HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ռուսական շահեր` հայկական կախված ականջների հաշվին

Կառավարության դեկտեմբերի 9-ի նիստի օրակարգում ընդգրկվել էր նաև Հայաստանում ռուսական զորամիավորումների համար ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերի համար համապատասխան ընկերությունների կատարած ծախսերը փոխհատուցելու մասին որոշումն ընդունելու հարցը:

Այս շրջանակներում, մասնավորապես, նախատեսվել է «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին պետական բյուջեի պահուստային ֆոնդից վճարել մոտ 24,5 մլն դրամ: Նման որոշումներ Կառավարությունն ընդունում է արդեն տարիներ շարունակ: Օրինակ` 2008 թ. առաջին եռամսյակում իրականացված նման ծախսերի փոխհատուցման համար մի անգամ 9,6 մլն դրամ է փոխանցվել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մեկ այլ անգամ` 33,6 մլն, իսկ 2009 թ. պետական բյուջեից մեկ անգամ էլ` 40,1 մլն դրամ: Ըստ 2004 թ. փետրվարին Կառավարության ընդունած ռազմական փոխադրումների իրականացման մասով մատուցվող ծառայությունների համար կատարվող ծախսերի փոխհատուցման կարգի` գործադիրը դրանց դիմաց վճարումները կատարում է պետական միջոցների հաշվին, եթե բյուջեով այդպիսի գումարներ նախատեսվել են: Իսկ եթե չեն նախատեսվել, ապա փոխհատուցումն իրականացվում է պահուստային ֆոնդից` եռամսյակային կտրվածքով: Այս գործընթացը տեղի է ունենում 1995 թ. Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրի համաձայն: Դրանով ոչ միայն ռազմակայանի համար փոխադրումներ իրականացնող օդանավերին մատուցվող ծառայությունների, այլև ընդհանրապես բոլոր տիպի պահպանման ծախսերն իր վրա է վերցրել հայկական կողմը: Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել էր 25 տարի ժամկետով: Սակայն 2010-ի ամռանը կողմերը, թիվ 5 արձանագրությունը ստորագրելով, Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգեցին ևս 24 տարով: Ընդ որում` այդ փոփոխությունը վերաբերում էր բացառապես տեղակայման ժամկետներին, այսինքն` ռազմակայանի կոմունալ և այլ տիպի պահպանման ծախսերը հայկական կողմը շարունակելու է հոգալ մինչև 2044 թ.: Ողջ հետխորհրդային տարածքում սա բացառիկ երևույթ է: Բացի Հայաստանից` բոլոր այն երկրներում, որտեղ Ռուսաստանն ունի նման ռազմակայաններ, դրանց պահպանման ծախսերն իր միջոցներով իրականացնում է Մոսկվան: Եվ դա բնական է. այդպես է ամբողջ աշխարհում, որովհետև այս կամ այն երկրում ռազմական կոնտինգենտ տեղաբաշխելը և այն պահպանելը բխում է առաջին հերթին տեղաբաշխող երկրի շահերից: Ընդամենը մեկ-երկու օր առաջ «Սվոբոդնայա պրեսա» պարբերականին տված հարցազրույցում ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինն այս կապակցությամբ բառացիորեն ասում է հետևյալը. «Հայերը պինդ բռնված են իրենց տարածքում գտնվող մեր ռազմաբազաներից: Նույնիսկ իրենք են ամբողջությամբ վճարում ծախսերը, որը, ըստ իս, եզակի երևույթ է աշխարհում»: Խրամչիխինի այս կարծիքն, իհարկե, օրիգինալ չէ: Այն ընկած է հայաստանյան ռազմաբազաների հետ կապված Ռուսաստանի քաղաքականության հիմքում: Մոսկվան առաջնորդվում է այն կանխավարկածով, որ ռազմաբազաները կենսական նշանակություն ունեն առաջին հերթին Հայաստանի համար, և վերջինս այլընտրանք չունի, քան այն ձեռքից բաց չթողնելու համար դիմելու բոլոր միջոցներին` ընդհուպ պահպանման ծախսերն ամբողջական հոգալն ու մարդկային ներուժով անընդհատ համալրելը: Եվ իր այս մոտեցման մեջ Մոսկվային մեղադրել չի կարելի. եթե ընդունող կողմը որևէ առարկություն չի ներկայացնում և գլուխը կախ համաձայնություն է տալիս առաջադրվող բոլոր պայմաններին, իսկ ռազմաբազաների գոյությունն ընդունում է որպես իր անվտանգության ապահովման եթե ոչ ամբողջական, ապա գոնե հիմնական երաշխիք, ապա ինչո՞ւ ինքն էլ չվճարի նրա պահպանման ծախսերը: Բացի ֆինանսական կողմից` հարցն առաջին հերթին առնչվում է պետական ու ազգային արժանապատվությանը, ինչպես նաև առհասարակ ինքնիշխանությանը: Ախալքալաքի ռուսական բազայի դուրսբերումից հետո Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայությունն ապահովվում է միայն Գյումրու զորամիավորման միջոցով: Մոսկվան այս ռազմաբազայի պահպանման հարցում շահագրգռված է գուցե շատ ավելի, քան Հայաստանը: Ի դեմ հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցող Թուրքիայի` այն տեղաբաշխված է ՆԱՏՕ-ի հետ սահմանագծին և մոտ է գտնվում թե Իրանին և թե Վրաստանին: Այս ռազմակայանի ներկայությունը քարտ բլանշ է տալիս Ռուսաստանին` դառնալու առանցքային գործոն տարածաշրջանում և ներգրավվելու անխտիր բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններում ու խնդիրներում: Երևանում այնպիսի կեցվածք են ընդունել, սակայն, թե բացարձակապես չեն գիտակցում առկա իրողությունները: Դա կամ արմատավորված մտայնության, կամ պարզապես անզորության հետևանք է: Երևանը գլուխը կախ անում է այն ամենը, ինչ թելադրվում է Մոսկվայից: Բացի ռազմակայանի պահպանման ծախսերն իր վրա վերցնելուց` Հայաստանն աստիճանաբար նաև իր վրա է վերցնում ռազմաբազան մարդկային ներուժով համալրելու գործը: Սակայն անգամ սա չի բավարարում Մոսկվային: Հայաստանը Ռուսաստանի հետ 1995 թ. կնքած պայմանագիրը 24 տարով երկարաձգելու մասին արձանագրությունը ստորագրեց փաստացի իր ինքնիշխանության զոհաբերման գնով: Որովհետև թղթի վրա սևով սպիտակի վրա գրեց ու ստորագրեց, որ Ռուսաստանն է իր անվտանգության երաշխավորը: Դրանից անմիջապես հետո Բաքու մեկնած Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, թե պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է` միայն ռազմաբազայի տեղակայման ժամկետներն ավելացնելու առումով: Այսինքն` Հայաստանի անվտանգության երաշխավորի դեր ստանձնելու խնդիր չի դրված: Եվ ահա այդ արձանագրությունն արդեն մի քանի ամիս է` չի վավերացվում ոչ Հայաստանի և ոչ էլ Ռուսաստանի խորհրդարանի կողմից: Անցած ամիս Հայաստանում գտնվող ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ այս հարցը քննարկվեց: Սակայն անգամ դրանից հետո հարցը չի կարգավորվում: Զատուլինը Երևանում հայտարարեց, թե Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները արձանագրությունը պետք է վավերացնեն միաժամանակ: Ինչու` այդպես էլ պարզ չի դառնում: Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը շտապեր վավերացնել արձանագրությունը, այն արդեն վաղուց ՀՀ ԱԺ-ով անցած կլիներ: Իսկ քանի դեռ այն վավերացված չէ, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության համար պատասխանատու չէ: Իսկ ինչու առհասարակ մտնել այդպիսի բեռի տակ, որը, չգիտես ինչ տիտանական ջանքերի գնով, Հայաստանին հաջողվել էր փաստաթղթային ձևակերպմամբ փաթաթել Մոսկվայի վզին: Առանց այդ էլ Երևանը ոչ մի խնդիր չի հարուցում և ոչ մի պահանջ չի ներկայացնում... ինչը և կարելի է սպասել... ֆորպոստից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter