HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բնակելի եկեղեցի. խորհրդային աթեիզմի հետեւանքները

Գյումրու «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 1843-1855 թթ. կառուցված կաթոլիկների եկեղեցին վաղուց կորցրել է ոչ միայն իր նշանակությունը, այլեւ արտաքին տեսքն ու ներքին բովանդակությունը: 1926 թ. երկրաշարժից մասնակիորեն փլուզված, գմբեթից զրկված եկեղեցին 1930-40 թթ.-ից վերածվում է բնակելի շինության:

Երկրաշարժից անօթեւան մնացած մի քանի ընտանիքներ բնակություն են հաստատում եկեղեցու ներսում: Հետագայում, տարիների ընթացքում, եկեղեցուն պատկանող տարածքում սկսում են կառուցել մասնավոր տներ: «1926 թ. հերս 14 տարեկան է եղել, կպատմե, որ առավոտ կանուխ, երբ որ ժաժքն ելել է, տեսել է, թե ինչխ եկեղեցու գմբեթը կընկնի ու պատերի մե մասն էլ կքանդվին,- պատմում է եկեղեցու հարեւանությամբ` ընդամենը 20 մետր այն կողմ կառուցված տան բնակիչ Հակոբ Հովհաննիսյանը,- ես ծնվածս օրվանից, այսինքն` 1941-ից, ըստեղ կապրիմ, ու միշտ մարդիկ կխոսային, թե օր գուկա, որ եկեղեցին կվերականգնեն, ըսպես չեն թողնի, բայց հմի կաթոլիկները, փաստորեն, իրանց եկեղեցին գուզեն էն փոսի մեջ սարքեն, «Պաբեդայի» վրա: Բայց ըդիկ, աղջիկ ջան, սխալ է: Էն վախտը, որ ֆռանգները սարքել են եկեղեցին, ընպես են էրել, որ իրանց եկեղեցու ու հրապարակի Ամենափրկիչ եկեղեցու գմբեթներն իրար աշեն, էղնին նույն բարձրության վրա»: Հակոբն ասում է, որ իրենք էլ շատ կուզենային տեսնել եկեղեցին վերականգնված, ոչինչ, որ հարկ կլինի տարածքից հեռանալ: Միայն թե այդ հարցն այլեւս չի քննարկվում: Հնի վերականգնումն ու տարածքի ազատումն ավելի մեծ գումարներ են կազմել, քան նոր եկեղեցու կառուցումը: Եկեղեցու բնակիչներից Սուսաննա Հակոբյանն ասում է, որ ամուսնու ընտանիքն այստեղ բնակություն է հաստատել 1940-ականներին: «Միշտ էլ մտածել ենք, որ մի օր էս եկեղեցին պիտի վերականգնեն,- ասում է տիկին Սուսաննան,-ըդուր դարդից շատ գործ, ռեմոնտ, բան չէինք էնե: Եկեղեցու երկրորդ հարկի մեր հարեւանը որ տղուն պիտի նշաներ, ստիպված դիմեց կաթոլիկներին, որ վերջնական իմանային` թե պիտի դուրս գան, չձեւափոխեն: Բայց երեւի դրական էր եղել պատասխանը, որ 2 տարի առաջ տղեն ռեմոնտն էլ էրավ, ձեւափոխություն էլ էրին»: Իհարկե անսովոր է, երբ եկեղեցու պատին ինքնաշեն պատշգամբ ես տեսնում, էլ ավելի տարակուսում ես բնակելիներին բնորոշ աստիճանների տեսքից: Երկրորդ հարկում բնակվող Վարսիկ Երանոսյանի ընտանիքն արդեն հարմարվել է եկեղեցում ապրելու մտքի հետ, թեպետ Ռուզաննան` Վարսիկի դուստրը, պնդում է, որ տարօրինակ իրադարձություններն անպակաս են իրենցից: «Մենք միշտ էլ մտածել ենք, որ եկեղեցում ապրելու միտքն իսկ սրբապղծություն է, ուր մնաց թե հենց իրապես ապրելը, որ Աստծո տաճարում բաղնիք, զուգարան սարքելն արդեն իսկ անթույլատրելի է,- ասում է տիկին Վարսիկը,- մենք էս մասն առել ենք, բայց մեզի միշտ կըսեին, թե լավ չէ, որ ըստեղ կապրինք, որ մեր տան մեջ եղած մահերը հենց դրա հետ կապ ունին: Ճիշտ է, հմի ռեմոնտ ենք էրել, գազ ենք քաշել, բայց եթե հնար էղնի, կծախենք, կերթանք»: Տիկին Վարսիկը պատմում է, որ տարածքը գնած օրվանից, չգիտես ինչու, իրենց ոչ թե տանտեր են զգացել, այլ վարձով ապրողներ: «Գիշերը մանավանդ, հենց դուռը կփակեինք, կպառկեինք քնելու, ինչխոր մեկը դրսից բացեր ու ուժեղ փակեր նորից: Դռան շխկոցը կառնեինք, հետո ոտքերի թփթփոցի ձեներ նարդվանի վրա, կելնեինք, կնայեինք` մարդ չկա, ու ըդպես տարիներ շարունակ»,- մոր խոսքը շարունակում է Ռուզաննան: Երանոսյանները պատմում են, որ բոլոր տեսակի տարօրինակ աղմուկները, ստվերների անցուդարձը դադարել են մոտ երկու տարի առաջ, երբ իրենց հաստատապես տեղեկացրին, որ կաթոլիկ եկեղեցին հրաժարվում է այն ծառայեցնել բուն նպատակին, եւ իրենք ձեռնամուխ եղան վերանորոգման ու սրահի ձեւափոխության աշխատանքներին: «Կաթոլիկները մե 6-7 տարի առաջ եկան, սաղիս գումար առաջարկեցին, որ տարածքն ազատեինք, 20 հազար դոլար կուտային: Մենք, օրինակ, համաձայն էինք: Բայց դե մարդիկ ագահ են: Էնպեսներն եղան, որ 60 հազար ուզին, մարդ էլ կար` 80-100 հազար դոլար փող կուզեր, որ տարածքն ազատեր: Դե իրանք էլ երեւի հաշվարկ էրին, տեսան, որ թանկ կնստի, ձեռ քաշին էս շենքից»,- մեկնաբանում է տիկին Վարսիկը:

Գյումրիում կկառուցվի նոր Կաթողիկե եկեղեցի

Գյումրիի հայ կաթողիկե ժողովրդապետ տեր Գրիգոր քահանա Մկրտչյանն ասում է, որ նոր եկեղեցու կառուցման մասին սկսել են մտածել, երբ հասկացել են, որ անհնար է սուրբ Աստվածածինը վերականգնել ու տարածքն ազատել այն գումարների սահմաններում, որ իրենք նախատեսել էին: Դա այն շրջանն էր, երբ Գյումրիում անօթեւանների համար սկսել էին իրականացնել Բնակարանների գնման ծրագիրը, եւ սերտիֆիկատով առաջարկվող գումարներն էլ չէին գերազանցում 4000 ԱՄՆ դոլարը, իսկ իրենք առաջարկում էին 20 հազար դոլար: Եվ եթե սկզբում պիտի 10 ընտանիքի խնդիր լուծեին, ապա հետագայում ի հայտ եկան այդ բնակարաններում գրանցված նոր ընտանիքներ, եւ իրենք արդեն ստիպված էին գործ ունենալ մոտ 20 ընտանիքի հետ: Բացի այդ, հարկ էր բնակարաններ գնել նաեւ եկեղեցու տարածքը զավթած եւ մասնավոր տներ կառուցած ընտանիքների համար: «Նոր եկեղեցին կառուցելու համար մեզ հարկ կլինի ծախսել 1,5 մլն եվրո: Այդ գումարը մենք ունենք: Գումարի շուրջ 70 տոկոսը հանգանակություն է: Տարածքը, որտեղ կառուցվելու է եկեղեցին, Կաթողիկե առաջնորդարանը գնել էր դեռեւս 1990-ականներին, այսինքն` այն մեզ էր պատկանում: Մենք այնտեղից պարզապես մեկ տուն ենք հանել, ու քանի որ այն գտնվում էր Կումայրի արգելոցի հաշվեկշռում, դիմեցինք Մշակույթի նախարարություն, որպեսզի թույլատրեն նույնությամբ հավաքել մեկ այլ վայրում: Իսկ եթե վերցնեինք նախկին տարածքը, փոխհատուցեինք բնակիչներին` մոտ 2 տասնյակ ընտանիքի, ապա այդ գումարը 2-2,5 մլն եվրոյի կհասներ, մանավանդ կային ընտանիքներ, որ աստղաբաշխական թվեր էին ուզում: Դրա համար էլ որոշեցինք նորը կառուցել»,- բացատրում է տեր Գրիգոր քահանա Մկրտչյանը:

Դեկտեմբերի 8-ին Անդրկովկասում Հռոմի պապի դեսպան Կլաուդիո Գուջիերոտիի եւ Հայաստանում, Վրաստանում ու Արեւելյան Եվրոպայում Կաթողիկե թեմի առաջնորդ հայր Վահան Օհանյանի հանդիսապետությամբ կատարվեց հայ կաթողիկե եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: 26 մետր բարձրությամբ եկեղեցու շինարարությունը նախատեսված է ավարտել 2013-ին: Սուրբ Խաչ աթոռանիստ եկեղեցին կառուցվելու է Անի-Շիրակ ճարտարապետական դպրոցի ոճով: Սուրբ Խաչը կառուցվելու է Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանի հարեւանությամբ: Տեղանքը հայտնի է որպես ակտիվ սեյսմիկ գոտի` շրջապատված ստորգետնյա քյարիզներով: Ճարտարապետ Հակոբ Ջիվանյանը, այս ամենը հաշվի առնելով, որոշել է եկեղեցու հատակագիծը անել ոչ թե ուղղանկյուն, որ սեյսմիկ առումով ավելի խոցելի է, այլ շրջանաձեւ: Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյան փողոցում գտնվող ս.Աստվածածնա եկեղեցուն, ապա տեր Գրիգոր քահանա Մկրտչյանի փոխանցմամբ` իրենք հույս ունեն, որ պետությունը մի օր դա կվերադարձնի Կաթողիկե եկեղեցուն, քանի որ ժամանակին իր կողմից է զավթվել: «Եթե այն մի օր մեզ վերադարձվի, մենք այն կվերանորոգենք ու կվերածենք թանգարան-հուշարձանի»,- ասում է կաթողիկե եկեղեցու ժողովրդապետը: Ինչ վերաբերում է Գյումրիում աթոռանիստ եկեղեցի ունենալուն, ապա տեր Գրիգոր քահանա Մկրտչյանն ասում է, որ դա անհրաժեշտություն էր, քանի որ իրենք ունեն իրենց հավատացյալները, որը, սակայն, չի նշանակում, թե իրենք մրցակցում են առաքելական եկեղեցու հետ կամ զբաղվում են մարդորսությամբ: «Մենք մեր տեղը գիտենք եւ երբեք չենք ձգտել լինել հավասար կամ մրցակցության մեջ մտնել Հայ Առաքելական եկեղեցու հետ,- ասում է կաթողիկե ժողովրդապետը,- եկեղեցին ոչ թե բաժանություն պիտի քարոզի, այլ միասնություն, իհարկե Հայ Առաքելական եկեղեցու հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter