HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Էլեկտրոնային անձնագրերի ձեռքբերման վերջնաժամկետ սահմանված չէ

Իսկ նույնականացման քարտը պարտադիր է 16 տարին լրացած ցանկացած անձի համար Հունվարի առաջին աշխատանքային օրերին կհայտարարվեն այն կազմակերպությունների անուները, որոնք պատրաստելու են էլեկտրոնային անձնագրեր: Հաջորդ տարի շրջանառության մեջ կդրվեն նույնականացման քարտերը և կենսաչափական տվյալներով անձնագրերը: «Սեպտեմբերից սկսվելու է նոր փաստաթղթերի տրամադրումը»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Կենսաչափական տվյալներով անձնագիրը պարունակում է «չիպ», որը ներառում է անձի անկետային բոլոր տվյալները, որոնք առկա են սովորական անձնագրում` անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, լուսանկար: Նախատեսված են նաև երկու ցուցամատի մատնահետքերը, ինչը, ըստ Նորայր Մուրադխանյանի, նաև ԵԽ-ի պահանջն է: Ըստ նրա` էլեկտրոնային անձնագրերի առավելությունն են անվտանգության ապահովումը, նույնականացման հեշտացումը, փաստաթղթի նկատմամբ վստահության բարձրացումը: Եթե նույնականացման քարտը պարտադիր է, ապա էլեկտրոնային անձնագրերի ձեռքբերման վերջնաժամկետ առայժմ սահմանված չէ: Նույնականացման քարտում ևս նույն տվյալներն են լինելու, ինչպես նաև քաղաքացու էլեկտրոնային ստորագրությունը: Հետագայում կարող են ներառվել նաև առողջապահության, բանկային գործարքների հետ կապված տեղեկություններ: Նույնականացման քարտը նույն ID քարտն է, այն «չիպ»-ով ու բազմաֆունկցիոնալ` Հայաստանի ներսում օգտագործելու համար: Հնարավոր է, որ միջպետական պայմանագրերով այն հետագայում դառնա նաև ճամփորդական փաստաթուղթ: Նույնականացման քարտի համար նախատեսվում է նույն տուրքը` 1000 դրամի չափով: Քարտի ժամկետը 10 տարի է: Իսկ անձնագիրը նախատեսված է տալ 5 տարով: Այն ձեռք բերելու համար վճարվելիք գումարը կախված է նրանից, թե ով կհաղթի նոր անձնագրեր պատրաստելու համար անցկացվելիք մրցույթում: Հայաստանի ներսում կենսաչափական տվյալներով անձնագիրն անհրաժեշտ չէ, և կարելի է ստանալ միայն նույնականացման քարտը, որը պարտադիր է 16 տարին լրացած քաղաքացիների համար, ինչպես այսօր գործող անձնագիրը: ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն անձնագիր, մինչև անձնագրի գործածության ավարտը այս փաստաթղթերը ստանալու կարիք չունեն, եթե անձամբ չեն ցանկանում ստանալ դրանք: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո քաղաքացին արդեն պարտադիր պետք է ստանա նույնականացման քարտը: Կենսաչափական տվյալներով անձնագիրը կարելի է ստանալ միայն նույնականացման քարտը ստանալուց հետո: Այն արտերկիր մեկնելու համար է նախատեսված: Նոր անձնագիր ստանալու դեպքում հինը անվավեր է համարվում, քանի որ միաժամանակ 2 փաստաթուղթ քաղաքացին չի կարող ունենալ: Կենսաչափական տվյալներով անձնագիր և նույնականացման քարտ կարող են ստանալ նաև երկքաղաքացիները: Նորայր Մուրադխանյանը նշեց, որ այստեղ որևէ տարանջատում չկա, քանի որ երկքաղաքացիները նույն ՀՀ քաղաքացիներն են: Բանախոսը նշեց, որ այսօր ծննդյան վկայականների փոփոխություն չի նախատեսվում: Իսկ սոցիալական քարտերի և նույնականացման քարտերի տարբերությունը միայն «չիպն» է, ինչի միջոցով քաղաքացին կարող է օգտվել նաև էլեկտրոնային ծառայություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter