետարանի կողմից տեխնիկական բնութագիրը կազմելիս եւ ծրագիրն իրականացնելիս որեւէ պաշտոնական փորձագիտական եզրակացություն չի տրվել իրավիճակին (մոծակների առկայություն, քանակ, տեսակ եւ այլն), ինչը նշանակում է, որ մոծակների դեմ պայքարի անհրաժեշտությունը չի հիմնավորվել: Նույն հաջողությամբ Հայաստանի գրեթե ցանկացած քաղաքի շրջակայքում մոծակների դեմ պայքարի համար միլիոնավոր դրամներ կարող էին հատկացվել:

Ավելին, Ջերմուկի շրջակայքում մոծակների դեմ պայքարել են` քիմիական եւ կենսաբանական եղանակով կատարված աշխատանքների համապատասխան թույլտվություններ չունենալով: Կատարողական ակտերի համաձայն` օգտագործվել են «Ցիպերմետրին», «Սոլֆակ», «Ալֆակրոն» եւ «Քլորոֆոս» տեսակի թունաքիմիկատներ, բենզին, դիզվառելիք, նավթ, ինչպես նաեւ գամբուզիա տեսակի ձուկ` ջրավազաններում, ջրամ բարներում բաց թողնելու համար:

Ուշագրավ է այն, որ բենզինը տեխնիկական բնութագրով նախատեսված չի եղել: Ըստ առողջապահության նախարարի 09.04.2010 թ. թիվ ՀՔ/2254-10 գրության` տեխնիկական բնութագրում առկա է մշակումների տեխնիկական ընթացակարգերի անհամապատասխանություն: Փաստաթղթով չնախատեսված բենզինի օգտագործումը, թերեւս, չնչին խախտում է` համեմատած մեկ այլ փաստի հետ: Գոյություն ունի գյուղատնտեսության նախարարի 2003 թ. թիվ 198-Ն հրամանով հաստատված թույլատրելի թունաքիմիկատների ցանկ, որում, սակայն, ընդգրկված չէ տեխնիկական բնութագրում նշված եւ օգտագործված «Քլորոֆոս» տեսակի թունաքիմիկատը: Թե անթույլատրելի թունաքիմիկատի օգտագործումը բույսերի, ջրերի, մթնոլորտի, անասունների կաթի եւ մսի միջոցով մարդկանց առողջության վրա ինչ հետեւանքներ կարող է ունենալ` դժվար չէ հասկանալ: «Քլորոֆոսի» անթույլատրելի լինելու հանգամանքը, սակայն, մարզպետարանը հաշվի չի առել, եւ նշված թունաքիմիկատը, որպես մրցույթի պայման, ընդգրկվել է տեխնիկական բնութագրում նշված օգտագործվելիք նյութերի ցանկում:

Ավելին, աշխատանքների հանձնման-ընդունման թվով 3 արձանագրություններում «Քլորոֆոսով» մշակման աշխատանքները մարզպետարանը կատարված է համարել: Գնվել է 2,357,000 դրամի քլորոֆոս, այսինքն` չթույլատրված թունաքիմիկատի բավական մեծ քանակություն: Խախտվել է նաեւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 21-րդ հոդվածի պահանջը: Մասնավորապես` գամբուզիա ձկնատեսակը Վայոց ձորի մարզում վերաբնակեցվել է առանց համապատասխան թույլտվության եւ ուսումնասիրության:

Համաձայն ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենի տեղեկանքի` գամբուզիա ձկնատեսակը բնորոշ չէ Վայոց ձորի մարզի հիդրոէկոհամակարգերին, հետեւաբար վերջինիս տեղափոխումը Վայոց ձորի ջրամբարներ եւ գետեր` առանց գիտական հիմնավորման եւ թույլտվության, հակասում է «Կենդանական աշխարհի մասին» օրենքով սահմանված վերաբնակեցման եւ կլիմայավարժեցման վերաբերյալ պահանջներին: Վայոց ձորի ջրային էկոհամակարգերի ջերմաստիճանային պայմանները եւ կերային բազան նպաստավոր չեն նշված ձկնատեսակի աճեցման համար: Տեխնիկական բնութագրի համաձայն` նախատեսվել է 202 հա տարածքի վրա կատարել այնպիսի աշխատանքներ, որոնց ամբողջական իրականացման համար կպահանջվեր առնվազն 1 մլրդ 702 մլն 561 հազար դրամ: Սակայն, չնայած նշված հանգամանքին, ըստ աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունների` այդ աշխատանքները կատարվել են ամբողջությամբ, որն իրատեսական չէ, մեղմ ասած` իրականությանը չի համապատասխանում: Միայն ապրանքանյութական արժեքների ձեռքբերումը տարածքների մշակման մեկ միջոցառման համար կկազմեր 261 մլն 331 հազար դրամ, մինչդեռ, ըստ տեխնիկական բնութագրի, որոշ աշխատանքներ պետք է կատարվեին 15-30 օրը մեկ անգամ:

Մոծակների դեմ պայքարի աշխատանքների կատարման համար աշխատանքային պայմանագրեր են կնքվել վեց անձանց հետ, 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուրին 100,000 դրամ աշխատավարձով: Կատարողական ակտերից երեւում է, որ հիշյալ աշխատանքների կատարման պատվերը կատարող ՊՈԱԿ-ը կազմակերպել է խոտհունձ 52 հա տարածքում: Հաշվի առնելով այն, որ, ըստ տեխնիկական բնութագրի, խոտհունձը պետք է կատարվեր մայիս-օգոստոս ամիսներին (4 ամիս), ամսական ստացվում է 13 հա խոտհունձ:

Առաջին հայացքից այս տեղեկությունները կարող են ավելորդ թվալ, սակայն... Ըստ ներկայացված փաստաթղթերի` խոտհնձի աշխատանքներին զուգահեռ 6 հոգով (որոնցից 2-ը` կին) կատարել են ծրագրի մնացած աշխատանքները՝ դրենաժների փորում, առուների փորում, տարածքի մշակում թունաքիմիկատներով, ձկների բաց թողնում եւ այլն, ինչն իրատեսական չէ եւ թողնում է այն տպավորությունը, որ ծրագիրը որոշ առումներով ձեւականորեն, սոսկ թղթի վրա կամ խիստ մասնակի է կատարվել:

Ջերմուկ քաղաքի շրջակայքում մոծակների դեմ պայքարի գծով միջոցառումների համար կատարված 19 մլն 786 հազար 300 դրամ ծախսը, որը պաշտոնապես անարդյունավետ է համարված, կարծում ենք, պետական խոշոր կամ առանձնապես խոշոր միջոցների վատնում է` չթույլատրված թունաքիմիկատի օգտագործումը չհաշված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter