HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուխլիսցիները հայ հոգեւորական են պահանջում

Ախալցխայից 4 կմ հեռավորությամբ գտնվող հայաբնակ Սուխլիս գյուղը մնացել է առանց քահանայի: Մոտ 4 ամիս առաջ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Գրիգոր վարդապետ Միքայելյանին տեղափոխել են, եւ նախատեսվում է գյուղի հովվությունը տալ ուկրաինացի Հայր Անատոլիին:

Սուխլիսցիները, ինչպես նաեւ Մոխրեբ գյուղի բնակիչները (այս գյուղը եւս սպասարկել է Հայր Գրիգորը) ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով վերադարձնել իրենց հոգեւոր առաջնորդին` Հայր Գրիգորին, ում արդեն ետ են կանչել Վենետիկի Մխիթարյան միաբանություն:

Գյուղացիները վաղուց խնդիրներ ունեն ոչ հայազգի կաթոլիկ եկեղեցականների հետ, որոնք ծառայել են Սուխլիսում: 1892-1900 թթ. կառուցված կաթոլիկ եկեղեցում հովվություն են արել մեծ մասամբ ոչ հայազգի վարդապետներ ու քահանաներ: 1980-1994 թթ. Սուխլիսում հոգեւոր հովիվ է եղել լատվիացի վարդապետ Իոսիֆ Կորնաշեւսկին: Այնուհետեւ` մինչեւ 2003 թվականը, սիրիացի Էմմանուել վարդապետը, իսկ նրանից հետո` մինչեւ 2006-ը, հովվություն է արել Անատոլի վարդապետը: «Հայր Անատոլին ըստ ցանկության էր գալիս եկեղեցի, բայց հետեւանքն այն էր, որ եկեղեցի հաճախողների թիվը գնալով պակասում էր»,- իրենց բողոքում գրում են սուխլիսցիները:

«Հայր Կորնաշեւսկուց  սկսած եւ մինչեւ վերջերս փորձի համար Սուխլիս եկած Ներսեսը ծառայել են մեկ գաղափարի` ինչքան կարելի է շատ փող վաստակել եւ դրանով հաճոյանալ Հռոմին»,- պատմում է եկեղեցու խորհրդի անդամ, սուխլիսցի Մկրտիչ Բախչինյանը: Նրա խոսքով` թե Նշան եպիսկոպոսը, ով Արեւելյան Եվրոպայի ու Կովկասի կաթոլիկների նախկին առաջնորդն էր, թե գյուղում ծառայություն մատուցած հոգեւորականները հայատյաց էին, վիրավորում էին գյուղացիների ինքնասիրությունն ու ազգային արժանապատվությունը:

2006 թ. գյուղխորհրդի նախագահի, գյուղի եկեղեցու խորհրդի եւ թեմի նախագահների, ինչպես նաեւ դպրոցի տնօրենի դիմումից` ուղղված Հայաստանի, Վրաստանի, Կովկասի եւ Իտալիայի բարձրաստիճան կաթոլիկ եկեղեցականներին, տեղեկանում ենք, որ 2006-ին կատարված զրպարտությունների եւ սադրանքների հետեւանքով սուխլիսցիները կորցրել են վստահությունը Թեմի առաջնորդ Նշան Սրբազանի նկատմամբ, որի հրահանգով վերջին հինգ ամսում գյուղում չի մատուցվել պատարագ, սուրբ հաղորդություն, չեն կատարվել կնունքի, պսակի ու թաղման արարողություններ:

Մ. Բախչինյանն ասում է, որ Հայր Գրիգորը խելացի, համեստ, ազգին ու աստծուն ծառայող հոգեւորական էր, եկեղեցուց վերցնում էր այնքան, որքան անհրաժեշտ էր ապրուստը հոգալուն: «Նրա շնորհիվ ոտքի կանգնեց մեր գյուղի մանկապարտեզը: Օգնեց վերականգնել ոռոգման ջրատարը, աջակցեց նոր դպրոցի շինարարական աշխատանքներին»,- շարունակում է Մ. Բախչինյանը:

Հայր Գրիգորի օրոք ավելացել է եկեղեցի հաճախողների եւ սուրբ խորհուրդներին մասնակցողների թիվը, ինչի արդյունքում Հայր Գրիգորը ստիպված է եղել պատարագ մատուցել նաեւ երեկոյան ժամերին` աշխատանքից վերադարձած տղամարդկանց համար: Հայր Գրիգորը համագործակցել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հետ: Ինչպես գյուղացիներն են ասում, իր ծառայության ընթացքում ազգանվեր գործեր է կատարել: Օրինակ` ամեն տարի կազմակերպված կերպով հիշատակել են Հայոց եղեռնի զոհերին:

«Ազգությամբ ուկրաինացի Անատոլի վարդապետը, ով ներկայումս Ծղալթբիլա գյուղի հոգեւորականն է, մի օր մեր գյուղում պսակ անելիս հարցրել էր, թե արդյոք թուրքե՞րն են հայերին ցեղասպանության ենթարկել, թե՞ հակառակը: Նորապսակները, բնականաբար, պատասխանել են, թե թուրքերը` հայերին, բայց նա հակառակն է պնդել ու ասել. «Չէ, հայերն են թուրքերին ցեղասպանության ենթարկել»,- հիշում է սուխլիսցին:

Գյուղի բնակիչները կարծում են, որ Հայր Գրիգորի ազգապահպան գործունեությունը դուր չի եկել Վատիկանին, եւ 4 տարվա հալածանքից հետո նրան չեզոքացրել են: «Մենք դա խորթ ու անընդունելի ենք համարում եւ դիմում ենք աշխարհի բոլոր հայերին` սատար կանգնել հայր Գրիգորին վերադարձնելուն»,- գրում են Սուխլիսի բնակիչները:

Սուխլիսցիների մեծ մասը 1828-30 թթ.-ին Կարապետ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ գաղթել է Էրզրումի նահանգի Հունձք գյուղից եւ հաստատվել Սուֆլիսում (ներկայումս` Սուխլիս): Հունձք գյուղում սուխլիսցիների նախնիներին հովվություն է արել Մխիթարյան միաբանության հիմնադիրը` Մխիթար Սեբաստացին: Սուխլիսում եւս Մխիթարյան միաբաններ են ծառայել, ինչը վկայակոչելով` այժմ էլ սուխլիսցիները փափագում են, որ իրենց գյուղում ծառայեն Մխիթարյան միաբանության հայ հոգեւորականները. «Սրտանց փափագում ենք, որ Հայր Գրիգորին ուղարկեն: Անհնարինության պարագայում մենք Մխիթարյան վարդապետ ենք ուզում»:

Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Վահան Ծ. Վարդապետ Օհանյանը «Հետքին» պարզաբանեց, որ իրականում Հայր Գրիգորն աշակերտներ հավաքագրելու առաքելությամբ էր ուղեւորվել Ախալցխա եւ իրավունք չի ունեցել հովվություն անել, սակայն գյուղացիների հետ ստեղծված մտերմիկ ու ջերմ հարաբերությունների շնորհիվ եւ գյուղացիների խնդրանքով մնացել է գյուղում: Այդ պատճառով Նշան  եպիսկոպոսի հետ տարաձայնություններ են առաջացել. եպիսկոպոսը Հայր Գրիգորի` Սուխլիսում մնալը դիտարկել է որպես հոգեւորականի անհնազանդություն եւ, հավանաբար, ցանկացել է պատժել`  ետ կանչելով նրան Մխիթարյան միաբանություն:

Տեր Վահանը մի կողմից ասում է, որ Նշան եպիսկոպոսի արարքն իր լիազորությունների շրջանակներում է. Հայր Գրիգորն իրավունք չուներ չհնազանդվել թեմի առաջնորդին: Մյուս կողմից էլ նշում է. «Եթե ուզենք հայկական շահերը պաշտպանել, Հայր Գրիգորի արածը ճիշտ է եւ լավ»: Տեր Վահանն արդեն ստացել է սուխլիսցիների բողոքը, սակայն, դժբախտաբար, քահանաների պակասի խնդիր կա, ուստի մշտական հովիվ չեն կարող ուղարկել Սուխլիս: Սամցխե-Ջավախքում այժմ թեմից երկու հոգեւորական կա` Հայր Անտոնը` Հեշտիա գյուղում, եւ Հայր Պողոսը` Ծինուբանում: Սակայն սուխլիսցիները չեն ուզում, որ իրենց գյուղում եւս հովվություն անի Հայր Պողոսը. նրա գործունեությունից եւս դժգոհ են:

«Եթե ես քահանա ունենայի, առաջինը պիտի լինեի, որ անպայման մի հայ հոգեւորական ուղարկեի»,- վստահեցնում է Տեր Վահանը` նշելով, որ տեղյակ է սուխլիսցիների եւ այլազգի հոգեւորականների միջեւ եղած տարաձայնությունների եւ Հայր Գրիգորի նկատմամբ նրանց ունեցած հարգանքի մասին:

Տեր Վահանն ասում է, որ սուխլիսցիների դիմումն անպայման փոխանցելու է իր ղեկավարությանը, սակայն «վերին կարգի ղեկավարությունն է» (նկատի ունի Վատիկանը) որոշումներ կայացնում. «Ես, ցավոք սրտի, չեմ կարող եկեղեցական իշխանություններին հակառակ գնալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter