HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Սյունիքի պաշտոնյաները եւս դեմ են ուրանի ծրագրին

Ուրանի ծրագրին դեմ հանդես եկող սյունեցիները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի քանի գրավոր նամակներ են ուղարկել տարածաշրջանից ընտրված պատգամավորներին` խնդրելով հայտնել իրենց դիրքորոշումը, բայց նրանցից ոչ ոք չի արձագանքել: «Ոչ գրավոր պատասխանել են, ոչ տեսել ենք, ոչ էլ լսել ենք»,- ասում է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Սյունիքի պաշտոնյաններից ուրանի ծրագրին դեմ է Կապանի քաղաքապետը, նա իր խոսքն արդեն ասել է: «Հետքի» հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ինչ դիրքորոշում ունի, Արթուր Ղազարյանը պատասխանեց, որ վերջին հանրահավաքից առաջ նա ոչ միայն ասել է, որ դեմ է, այլեւ նրա լիազորը ելույթ է ունեցել ու նշել, որ մարզպետը իրենց հետ է, իրենց կողքին է կանգնած: -Այսինքն պաշտոնյանները եւս դե՞մ են: -Այո: -Մեկ տարի առաջ «Հետքի» հետ զրույցում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով Կապանում ուրանի հանքավայրի հայտնաբերման ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններին, ասել էր. «Այն, ինչ որ կխանգարի, չենք անի, ինչ որ չի խանգարի, չի փչացնի, վնաս չի տա, կանենք: Ես միայն ծնունդով չեմ Կապանից, ես շատ եմ կապված այդ քաղաքի հետ, հաճախակի եմ լինում, իմ ողջ բարեկամությունը այնտեղ է, ես թույլ չեմ տա, որ մի բան կատարվի, որը բացասական ազդեցություն ունենա քաղաքի վրա»:  Դուք խոսե՞լ եք նախարարի հետ: -Անձամբ նախարարի հետ չենք զրուցել, շատ-շատ նամակներով դիմել ենք եւ պատասխաններ ենք ստացել, որը մեզ չի գոհացնում: Ինչ վերաբերում է կապանցի լինելուն, եթե պատմությունը ուսումնասիրեք, հենց այդպես էլ փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, ոնց են խաբում մարդուն: Ես էլ եմ կապանցի: Դա պատասխան չի` կապանցի եմ, ղարաբաղցի եմ, Թիֆլիսից եմ, դա կապ չունի: - Նախորդ շաբաթ «Հետքի» հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Վահե Հակոբյանը, խոսելով Սյունիքի մարզում ուրանի ծրագրի վերաբերյալ, ասել էր. «Ինչի՞ են պայքարում այդ ծրագրի դեմ: Բա որ չեն իմանում` ինչի են պայքարում, էլ ինչի՞ են բողոքում»: -Մենք, 20 տարի է, ուսումնասիրում ենք էս պետության ընթացքը եւ գիտենք, թե ինչի համար ենք պայքարում: Եթե ինքը գար, ներկա լիներ, միգուցե մեր հարգարժան պատգամավորը կիմանար, թե ինչի համար ենք պայքարում, հնարավոր է` ինքն էլ միանար մեր պայքարին, բայց որ ներկա չի, չգիտի: -Իսկ Վահե Հակոբյանի հայրը` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ի՞նչ վերաբերմունք ունի: -Կոնկրետ չգիտեմ` տնօրինությունը ինչ վերաբերմունք ունի, բայց որ Քաջարանի ավագանին որոշում է կայացրել Կառավարության ծրագրի դեմ, դա հենց բերում է նրան, որ ինչ-որ մի տեղ կարող է  իրենք իրենց կարծիքը արտահայտել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter