HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Անվճար odnoklassniki-ից մինչև քաղաքապետի հրաժարականը

Անցնող տարին` անցորդների աչքերով «Ո՞րն է անցնող տարվա կարեւորագույն իրադարձությունը» հարցի պատասխանը փորձեցինք ստանալ փողոցում տարբեր անցորդներից: Եթե ուսանողները նախեւառաջ նշում էին հայերի մշակութային եւ սպորտային հաջողությունները, տնային տնտեսուհիները եւ 40-50 տարեկան տղամարդիկ առանձնացնում էին քաղաքապետի հրաժարականը, նախարարների պաշտոնափոխությունները, ապա թոշակառուների համար 2010 թվականին «անկապ Հայաստան էր, ոչ մի լավ բան էլ չեղավ»: Ուսանողներ Հասմիկ Կիրակոսյանը, Արաքսյա Մելքոնյանը, Արփինե Մկրտչյանը այսպես են թվարկում տարվա կարեւորագույն իրադարձությունները. «Դոմինգոյի համերգը, քաղաքապետի հրաժարականը, Տիգրան Մարտիրոսյանի հաղթանակը, «Ա1+»-ին եւ «ԱԼՄ»-ին եթեր չտրամադրելը, «Wikileaks»-ի բացահայտումները»: Հարցված ուսանողների գերակշիռ մասը նախեւառաջ հիշում է մանկական «Եվրատեսիլում» Վլադիմիր Արզումանյանի եւ Յուրմալայում Սոնա Շահգելդյանի հաղթանակները: Հարցվածներից շատերի համար էլ տարին նշանավոր էր սպորտային հաղթանակներով, ինչպես օրինակ` ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի հաղթանակը Թուրքիայում: Ոմանք էլ նշում են հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը, «ՏաԹեւեր» ճոպանուղու բացումը, նաեւ` գնաճը: Որոշ երիտասարդների համար 2010 թ. կարեւորագույն իրադարձությունը անձնական կյանքում հաջողությունների հասնելն էր: Օրինակ` Էրիկն այս տարի գտել է իր երկրորդ կեսին, Շուշանն էլ առանձնացնում է բալիկի ծնունդը: «Էս տարի վերջապես Անահիտը ինձ «հա» ասեց: Դե, «WikiLeaks»-ն էլ էր կարեւոր, «Օդնոկլասնիկում» գրանցվելը անվճար դարձավ»,- ասում է 22-ամյա ուսանող Հարութը: Միջին տարիքի տղամարդկանց շրջանում կարեւորագույնը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականն էր: Մանկավարժ Սերգեյ Ավետյանի համար, սակայն, նախեւառաջ կարեւոր էր ՀՀԿ-ի 20-ամյակը, քանի որ «լավ նշեցին», իսկ հետո` քաղաքապետի հրաժարականը և կադրային մյուս փոփոխությունները: «Ընդհանուր առմամբ` տարին լավն էր թե ինձ, թե երկրի համար»,- ասաց Սերգեյ Ավետյանը: Նրա ընկերոջ համար, ընդհակառակը, տարին բարենպաստ չէր, ինչը պայմանավորած է աշխատանքում ունեցած նրա խնդիրներով: Շինարար, ինժեներ Հովիկի կարծիքով` ամեն ինչ սուտ է եւ շոու, նա ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչեր են կատարվում երկրում. «Կմեծանաս, դու էլ կիմանաս, որ սաղ սուտ է»: Մեկ այլ ինժեներ` Հրայրը, հիշեց տարվա ընթացքում տեղի ունեցած թե լավ, թե վատ իրադարձությունները. «Էս Նոր տարվա դեմը ահավոր է էդ մեքենաների պարտադիր ապահովագրումը, ասֆալտապատումը վատ են անում, մարդիկ գնում են երկրից, բայց լավ բաներ էլ եղան` դելֆինարիայի կառուցումը, ճոպանուղու բացումը»: Ֆայլաբազարում պատվիրատուի սպասող Սուրիկը նշեց. «Ոչ մի լավ բան չեղավ էս տարի, մարդիկ սոված-ծարավ ապրում են: Աշխարհը քանդվում է, թող քանդվի, պրծնենք»: Նրա ընկեր Գուրգենի համար էլ տարին նշանավորվել է նրանով, որ «ղարաբաղցիներն էլ ավելի լցվեցին էստեղ»: Մեր հարցին, թե ինչով է զբաղվում, պատասխանեց. «Զիբիլի յաշիկներից հաց եմ հավաքում»: Տաքսու վարորդ Վարդանը թերթեր չի կարդում, միայն «Աստվածաշունչ» է ընթերցում, չի հավատում ոչ մի բանի` պատճառաբանելով, որ «իշխանություններն ինչ ուզում, էն էլ անում են»: Վարորդ Ավետը քաղաքականությունից հեռու է, ուստի ոչ մի կարեւոր իրադարձություն չհիշեց, նրա համար 2010-ը սովորական տարի էր: Թոշակառու Կառլենի համար ևս ոչ մի բանով նշանավոր չէր այս տարին, «սովորական, անկապ մի տարի, ոչ մի լավ բան»: Մեկ այլ թոշակառու` Սարգիսը, նշեց, որ «ամեն ինչ սուտ է, ոչ մի կարեւոր իրադարձություն էլ չկա, քանի որ ամենուր թանկացումներ են, մարդկանց էլ շարունակում են ճնշել. անկապ, անկապ Հայաստան»: Մուրացկանություն անող թոշակառու Ռոզայի համար այս տարին այնքան վատն էր, ինչպես մնացածները. «Առաջ ավելի լավ էր, սովետի վախտով ի~նչ փողեր էի աշխատում, հիմա ամեն ինչ վատ է, ոչ մի լավ բան չեղավ: Եկող տարի, եթե ապրեմ, էլ չեմ ուզում զբաղվել էս գործով, կամ էլ թող մեռնեմ, որ էլ փող չհավաքեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter