HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

«Մտերիմ Հայաստան»

Աղքատիկ սենյակ, կենտրոնում՝ մի համեստ, «դարն ապրած» մահճակալ, պատին՝ մի գորգ, վրան՝ սեւ ու սպիտակ երկու լուսանկար: Խղճուկ պայմաններ, բայց մտերմիկ ոգի: Լուսանկար՝ ծնված Հայաստանում:

Փարիզի Հայ ուսանողների տան 80-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 17-ին Փարիզի Ուսանողական միջազգային ոստանի գլխավոր մասնաշենքում բացվեց ֆրանսիացի լուսանկարիչ Ռեժիս Լաբուրդետի ցուցահանդեսը: Լուսանկարիչն Հայաստանն առաջին անգամ բացահայտել է 2000-ին՝ ֆրանսահայ կնոջ հետ այցելել է երկիրը եւ սիրել այն: Այցելություններն այսօր հաճախակի են: Արվեստի ու ճարտարապետության պատմության մասնագետ լինելով՝ Ռ. Լաբուրդետին ի սկզբանե հետաքրքրվել է հայկական ճարտարապետությամբ, սակայն, ինչպես ինքն է ասում՝  «ճարտարապետությանն  հասնելու համար պետք է անցնես մարդկանց միջով», եւ «այդ մարդիկ» էլ հենց դարձել են լուսանկարների հիմնական թեման: «Ես լուսանկարներով եմ զբաղվում, ինչը երկար աշխատանք է պահանջում: Իսկ երբ երկար ես մնում, շփվում ես մարդկանց հետ: Հայաստանում մարդիկ շատ հյուրասեր են: Հրավիրում են, հյուրասիրում, անկեղծանում: Ինչքան ավելի ես մոտենում մթնոլորտին, այնքան ավելի ես ուզում ճանաչել: Շատ եմ սիրում երկիրը: Երաժշտություն սիրելու նման է Հայաստանը: Որքան շատ ես սիրում, այնքան ավելի ես ուզում լսել»: Հայաստանը լուսանկարչի համար երկրորդ հարազատ վայրն է դարձել: Տպավորված մարդկանց ջերմ հյուրընկալությունից՝ լուսանկարների միջոցով փորձում է վերադարձնել այդ ջերմությունը: Մյուս կողմից էլ փորձում է լուսանկարներում անմահացնել Երեւանի «այսօր»-ը, քանի որ  քաղաքը օր օրի փոխվում է, եւ մեկ տարի առաջ արված լուսանկարը դառնում է հուշ: Ռ. Լաբուրդետին ունեցել է լուսանկարների տարբեր ցուցահանդեսներ: Մեկ տարի առաջ առաջին ցուցադրությունն է ունեցել նաեւ Հայաստանում, Ճարտարապետների միության շենքում: Հայաստանը պատկերող լուսանկարները ցուցադրվել են նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում: Լուսանկարչի աշխատանքներում Հայաստանն է՝ հայկական ճարտարապետություն, եկեղեցիներ, շինություններ, բնաշխարհ, իսկ կենտրոնում ... հայն է: «Մտերիմ Հայաստանը» Փարիզի Ուսանողական ոստանում կհյուրընկալվի մինչեւ դեկտեմբերի 17-ը: Մուտքն ազատ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter