HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Կադրային զտումների տրամաբանությունը

Երևանի նախկին քաղաքապետի հրաժարականը, ապա դրան հաջորդած Կառավարությում կատարված կադրային տեղաշարժերը իշխանությունը ներկայացրեց որպես իրենց օրենքից վեր դասողների, զոռբայության դեմ սկսած անհաշտ պայքարի դրսևորում: Այդ միտքը ավելի ուշ զարգացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարելով. «Անարդյունավետ աշխատանքը, թերություններն ու բացթողումները հաստատապես դառնալու են քննարկման առարկա: Անբարեխիղճ պաշտոնյաներ մեզ պետք չեն»: Այսպիսի մեկնաբանությունները վկայում են, որ տեղի ուենցող գործընթացները հասարակական սպասելիքներին, պահանջներին համահունչ մատուցելու խնդիր է դրված: Սակայն իրական շարժառիթներն ու միտումները բոլորովին այլ են: Եթե իշխանությունն իսկապես օլիգարխիկ զոռբաների դեմ պայքար սկսած լիներ, ապա նախքան արդարադատության արդեն նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պաշտոնանկ կարվեր, զբաղեցրած պաշտոնից պետք է անհապաղ ազատվեր ընդամենը ձևականորեն նախարարի ենթակայության տակ գտնվող ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, որը ծեծել էր իր ենթակային: Մոտ երկու տարի առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ նույն Գագիկ Բեգլարյանի թիկնազորը դաժանաբար ծեծել էր քաղաքապետի` Երևանի թիվ 114 դպրոցում սովորող որդու համադասարանցուն: Սակայն այն ժամանակ ոչ միայն գործ չհարուցվեց, այլև հարցն ուշադրության չարժանացավ: Ընդ որում, այդ դեպքից ընդամենը երեք ամիս առաջ էր հանապետության նախագահը զգուշացրել, թե «իր համար հասկանալի չեն» նման դրսևորումները: Իրական մոտիվացիա Գագիկ Բեգլարյանը չպատժվեց նրա համար, որ մարդ էր ծեծել: Նա պատժվեց նրա համար, որ ձեռք էր բարձրացրել նախագահականի ներկայացուցչի վրա: Այսինքն` անցել էր թույլատրելիի սահմանը` ներխուժել անձամբ հանրապետության նախագահի «տարածք»: Բեգլարյանին այսպես հրապարակավ պատժելն ուներ առանցքային նշանակություն: Վերջինս պատահական, շարքային օլիգարխ չէր: Նա մոտ մեկ միլիոնանոց բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետն էր, ով հսկայական ազդեցություն ուներ հատկապես քաղաքի ստվերային ֆինանսական հոսքերի և թաղային հեղինակությունների վրա: Վերջիններս Բեգլարյանին ընդունում էին որպես յուրային: Ընդ որում` շատ ավելի յուրային, քան իշխանության ցանկացած այլ ներկայացուցչի: Իշխանությանը նրանց հավատարմությունը, օժանդակությունը միջնորդավորված էին, և այդ միջնորդի, կապող օղակի դերը կատարում էր հենց Գագիկ Բեգլարյանը: Թե ֆինանսական հոսքերի, թե այս շրջանակների նկատմամբ քաղաքապետի ունեցած ազդեցությունը նրան օժտում էին զգալի անկախությամբ կամ առնվազն ինքնուրույնությամբ: Եթե տեղի ունեցած «դոմինգոյական» միջադեպն իրականությանը համապատասխանում է, ապա հասկանալի է, որ Բեգլարյանն, իրեն այդքան ինքնուրույն չզգալու դեպքում, երբեք նման քայլի չէր դիմի: Ահա սա էր, որ անհանգստացնում է նախագահին: Նա Բեգլարյանի մեջ տեսավ այնպիսի մի ֆիգուրի, ով անհրաժեշտ պահին կարող էր շրջվել ու սեփական խաղն սկսել, այսինքն` իշխանության համար դառնալ անվերահսկելի: Սա կարող էր նաև շղթայական ռեակցիայի էֆեկտ ստեղծել: Եթե Բեգլարյանը չպատժվեր, ապա մյուս օլիգարխները կարող էին դրա մեջ տեսնել նախագահի թուլության նշանը ու իրենց հերթին ավելի ինքնուրույն դառնալու հավակնություններ ունենալ: Իսկ եթե նկատի ունենանք Երևանում Բեգլարյանի ունեցած հսկայական ազդեցությունը, ապա չէր բացառվում, որ ի դեմ նրա` այդ շրջանակները կարող էին տեսնել իրենց բիզնեսի, կապիտալի  պաշտպանության երաշխավորի և նրա շուրջ էլ փորձել համախմբվել: Դա իշխանության համար անընդունելի էր սկզբունքորեն, իսկ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկուկես տարի առաջ` առավելևս: Այս իմաստով նախագահի հարվածն ուղղված էր նաև այս շրջանակների հնարավոր կենտրոնախույս նկրտումները հօդս ցնդեցնելուն, և մեծ հաշվով նա այդ հարցը լուծեց: Ըստ էության` նախագահը հենց բնում խեղդեց ներքին դիմադրողական բևեռի ձևավորման անգամ տեսական հնարավորությունը` ցույց տալով, որ ցանկացած մանևր չի հանդուրժվելու, իսկ իրենք` օլիգարխները, չեն կարող գոյություն ունենալ իշխանությունից անկախ և պարտավոր են գործել նրա գծած սահմանների ու պայմանների շրջանակներում, ինչպիսիք էլ այդ սահմանները լինեն: Մյուս կողմից սա անուղղակի ուղերձ էր Գագիկ Ծառուկյանին: Եվ վերջինս հասկացավ այդ ուղերձի էությունը: ՀՀԿ 20-ամյակի արարողության ժամանակ Ծառուկյանը լրագրողներին ասաց, թե ոչ միայն կոալիցիայից դուրս գալու, այլև իրենց նախարարներին հետ կանչելու մտադրություն չունեն: Դրանից առաջ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը մեկ մարդու պես կողմ քվեարկեց ՀՀԿ-ի, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ ներկայացված միակ թեկնածուի` Կարեն Կարապետյանի թեկնածությանը: Դրա համար էլ ՀՀԿ 20-ամյակին ունեցած ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ կոալիցիոն գործընկերներին (հասկանալ` ԲՀԿ-ին) ոչ թե վերջնագրեր, այլ միայն պահանջներ կարող է ներկայացնել: Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը Անգամ Երևանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրելով` ՀՀ նախագահը հասկացրեց, թե որն է իր ակնկալիքը թե քաղաքապետից, թե ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից: Ստվերային լծակներ ու քաղաքական կշիռ ունեցող Բեգլարյանին փոխարինեց էությամբ, տեսակով ու գործունեության բնույթով ապաքաղաքական ֆիգուր` «Հայռուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը: Լինելով պրոֆեսիոնալ տնտեսագետ և մենեջեր` նա մայրաքաղաքը ղեկավարելու է ավելի շատ վարչարարության հիմունքներով, քան` քաղաքական: Դրան զուգահեռ նախկին պաշտոնում նա բավարար փորձ է ձեռք բերել իրենից ունեցած ակնկալիքներն ու պահանջները բավարարելու իմաստով և շատ լավ կարողանում է հասկանալ քաղաքական իրողությունները: Այնպես որ ակնհայտ է` նա հենվելու է աշխատանքային մեթոդների, հմտությունների վրա և դուրս չի գալու իր համար գծված սահմաններից: Բայց այս ամենին զուգահեռ կա ևս մեկ հանգամանք: Կարապետյանի թեկնածությունն առաջադրեց Սերժ Սարգսյանն անձամբ` անգամ ի հեճուկս Հանրապետական կուսակցության: Վերջինիս համար քաղաքապետի ամենահարմար կամ նախընտրելի թեկնածուն միանշանակ ՀՀԿ վաղամեռիկ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի որդին`Տարոն Մարգարյանն էր, ով մոտ 5 տարի արդյունավետ ղեկավարել էր Երևանի Ավան համայնքը, կուտակել բավականաչափ փորձ ու հմտություն և գործնականում պատրաստ էր ստանձնելու նաև քաղաքապետի պաշտոնը: Սակայն այս անգամ էլ նախագահը իր ղեկավարած կուսակցության ձգտումներն անտեսեց և դա արեց ակնհայտ մեկ մղումով. թույլ չտալ քաղաքապետի պաշտոնում հերթական քաղաքական ֆուգուրի հայտնվելը: Նախագահի հետ խնդիրներ ունենալու պարագայում, Տարոն Մարգարյան քաղաքապետի գործոնով պայմանավորված, «հին հանրապետական գվարդիան» կդառնար շատ ավելի ինքնուրույն: Այսպիսով, նախագահն ապահովեց, որ Երևանը քաղաքական մեխանիզմներով ընտրված ապաքաղաքական քաղաքապետ ունենա: Կադրային փոփոխությունների իմաստը Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքապետի պաշտոնի հետ, որևէ տրամաբանական աղերս չունի Կառավարությունում կատարված և ակնհայտորեն շարունակության միտումներ ունեցող փոփոխությունների հետ: Ուշադրության է արժանի հատկապես այն փաստը, որ գործադիրից հեռացվեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ով համարվում կամ դիտարկվում էր որպես այս կառավարության տնտեսական նոր քաղաքականության ճարտարապետ: Սակայն 2009թ. տնտեսական ճգնաժամի արդյունքում ակնհայտ դարձավ, որ այս կառավարությունը մարտահրավերներին դիմակայելու բավարար ներուժ ու հնարավորություն չունի: Արդյունքում` տնտեսության անկում մինչև 14 տոկոս, արտաքին պարտքի մեծացում գրեթե եռակի անգամ, դրան հետևած աննախադեպ գնաճ, սոցիալական բևեռացման խորացում: Ներսես Երիցյանի գործունեությունից դեռ անցյալ տարի հրապարակավ դժգոհեց կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն, և իրականում դա դժգոհություն էր առհասարակ Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փաստորեն, փոփոխություններ կատարելով հենց ֆինանսատնտեսական բլոկում` նախագահն առաջին հերթին փորձեց սրբագրել կառավարության ձախողումները, լիցքաթափել հասարակական ու ներիշխանական դժգոհությունը, այդպիսով կանխել լրիվ իրատեսական սոցիալական հնարավոր պայթյունը: Դրա համար ավելի հարմար պահ նախագահը դժվար թե գտներ երկու պատճառով: Նախ` բյուջետային տարին գործնականում ավարտված էր, հաջորդ տարվա բյուջեն` ընդունված: Այսինքն` որևէ վտանգ չկար, որ կադրային այս փոփոխությունները կարող էին վնասել Կառավարության գործունեությանը: Այսպիսով, նախագահը նաև գալիք տարվա հետ կապված նոր հույսեր է ուզում արթնացնել հանրության մեջ: Երկրորդ` ներկա պահին հարաբերական անդորր է նաև արտաքին ճակատում: ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից հետո իշխանությունն ավելի վստահ դարձավ, որ պատերազմն այս պահին դժվար թե վերսկսվի: Չափազանց խոսուն է այն փաստը, որ նախագահի դիրքորոշումներն ու քաղաքականությունը` թե արտաքին և թե ներքին հարցերի հետ կապված, կոշտացան նոյեմբերի վերջերին Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հայրենիք է վերադառնում ապագայի նկատմամբ ավելի մեծ վստահությամբ: Ինչևէ, Կառավարությունում կատարելով միայն ռոտացիոն բնույթի տեղաշարժեր` նախագահը հասկացրեց, որ դեռ հավատում ու վստահում է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ավելին, ամեն ինչ ցույց է տալիս, որ նախագահը ձգտում է ավելի ամրապնդել Տիգրան Սարգսյանի դիրքերը: Նա ոչ միայն չցրեց Կառավարությունը, այլև ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակեց Տիգրան Սարգսյանի հերթական «կադրին»` ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանին: Կառավարության հենակետային դիրքերում այսօր արդեն գրեթե ամբողջությամբ Տիգրան Սարգսյանի վստահելի մարդիկ են: Բացի դրանից` Սերժ Սարգսյանը վարչապետի ձեռքերն արձակել է կառավարման միջին օղակներում վստահության ռեսուրսներ կուտակելու հարցում: Վարչապետը ձգտում է մեծացնել աշխատակազմերի վրա իր անմիջական ազդեցությունը: Դա մի մեխանիզմ է, որը վարչապետին հնարավորություն կտա ավելի քիչ կաշկանդված լինել ՀՀԿ կոալիցիոն պայմանավորվածություններով: Նախագահը նրան անգամ չխանգարեց «անցնել» մի քանի, նույնիսկ հանրապետական քվետա ունեցող նախարարությունների վրայով: Մի քանի շաբաթ առաջ վարչապետը կրթության և գիտության, առողջապահության, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարություններին մեղադրեց կոռուպցիայի մեջ և կադրային փոփոխություններ անելու ուղղակի հրահանգներ տվեց: Դժվար է պատկերացնել, որ Տիգրան Սարգսյանը դա արեց` առանց նախագահի գիտության: Իսկ ինչո՞վ է պայմանավորված Տիգրան Սարգսյանի նկատմամբ նախագահի ունեցած այս վերաբերմունքը: Կա, թերևս, երկու պատճառ: Նախ`ինչպես և Երևանի նորընտիր քաղաքապետը, գործող վարչապետը ևս քաղաքական ֆիգուր չէ: Երկրորդ` նա բանկային ոլորտի մասնագետ է, տնտեսությանը և տնտեսական քաղաքականությանը վերաբերվում է որպես բանկիր: ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը դա բացատրում է հետևյալ կերպ. «Այսօր մեզ մոտ շարունակում է բանկային հոգեբանությամբ տնտեսության կառավարման կադրային քաղաքականություն: Բանկային հոգեբանությունը տնտեսական զարգացման հոգեբանության հետ համահունչ չէ: Բանկային հոգեբանությամբ կառավարիչը մտածում է համակարգին առավելագույն շահ ապահովելու մասին, տնտեսական զարգացման ուղղությամբ մտածողը` առավելագույն շահ տնտեսությանը: Սրանք էականորեն և իրար հակադրվող մոտեցումներ են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter