HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավագույն աշակերտները» արեւմտառուսական խառնամուսնության փուլում

Նոյեմբերի 25-26-ին ՆԱՏՕ-ի նստավայրում (Բրյուսել) Հարավային Կովկասի երեք երկրների լրագրողների ու փորձագետների համար տարբեր պաշտոնյաների ու դիվանագետների տված բրիֆինգների հիմնական նպատակն էր ներկայացնել Լիսաբոնյան գագաթնաժողովի որոշումներից բխող բարեփոխումները:

Ի՞նչ քաղաքականություն է վարելու ՆԱՏՕ-ն մասնավորապես Հարավային Կովկասում ռուս-ՆԱՏՕ-ական համագործակցության ֆոնին, ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ ՆԱՏՕ-ն Ղարաբաղյան,  ռուս-վրացական հակամարտությունների լուծման, տարածաշրջանում էներգետիկ եւ այլ անվտանգությունների ապահովման հարցերում:

«Լավագույն աշակերտները» դասարանում

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, որը նոյեմբերի 30-ին վայր դրեց իր լիազորություններն այդ պաշտոնում, հայտարարեց, որ այսօր հարավկովկասյան երեք երկրների հետ գործընկերային հարաբերություններն օրինակելի են, եւ ՆԱՏՕ-ի խնդիրն է մյուս ոչ անդամ-պետությունների հետ աշխատանքի արդյունքներն էլ հասցնել հարավկովկասյանների մակարդակին: «Հարավային Կովկասի երեք երկրները լավագույն աշակերտներն են դասարանում»,- հայտարարեց նա:

Եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ-ն այսօր գործընկերային հարաբերություններ ունի աշխարհի 5 մայրցամաքի 50 երկրի հետ, ապա պետք է ենթադրել, որ նրա դիրքերը մեր տարածաշրջանում, անկախ ամեն ինչից, ամրացել են` չնայած որ Վրաստանում եվրատլանտիզմը գերակա եւ արդեն այլընտրանք չունեցող քաղաքականություն է, Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն էլ ավելի է երկարաձգվել, Ադրբեջանի ժողովրդավարական եւ ռազմական անհամապատասխանությունն ավելի մեծ է, քան Վրաստանինը, իսկ հայկական բանակում, բացի ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող ջոկատից, ոչինչ ՆԱՏՕ-ական չէ: ՆԱՏՕ-ում Կովկասյան տարածաշրջանային համակարգող Դեսպինա Աֆենտուլիի հաղորդմամբ, այժմ քննարկվում է նաեւ ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների լիազորությունների որոշակի ընդլայնման հարցը: Խոսքն այն մասին է, որ ՆԱՏՕ-ական տարբեր գործողություններում իրենց մասնակցությունը բերած ոչ անդամ երկրներն էլ ունենան ձայնի իրավունք գործողությունների մասին որոշումներ ընդունելիս:

Տրամաբանությունը հետեւյալն է. եթե երկրներն իրենց ներդրումն են անում ՆԱՏՕ-ական գործողություններում (Դ. Աֆենտուլիի ձեւակերպմամբ` «արյուն են ներդնում»), ուրեմն նրանք պետք է նաեւ հնարավորություն ունենան ազդելու որոշումների ընդունման վրա եւ չմնալու պարզ կատարողներ: Այս մասին քննարկումներն ընթանում են դեռեւս 2009 թվականի սեպտեմբերից, սակայն դեռեւս մնում են ընդհանուր ուրվագծերի ձեւակերպման մակարդակում:

Վրաց փորձագետ Ա. Գեգեշիձեի հարցի պատասխանից պարզ դարձավ, որ դեռ չի որոշվել, թե ինչպե՞ս պետք է համադրվեն անդամ եւ ոչ անդամ-երկրների քվեները, ի՞նչ չափանիշներով պետք է գնահատվեն գործողություններում հումանիտար եւ ռազմական մասնակցություն ունեցած ոչ անդամ-երկրների ձայները եւ այլն: Սրանք կարեւոր հարցեր են, քանի որ, օրինակ, Վրաստանը, ի ապացույց ՆԱՏՕ-ին անդամագրվելու իր վճռականության ու հավատարմության, Հարավային Կովկասի երկրներից ամենամեծ մասնակցությունն է ունեցել Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի գործողություններում:

Մասնակցությունը հակամարտություններում

Դատելով բրիֆինգների ընթացքում արված հայտարարություններից` ՆԱՏՕ-ի մասնակցությունը տարածաշրջանի հակամարտություններում եւ առավելեւս` նրանց լուծման գործում, մնալու է նույնը. ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի խառնվելու դրանց, քանի որ երկրներից ոչ մեկը ՆԱՏՕ-ի անդամ չէ, եւ սահմանափակվելու է այն կարգի դրույթներով, որոնք շարադրված են, ասենք, Լիսաբոնյան հայտարարության մեջ:

Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումները ետ կանչելու կոչը հասկացվելու է միայն որպես դրանց հետ առաջվա նման համաձայն չլինելու քայլ, Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող, աղմուկ հանած ձեւակերպումը` որպես հակամարտությունից ՆԱՏՕ-ին հնարավորինս հեռու պահելու չստացված փորձ:

Վրաց-ռուսական պատերազմի ժամանակ Վրաստանին ռազմական օգնություն ցույց չտրվեց, քանի որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէր: Իսկ մեր այն հարցը, թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է ՆԱՏՕ-ն, ի տես մյուս ոչ անդամ-երկրների կամ հենց նույն Վրաստանի, ամրացնի գործուն եւ արդյունավետ անվտանգության համակարգ լինելու իր վարկը, մնաց օդում կախված: Ադրբեջանցի փորձագետների համար ոչ պարապ հարց էր, թե այդ դեպքում ինչո՞ւ թուրք-իսրայելական օգոստոսյան ճգնաժամում էլ ՆԱՏՕ-ն միանշանակ չպաշտպանեց անդամ Թուրքիայի շահերը:

Ռեֆերենտ Ռեդ Վան Դեն Էկկերի խոսքերով` դա բացատրվում է նրանով, որ իրադարձությունները ծավալվում էին բավական բարդ ու հակասական տարածաշրջանում` Մերձավոր Արեւելքում, եւ ամեն մի սխալ արարք կարող էր էլ ավելի բարդացնել իրավիճակը:

Ըստ Ռոբերտ Սիմոնսի` դժվար եւ սխալ է խոսել տարածաշրջանում առկա հակամարտությունների մասին ընդհանուր առմամբ, քանի որ դրանք միանգամայն տարբեր են: Եվ նա միակ պաշտոնյան չէր, ով հարավկովկասյան հակամարտությունների թեման բացում էր այսպիսի արտահայտությամբ:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կոորդինատոր Դեսպինա Աֆենտուլիի հայտարարությամբ` «ասիմետրիկ վտանգները պահանջում են ասիմետրիկ մոտեցումներ այդ վտանգների նկատմամբ»: Եվ իրոք, դժվար թե որեւէ մեկը կարող է հանձն առնել ապացուցելու, որ Մերձդնեստրյան հակամարտությունից ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին սպառնացող վտանգը համեմատելի է Ղարաբաղյան հակամարտության հետ կապված վտանգի հետ, եւ կամ աբխազական ու հարավօսական հակամարտությունների մեջ դրսեւորված աշխարհաքաղաքականության չափը համեմատելի էր/է Ղարաբաղյան հակամարտության հետ առնչություն ունեցող արտաքին շահերի հետ:

Մեր այն հարցին, որ եթե կա հակամարտությունների տարբերակման անհրաժեշտության ըմբռնում, ինչո՞ւ Լիսաբոնյան գագաթնաժողովի հայտարարության մեջ այս բոլոր խնդիրները «լուծվեցին գրչի մեկ հարվածով»` մեկ ընդհանուր ձեւակերպմամբ, Ռ. Սիմոնսը պատասխանեց. «Այդ մասին ես անձամբ եմ հեռախոսով զրուցել ՀՀ նախագահի հետ: Հասկանում եմ Ս. Սարգսյանի դիրքորոշումը»:

Իսկ Ռեդ Վան Դեն Էկկերի բացատրությամբ (նա պաշտոնի բերումով է զբաղվում ՆԱՏՕ-ական տարբեր փաստաթղթերի ձեւակերպումներով) ՆԱՏՕ-ի փաստաթղթերում պետք է միշտ նկատի ունենալ, որ կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսային սկզբունքով (այսինքն` բոլորի համաձայնությամբ), հետեւաբար փաստաթղթերում տեղ են գտնում վիճարկելի հարցերի մասին տարբեր կարծիքների ընդհանուր հայտարար ձեւակերպումները:

ՆԱՏՕ-Ռուսաստան երրորդ ամուսնությունը

Լիսաբոնը գրանցեց Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների պատմության մեջ մերձեցման երրորդ ռաունդը, որը, ի տարբերություն նախորդ երկու անգամների, տեղի ունեցավ ի ամրագրում պրակտիկ համագործակցության մեջ եղած իրողությունների: ՆԱՏՕ-ում Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Պյոտր Լունակի պնդմամբ, այս տարբերությունը (սկզբում չեն արվել հավակնոտ հայտարարություններ, որոնք հետո չեն իրագործվել) հույս է ներշնչում, որ համագործակցությունը ձեւական չի լինի:

Մեր այն հարցին ի պատասխան, թե մինչեւ ո՞ր աստիճան կարող է ծավալվել այդ համագործակցությունը, եթե առաջվա նման կան փոխբացառող վերաբերմունքներ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի նկատմամբ, Պ. Լունակը պատասխանեց. «Ընդլայնման մասին որոշումը կայացվել է 1994 թ., եւ այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնը հայտարարեց, որ մենք չենք խոսում այն մասին` կլինի՞ ընդլայնումը, թե՞ ոչ: Այլ այն մասին, թե ե՞րբ եւ ո՞ր ուղղություններով այն ի կատար կածվի»:

Սակայն մեր կարծիքով, Արեւելաեվրոպական երկրների` ՆԱՏՕ-ին անդամագրումից հետո գործընթացն  առայժմ դոփելու է տեղում` օդում կախված պահելով Վրաստանի հարցը: Նրա հետ ծրագիրն անընդհատ նոր բաղադրիչներով համալրելն ու տարեցտարի նորովի կնքելը Վրաստանում դժվար թե բուռն հիացմունք առաջացնի: Չե՞ն կարծում, արդյոք, որ Վրաստանի հետ էլ մի օր կարող է կատարվել այն, ինչ կատարվեց Ուկրաինայի հետ. Վրաստանը կարող է ետ կանգնել իր այդ մտադրությունից:

Ադրբեջանցի փորձագետի այս հարցին ի պատասխան` ասվեց. «Յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքն է ընտրել իր անվտանգության համակարգը»: Պակաս  դասական չէր հայտարարությունը, որ եթե ՆԱՏՕ-ն հանգիստ է վերաբերվում այն հարցին, թե որ երկրներն են անդամագրվել ՀԱՊԿ-ին, ուրեմն Ռուսաստանն էլ նույն կերպ պետք է վերաբերվի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

Աստանային սպասելիս

Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի ու Լատվիայի դեսպանների համատեղ բրիֆինգը գոնե ինձ համար ուներ հին ու նոր Եվրոպաների միջեւ, առհասարակ ՆԱՏՕ-ում տիրող դիվանագիտական համերաշխությունը ցուցադրելու խորհուրդը: Երկու օրվա ընթացքում պաշտոնյաներին ուղղած հատուկենտ հարցերին` ՆԱՏՕ-ի եւ եվրոպական այլ կազմակերպությունների փոխհարաբերությունների, իրար մեջ իրավասությունների ճշգրտման վերաբերյալ, տրվեցին դարձյալ հանրահայտ պատասխաններ. ԵԱՀԿ շրջանակներում պետք է լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, եւ «սպասենք Աստանային», ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի իրական մասնաբաժինը հասել է մոտավորապես 80%-ի, սակայն սա չի վերածվել նրա հեգեմոնիայի:

Միջազգային դիվանագիտական սկանդալը, որի համատեքստում այժմ ընթանում է Աստանայի գագաթնաժողովը, եւս մեկ քայլով ետ պահեց Ղարաբաղյան հարցում եղածին նոր բան ավելացնելու մտադրությունից: Չնայած, առանց այդ սկանդալի էլ, հասկանալի էր, որ Աստանայում նոր բան չի լինելու. Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներից հավաքին մասնակցում է միայն ՌԴ նախագահը:

Երեւան-Բրյուսել-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter