HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Վուդրո Վիլսոնի ուրվականը կամ անիմաստ հետողորմիա

ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում կազմակերպված` ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի` հայ-թուրքական սահմանի մասին «Իրավարար վճռի» 90-ամյակին նվիրված գիտաժողովն ավարտեց աշխատանքները: Դրա արդյունքում  ընդունվեց հայտարարություն: «Իրավարար վճիռը» միջազգայներոն ճանաչելի և ընդունելի դարձնելու առաջնահերթություններ սահմանող այս փաստաթղթում, մասնավորապես նշվում է, թե Հայաստանը  համաշխարհային հանրությանը պետք է ցույց տա, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները «պետք է անցկացվեն ըստ Իրավարար վճռի և ոչ թե թուրք-խորհրդային գործարքի»: Բացի դրանից` գիտաժողովը եկել է այն եզրակացության, որ հարկ է այս թեմայով  կազմակերպել միջազգային գիտաժողով և բարձրակարգ իրավաբաններից, միջազգայնագետնեից ու պատմաբաններից կազմել աշխատանքային խումբ` սրա հետ կապված հարցըերը նախապատրաստելու և միջազգային մարմիններին ներկայացնելու համար: Վիլսոնի «Իրավարար վճռի» կապակցությամբ նախկինում երբեք նման մասշտաբի միջոցառումներ չեն կազմակերպվել: Իսկ այն փաստը, որ գիտաժողովի աշխատանքները ողջունեց նաև ՀՀ նախագահը, ցույց է տալիս, որ պետությունը դրան առնվազն հատուկ կարևորություն է տալիս: Սակայն արդյո՞ք այն ուշացած ու ժամանակավրեպ չէ: 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վիլսոնի ստորագրած «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի` դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի  ապառազմականացման վերաբերյալ» փաստաթղթով, որն այլ կերպ, կարճ անվանվեց Վիլսոնի «Իրավարար վճիռը», Հայաստանի Հանրապետությանն էին կցվում  Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների տարածքների մեծ մասը` ընդհանուր առմամբ մոտ 90 հազար քառ.կմ: Ըստ Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածի, որով ամրագրվում է իրավարար վճիռների կարգավիճակը` ընդհանարպես դրանց չեղյալ հայտարարում չի նախատեսում, ինչը նշանակում է, որ չունի վաղեմության ժամկետ, վերջնական է և ենթակա պարտադիր կատարման: Այսինքն` այն փաստը, որ Սևրի պայմանագիրը, որի հիմքում ևս ընկած էր վիլսոնյան վճռով մանրամասնորեն գծագրված Հայաստանի Հանրապետության տարածքը, չվավերացվեց, չէր նվազեցնում «Վճռի» նշանակությունը որպես միջազգային իրավունքի բաղկացուցիչ: Այսինքն պարզ է, որ հայկական կողմը բոոր իրավական ռեսուրսներն ուներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես հիմք կամ նախադրյալ ունենալու կամ ներկայացնելու հենց Վիլսոնի «Իրավարար վճիռը»: Մինչդեռ 2009 թ. օգոստոսի 31-ի գիշերը անսպասելիորեն հրապարակված հայ-թուրքական երկու արձանագրություններում բացարձակապես այլ իրականություն ի հայտ եկավ: Մասնավորապես «ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրության 5-րդ պարբերության մեջ սևով սպիտակի վրա գրված էր. «Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով`…»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի ուշ, փորձելով մեղմել այս կետի հետ կապված հասարակական բուռն հակազդեցությունը, 2009 թ. հոկտեմբերի 10-ին` Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման օրը, ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն։ Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»: Նախագահը, սակայն, կամ միամտաբար, կամ միտումնավոր, սխալվում էր. արձանագրություններն ավելին էին ասում: Այնտեղ խոսքը գնում է ոչ այնքան սահմանների հարցը գերակա միջազգային իրավունքի համաձայն լուծելու, որքան հենց գոյություն ունեցող ընդհանուր սամանների փոխադարձ ճանաչման մասին: Իսկ գոյություն ունեցող ընդհանուր սահմանը ձևավորվել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջև 1921 թ. մարտի 16-ին, և դրա հենքի վրա նույն թվականի հոկտեմբերի 13-ին Թուրքիայի և հարավկովկասյան երեք հանրապետությունների միջև ստորագրված պայմանագրերի հիման վրա: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ տարի հոկտեմբերի վերջին Մեջլիսում հայ-թուրքական արձանագրությունները ներկայացնելիս ուղղակիորեն հայտարարեց, որ վերոնշյալ արձանագրության համապատասխան պարբերության մեջ նշված «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով» արտահայտությունը վերաբերում է հենց Մոսկվայի և Կարսի պայմանագրերին: Եվ դա այդպես էր, որովհետև, կրկնում ենք, չկա միջազգային իրավունիք որևէ այլ փաստաթուղթ, որով սահմանված լինեն Հայաստանի և Թուրքիայի միջև առկա ներկայիս սահմանները: Մինչդեռ հայկական կողմը համառորեն չբացեց փակագծերը և չհայտարարեց, թե ինչ է ինքը հասկանում «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրեր» ասելով: Այսինքն` ստացվում է իսկապես անհեթեթ իրավիճակ. ինչու՞ է Հայաստանը կրկին հիշատակում Վիլսոնի «Իրավարար վճիռը», երբ արդեն սեղանին առկա են այն կատարելապես չեզոքացնող և փաստացի Կարսի պայմանագիրը վավերացնող հայ-թուրքական արձանագրությունները: Երևանում անցկացված գիտաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում «Իրավարար վճռի» մասին նշվում է. «Դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ»: Նախագահի այս խոսքն առավել քան տարակուսելի է. եթե Հայաստանը ևս համարում է, որ Վիլսոնի «Իրավարար վճիռն» իրավական ուժ ունի, ինչու՞ էր համաձայնում ստորագրել երկու երկրների միջև առկա սահմանները հաստատող արձանագրությունները: Այս ամենի ֆոնի վրա, իսկապես, Վիլսոնի «Իրավարար վճռի» վերարժևորմանն ուղղված երևանյան գիտաժողովը և հատկապես դրա արդյունքներն ամբողջացնող հայտարարությունը չափազանց ուշացած է: Դրանք պետք է արվեին ոչ թե հիմա, երբ արձանագրությունների ստորագրումն այլևս փաստ է ու միջազգային հանրությունն ընդունել է Թուրքիայի հետ գործող սահմանները ճանաչելու Հայաստանի դիրքորոշումը և ակնհայտորեն դրանից չի հրաժարվելու, այլ 2009-ի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Որովհետև հիմա ինչպիսի ջանքեր էլ գործի դրվեն, այլևս անհնար է Վիլսոնի «Իրավարար վճիռը» բերել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարթություն: Նման ցանկացած փորձ դիտարկվելու է ձեռք բերված համաձայնությունների խախտում` ուղղված հենց արձանագրությունների դեմ: Առաջին հայացքից թվում է, թե դեռ ուշ չէ, որովհետև արձանագրությունները վավերացված չեն, հետևաբար դրանք դեռ ուժի մեջ չեն: Իրավական առումով իհարկե այդպես է: Սակայն քաղաքական ու դիանագիտական առումով, որը հիմա շատ ավելի էական է ու որոշիչ, գնացքը վաղուց գնացել է, այն էլ` բացարձակ հակառակ ուղղությամբ: Այնպես որ թե գիտաժողովը, թե դրա արդյունքում պատրաստված հայտարարությունն ընդամենը այդ արձանագրությունների տակից դուրս գալու խղճուկ փորձեր են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter