HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Ընթերցողները հոգնել են ծայրահեղ կարծիքներից

Ապրիլի 25-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը փոխում է ԶԼՄ-ների հետ իր աշխատանքի սկզբունքները:

«Որպեսզի ունենանք պատասխանատու լրատվական միջոցներ, մենք առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու իշխանություններ»,- ասաց վարչապետը: Կառավարությունը հանձն է առել քննել բոլոր այն հրապարակումները, որոնք կունենան հասարակական նշանակություն: 

Միեւնույն ժամանակ վարչապետը նշել է, որ պատասխանատվություն կկրեն նաեւ այն լրատվական միջոցները, որոնք կհրապարակեն զրպարտություն եւ սուտ տեղեկություններ:

Այդ օրը վարչապետը տվեց առաջին կարգադրությունը` հանձնարարելով փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին պարզել «Առավոտ» օրաթերթում (28.04.2008) հրապարակված «Լիցկայի նոր «քաջագործությունը» հոդվածում ներկայացված խնդրի հանգամանքները: Ըստ օրաթերթի` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծելով կոտրել է գրախանութի աշխատակցի 12-ամյա որդու ծնոտը, քանի որ տղան վիճել է նրա որդիների հետ: 

«Ինձ շատ դուր եկավ վարչապետի այս որոշումը: Ես վաղուց սպասում էի, որ կառավարությունը վերջապես կսկսի հաշվի առնել մամուլում հրապարակված նյութերը: Եթե նրանք կարողանան հետեւողականորեն իրականացնել այս որոշումը, ապա ԶԼՄ-ները շատ ավելի վստահելի ու պատասխանատու կդառնան»,- կարծում է գործարար Յուրի Չիլինգարյանը

Գործարարը նշում է, որ միշտ կարիք ունի ճշգրիտ տեղեկատվության եւ հիմնականում վստահում է ԶԼՄ-ների լրատվությանը, բայց նաեւ ավելացնում` «վերապահումներով»: «Ինձ համար ընդունելի չէ, երբ փաստերի ներկայացման փոխարեն Հանրային հեռուստաընկերությունը մարդկանց վզին փաթաթում է իր կարծիքը: Ինձ թվում է, որ մարդիկ այնքան էլ սիրով եւ ուշադրությամբ չեն նայում պաշտոնական հաղորդումները»,- ասում է նա: 

«Ես խորհուրդ կտայի, որ կառավարությունը մի քիչ ականջ դնի ընդդիմադիր թերթերին: Այնտեղ, թեպետ երբեմն չափազանցված, բայց լինում են դիպուկ հարցադրումներ»,- ասում է պրն Չիլինգարյանը: 

Մեր գրեթե բոլոր զրուցակիցները, լսելով «վստահո՞ւմ եք ԶԼՄ-ների լրատվությանը» հարցը, հատուկ անդրադառնում էին հատկապես Հանրային հեռուստաընկերության գործունեությանը: 

««Հայլուրի» գործն է` ապացուցել անապացուցելին»,- այսպես է բնութագրում իր աշխատանքի նպատակն այդ ծրագրի լրագրողներից մեկը, որին, իր ցանկությամբ, չենք ներկայացնում: 

«Հիմա հեռուստաընկերությունը հրահանգ է ստացել լինել ավելի ազատ: Բայց դա ազատություն չի լինի, այլ` ազատության իմիտացիա: Քանի դեռ սուր վտանգ չկա, Հանրային հեռուստաընկերությունը եթերի հնարավորություն կտա, ասենք, «Ժառանգություն» խմբակցության անդամներին, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, Եվրամիությանը կամ այլ եվրոպական կառույցներին կցուցադրի «հանդուրժողականության կադրերը»: «Հայլուր»-ն այսօր տեղեկատվության աղբյուր լինել չի կարող»,- ասում է «Հայլուրի»-ի մեր զրուցակիցը: 

Նա կարծում է, որ Հանրային հեռուստատեսությունն ընդհանրապես չպետք է ունենա լրատվական հաղորդում: 

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ անցումային եւ կիսազարգացած պետությունների համար Հանրային հեռուստատեսությունը չարիք է: Նա չի վստահում հատկապես Հանրային հեռուստաընկերությանը:

«Հանրային հեռուստաընկերությունը պետք է փակել: Իհարկե, պետությունը պետք է ունենա իր հաղորդումները, բայց դրանք կարող են հեռարձակվել մրցութային կարգով ընտրված մասնավոր հեռուստաալիքներով: Չձեւավորված, չկայացած եւ անցումային հասարակարգերում գործող հանրային հեռուստաընկերությունը վերածվում է հանրային տեռորի»,- ասում է պրն Ասատրյանը: 

«Եթե «Հայլուրին» չհավատանք, որտեղի՞ց իմանանք, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ կան մրցակցային շուկայական հարաբերություններ, որի արդյունքում օր-օրի գրանցվում է երկնիշ տնտեսական աճ: Որտեղի՞ց իմանանք զարգացման տեմպերի, մայրաքաղաքի հողերի իրացման անկողմնակալ նախագծերի, եվրաինտեգրման արագ տեմպերի եւ քաղաքային օրենսգրքի բարելավման մասինգ Երբեմն ավելի լավ է «ԱԼՄ» նայեմ, այնտեղ գոնե ոչ դիտավորյալ հումոր կա»,- ինտերնետային «Դար» ակումբ ֆորումում գրում է այցելուներից մեկը: 

Թոշակառու Համլետ Հովհաննիսյանն «Իրավունք» օրաթերթի համար ծաղրանկարներ էր նկարում: Ասում է, որ սիրում էր այդ թերթը: «Առանձնապես գումար չէին տալիս, բայց ես այդ թերթում ինձ պայքարի մեջ էի զգում: Միշտ դրանով էի համեմատում ուրիշ թերթերը»,- պատմում է նա: Հիմա խոստովանում է, որ հիասթափվել է. «Իշխանամետ են դարձել: Ես եւ՛ հումորային, եւ՛ քննադատական ծաղրանկարներ էի անում: Միշտ իմ հոգում գիտեի, որ սուտ բան չեմ ասում, ծաղրանկարներում պատկերում էի այն, ինչ եղել է: Ընտրություններից առաջ կառավարության անդամներից մեկի մասին մի ծաղրանկար տարա «Իրավունք»-ի խմբագրություն: Ծիծաղեցին, կատակեցին, բայց հասկացրին, որ չեն կարող տպագրել»: 

Համլետն ասում է, որ ընտրություններից առաջ դադարել է որեւէ թերթ գնել: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներն է լսում, երբեմն ինտերնետային կայքերում է լրատվություն փնտրում: Մեր այս զրուցակիցն ասում է, որ կուզեր ավելի վստահել ԶԼՄ-ներին, ափսոսում է, որ կորցրել է վստահությունը: 

Մեր զրուցակիցներից գրեթե բոլորը նշում են, որ Հանրային հեռուստատեսության լրատվությունը նրանց վստահություն չի ներշնչում: Բայց դա չի նշանակում, որ նրանք պատրաստ են վստահել ընդդիմադիր ԶԼՄ-ներին: Նրանք դժգոհում են երկու ծայրահեղություններից էլ: 

Վարդան Բարեյանը 1994 թվականից թերթ է վաճառում: Նա ասում է, որ ընդդիմադիր թերթերը շատ ավելի լավ են վաճառվում: Օրական 50 հատ «Հայկական ժամանակ» է վաճառում եւ 4 հատ «Հայաստանի Հանրապետություն», որի գնորդները նրա մշտական եւ անփոփոխ հաճախորդներն են 1994 թվականից սկսած: ««Հայկական ժամանակը»-ը մի ծայրահեղություն է, «Հայաստանի Հանրապետություն»-ը` մեկ այլ ծայրահեղություն: Մեկը նսեմացնում է, մյուսը` աստվածացնում»,- այսպես է նա բնութագրում երկու թերթերը: 

Այս կարծիքի հետ համամիտ է նաեւ գնորդը: «Որեւէ մի թերթում չկան հրապարակումներ միաժամանակ եւ՛ լավ, եւ՛ բացասական երեւույթների մասին: Մեկի մոտ միշտ ամեն ինչ լավ է, մյուսի մոտ` ամեն ինչ վատ: Հավասարակշռություն չկա»,- ասում է տնային տնտեսուհի Իրինա Առաքելյանը: 

Ակնհայտ է, որ ընդդիմադիր թերթերը շատ ավելի են հետաքրքրում մարդկանց, բայց դրանք ավելի շահեկան դիրքում կլինեին, եթե «չանցնեին սահմանը»: 

«Կան մասնագիտական չափանիշներ, բառապաշար ու լրագրողական կեցվածք, որի սահմանը չպետք է անցնել: «Չորրորդ իշխանություն»-ն անցել է, այն դարձել է իշխանությանն ատող մի քանի մարդկանց խոսափող: Ու խնդիրն այստեղ ամենեւին այն չէ, թե որքան լավն են իշխանությունները: Ընդհակառակը` երբեմն «ՉԻ»-ն շատ դիպուկ է եղել իր քննադատություններում: Բայց լրագրությունն առաջին հերթին մարդկանց տեղեկացնելու, այլ ոչ թե լեզվակռիվ ծավալելու միջավայր է, որքան էլ այդ լեզվակռվի բառապաշարը հասկանալի լինի հենց հասցեատիրոջը»,- այս թեման նույնպես քննարկվում էր «Դար» ակումբ ինտերնետային ֆորումում: 

«Ընդդիմադիր թերթեր կարդալիս մտածում եմ, որ ճիշտ են ասում, բայց դրանից չեմ ուրախանում, նեղվում եմ: Ամաչում եմ, որ մեր պետական պաշտոն զբաղեցնող մարդկանց մականունով են անվանում: Կարելի է չսիրել նախագահին, չընդունել կաթողիկոսին, բայց չի կարելի ստորացնել երկրի նախագահի գաղափարը, կաթողիկոսի տիտղոսը: Չէ՞ որ այդ պաշտոններն այդ մարդկանցը չեն, այլ պետական արժեքներ են: Ես ուզում եմ կարդալ քննադատական հոդվածներ նախագահի եւ կաթողիկոսի մասին, բայց զգալ, որ թերթը հարգում է մեր երկրի նախագահի պետական պաշտոնը»,- ասում է Իրինա Առաքելյանը

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանի աշխատանքային օրը սկսվում է թերթ կարդալով: Ասում է, որ հիմա շատ քիչ են հանդիպում պրոֆեսիոնալ հոդվածներ: «Ես ընդգծում եմ հոդվածները եւ հանձնում նախարարին: Շատ եմ ուզում լուրջ հոդվածների փաթեթ դնել ղեկավարների սեղանին, բայց երբեմն անհարմար եմ զգում, որովհետեւ տեսնում եմ, որ լրագրողը չի աշխատել, թերացել է կամ ջանք չի գործադրել հոդվածն ավելի լավ պատրաստելու համար»,- ասում է Անահիտը: 

Նրա կարծիքով` պաշտոնյաների մոտ նույնպես անվստահություն կա ԶԼՄ-ների հանդեպ: «Ինձ հատկապես դուր չի գալիս, երբ լրագրողը գալիս է` արդեն նախապես իմանալով, թե ինչ է գրելու: Պաշտոնյայից նա միայն խոսքի մեջբերում է ուզում` չակերտավոր օբյեկտիվություն պահպանելու համար: Պաշտոնյան դա զգում է, եւ այս պայմաններում նա չի կարող վստահել լրագրողին»,- նշում է Անահիտը

«1990-ականներին ես մտածում էի, թե ի՞նչ պետք է լինի, որ լրատվամիջոցներն ավելի լավը լինեն եւ, որպես տնտեսագետ, դա կապում էի սոցիալական վիճակի բարելավման հետ: Մտածում էի, որ ինքնաֆինանսավորման դեպքում լրատվամիջոցները լավ կաշխատեն: Բայց հիմա տեսնում եմ, որ հեռուստաընկերությունները, դառնալով եկամտաբեր բիզնես, ավելի մեծ ազդեցության տակ են ընկել: Թակարդի մեջ են հայտնվել. շատ փողը նրանց չի փրկում»,- ասում է Բագրատ Ասատրյանը:

Ելքը, ըստ տնտեսագետի, մեկն է. «Պետք է զարգանան հասարակական ինստիտուտները եւ կանոնակարգեն հասարակական պահանջը: Ես հիացած եմ, թե ինչպես մարդիկ պայքարեցին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության համար»:

Թերթավաճառ Վարդանն ասում է, որ թերթերի հոդվածների մակարդակն ընկել է. «Սա իմ կարծիքը չէ, սա երեւում է նրանից, որ գրեթե բոլոր թերթերում համարյա ամեն օր հերքումներ են տպագրում: Եթե ճիշտ են գրել, ինչու՞ պիտի հետո հերքեն»,- հարցնում է նա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter