HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

WikiLeaks. գլոբալ պրովոկացիա՞, թե՞ հոգեբանական դիվերսիա

WikiLeaks-ի կողմից ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի գաղտնազերծումն ու հրապարակումը դիվանագիտական ցունամու այդպես էլ չվերածվեց, ինչպես կանխատեսվում էր ամենասկզբից` տեղի ունեցածի առաջին, շոկային տպավորության ազդեցությամբ: Հիմա արդեն այն հիշեցնում է լավ բեմադրված հոլիվուդյան բեստսելլեր:

WikiLeaks-ի միջոցով սանձազերծված այս պրովոկացիան սկզբից մինչև վերջ հարցերի շարան է, որոնք մնում են սենսացիների ստվերում: Դա թույլ չի տալիս սթափ վերլուծել տեղի ուենցածը և հասկանալ` ի՞նչ է, ի վերջո, տեղի ունենում և հատկապես` ինչո՞ւ: Որքան էլ զարմանալի է, արտահոսքը տեղի է ունենում տեղեկատվական անվտանգության այնպիսի մի անմատչելի համակարգ ստեղծած երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է: Գաղտի հեռագրերը ԱՄՆ փոխանցվում են Համացանցային Կանխագրի գաղտնի երթուղիչ ցանցով (Secret Internet Protocol Router Network) կամ կրճատ կերպով՝ ՍԻՐՓՆետ-ով (SIPRNet), որը ԱՄՆ-ի զինվորական աշխարհատարած ինտերնետային համակարգն է, և վարվում է  ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից: Այսինքն` սա գրթե անխոցելի տեղեկատվական փաստաթղթաշրջանառության համակարգ է: Բայց եթե անգամ ընդունենք, որ ինչ-որ պահի Պաշտպանության նախարարությունը վերահսկողությունից դուրս է թողել ցանցը և այն դարձել է հասանելի, ապա առնվազն զարմանալի է, որ դրա համար պատասխանատվության ենթարկվողներ չեղան: Համենայնդեպս, այս մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի եղել: Մինչդեռ խոսքը վերաբերում է գաղտնի տեղեկատվության ահռելի փաթեթի մասին, որը կարող է առնչվել պետական և ազգային անվտանգությանը: Փոխարենը Կառավարությունն ընդամենը խիստ հանձնարարություն է իջեցնում` ավելի ապահով տեղեկատվության պաշտպանության համակարգ ստեղծել: Հարց է առաջանում` ինչու՞: Ուշադրություն դարձնենք` հեռագրային փասատթղթերի գաղտնազերծման այս գործընթացը տեղի ունեցավ միայն WikiLeaks-ի միջոցով: Մի կազմակերպության, որը 2006թ. հատուկ ստեղծվել է հենց գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար: Սակայն որքան էլ տարօրինակ թվա, այս կազմակերպությունն իր մասին հիշեցրեց միայն ստեղծումից 3-4 տարի անց, երբ բոլորի համար անակնկալ կերպով մի օր հայտարարեց, թե իր տրամադրության տակ մոտ 1.5 միլիոն փասատթուղթ կա: Եվ ստացվում է, որ Կառավարության կողմից թույլ տրված տեղեկատվական արտահոսքը տեղի ունեցավ միայն  WikiLeaks-ի համար: Այսինքն` փորձ է արվում համոզել, որ որևէ այլ կազմակերպություն կամ կայք, անգամ համակարգչային հաքերները, որոնք անընդհատ գրոհի տակ են պահում ԱՄՆ-ի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, չիմացան էլ, թե որտեղ է տեղի ունեցել ծրագրային կամ տեխնիկական ճեղքվածքը: Եթե տեղեկատվական արտահոսքը կազմակերպված ու նախապես ծրագրավորված չէ, այն գործնականում լինում է անվերահսկելի: Մինչդեռ տվյալ դեպքում WikiLeaks-ը ոչ թե միանգամից ու տարերայնորեն հրապարակեց իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այլ դանդաղ և հետևողականորեն: Տեղեկատվության արհեստական արտահոսքի դեպքում առաջին խնդիրը հենց այդ գործընթացի վերահսկելիության ապահովումն է: Ավելորդ է ասել, որ դա շատ ավելի հեշտ է ապահովել մեկ, քան մի քանի սուբյեկտի միջոցով: Որ սա ամենայն հավանականությամբ հենց արհեստական արտահոսք է, վկայում է նաև գաղտնազերծված փաստաթղթերի բնույթը: Դրանք ընդամենը հեռագրեր են կամ հանդիպումների սղագրություններ` որոնք մեծամասամբ այս կամ այն անձի, երևույթի, խնդիրների նկատմամբ քաղաքական-հասարակական գործիչների սուբյեկտիվ տպավորությունների մասին են: Դրանցում չկան գաղտնի որոշումներ, հանձնարարականներ: Այսինքն միայն  այն է, ինչով զբաղվում է ցանկացած երկրի ցանկացած դիվանագետ: Այս փաստը ցույց է տալիս, որ խնդիր է դրված եղել հրապարակել միայն երկրորդական նշանակության փաստաթղթեր, որոնցից ոչ ոք ոչ մի եզրակացություն չի կարող անել ԱՄՆ-ի պետական քաղաքականության կամ դրա թաքնված կողմերի ու միտումնեի մասին: Այս առումով առավել քան խոսուն էր խնդրո առարկայի վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած բացարտություն-մեկնաբանությունը: Եվ բնական հարց է առաջանում` ինչպե՞ս պատահեց, որ ոչ մի առանցքային փասատթուղթ WikiLeaks-ն այդպես էլ չհրապարակեց: Գուցե նման տեղեկատվություն նրան չէ՞ր տրվել… 1.    Հատկանշական է այն փաստը, որ գաղտնի տեղեկատվության արտահոսքը կրում է հստակ կանոնակարգված պարբերական բնույթ: 2010թ. WikiLeaks-ը երեք անգամ նման մասսայական գաղտնազերծում է կատարել: Առաջին անգամ այս տարվա հուլիսի վերջին կայքը հրապարակեց  76,900 փաստաթուղթ, որոնք վերաբերում էին Աֆղանստանի պատերազմի մասին պաշտոնական գաղտնի գրագրությանը: Երկրորդ անգամ` հոկտեմբերին, հրապարակվեց 400,000 փաստաթղթերի փաթեթ՝ «Իրաքի պատերացմի գրանցամատյան» անվամբ: Եվ ահա նոյեմբերի վերջին WikiLeaks-ը հայտարարում է 250 հազար նոր փաստաթղթերի գաղտնազերծման մասին, որոնք վերաբերում են Եվրաատլանտյան տարածաշրջանի մի քանի երկրների, Աֆղանստանի և Պակիստանի հետ ԱՄՆ հարաբերություններին առնչվող հեռագրային հաղորդակցությանը: Նախորդ երկու դեպքերում հրապարակված փաստթղթերի միջոցով ԱՄՆ-ին անուղղակիորեն հաջողվեց լեգիտիմացնել Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ սանձազերրծած ռազմական արշավները: Դրանք էական ոչինչ չավելացրին և չպակասեցրին ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը: Փոխարենը Վաշինգտոնը մաքրեց «կեղտոտված ձեռքերը»: Նոյեմբերի 29-ին փաստաթղթերի նոր փաթեթի հրապարակումը տեղի ունեցավ Աստանայում դեկտեմբերի 1-2-ին նախատեսված ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրյակին: Դրանց մի ստվար մասը վերաբերում էր Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին և Ռուսաստանին ու Վրաստանին, այսինքն` այն երկրներին, որոնք ամենաշատն էին լինելու Աստանայի գագաթաժողովի ուշադրության կենտրոնում` պայմանավորված հարավկովկասյան հիմնախնդիրներով ու հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարով: Այնպիսի տպավորություն էր, թե WikiLeaks-ը փորձում էր ԵԱՀԿ գագաթաժողովի ֆոնին կոնկրետ Ադրբեջանին ու Թուրքիային հոգեբանական ճնշման  ենթարկել: Հայաստանի պարագայում իրավիճակն ավելի նուրբ է: Հրապարակված փաստաթղթերն ավելի շատ Հայաստանի մասով փաստերը թաքցնելու միտում ունեն, քան բացահայտելու: Ըստ էության, բացի Իրանին զենք մատակարարելու գործում ներգրավվածության մասին ակնարկից, դրանք ոչ մի նոր ու մութ բան չեն պարունակում: Ստացվում է այնպես, որ  WikiLeaks-ը ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ Հայաստանին խնայել է: Թեև դժվար է ասել` դա ավելի լա՞վ է, թե՞ ավելի վատ: Որովհետև այն, ինչ չի ասվում հրապարակայնորեն, սովորաբար կոմպրոմատի նշանակություն է ունենում: ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ այսպիսի ուղորդված փաստաթղթերի գաղտնազերծումը չի կարող պատահական լինել: WikiLeaks-ի այս «բացահայտումներն» իսկապես հետևանքներ կունենան: Դրանք բացահայտում են ԱՄՆ-ի կողմից գործողության մեջ դրվող ևս մեկ քարոզչական-դիվանագիտական գործիք: Դրա առկայությամբ պետական պաշտոնյաները կամ քաղաքական գործիչները ցանկացած հանդիպման, բանակցության գնալիս սկսելու են առաջնորդվել բացահայտվելու կանխավարկածով: Նրանք այլևս երբեք, անգամ ամենաանկեղծ միջավայրում դուրս չեն գա  դիվանագիտական պայմանականությունների սահմաններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter