HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

2010-ի քաղաքական ներսն ու դուրսը

Քաղաքական անցնող տարին իսկապես հագեցած էր, թեեւ լուրջ անակնկալներ չմատուցեց: Ականատես եղանք ավելի շատ խորքային, կուլիսային, քան հրապարակային գործընթացների: Նախանշվեցին մի քանի հնարավոր միտումներ, որոնք, գուցե, որոշակի լուծումների կամ հանգրվանների կբերեն արդեն հաջորդ տարի: Այս իմաստով 2010-ը լուրջ որոշումների կայացման, իրավիճակների հասունացման նախադրյալների ստեղծման, էներգիայի կուտակման տարի էր:

Արտաքին քաղաքականության ոլորտ

Հիմնականում հիասթափությունների տարի էր` չնայած ներքին լարվածությունը հսկայական ազդեցություն թողեց ներքաղաքական կյանքի վրա: Առաջադրված ոչ մի արտաքին խնդիր տրամաբանական հանգուցալուծման չհասավ: Ավելին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը մտավ այնպիսի աննախադեպ փակուղի, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Դա իշխանության որդեգրած նախաձեռնողական քաղաքականության անմիջական արդյունքն էր: Հայ-թուրքական արձանագրությունների մասին ՍԴ կայացրած ոչ միանշանակ որոշումը բացահայտեց իշխանության մտավախությունները` կապված ցյուրիխյան արձանագրությունների հետ: Սակայն դա ոչինչ չտվեց, որովհետեւ Թուրքիան, արձանագրություններն օգտագործելով, արդեն իսկ ներխուժել էր ԼՂ բանակցային գործընթաց ու ազատ վարուցանք էր անում` ուղղակի բանակցություններ սկսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հետ: Նպատակը մեկն էր` նրանց դրդել ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Տարվա առաջին կեսին Հայաստանի դիվանագիտության համար իսկապես չափազանց դժվար կացություն էր: Անկարան առավել ինտենսիվորեն աշխատում էր Մոսկվայի հետ, որը 2008 թ. նոյեմբերին ստորագրված Մայենդորֆյան հռչակագրից հետո առանցքային դերակատարություն էր ստանձնում որպես միջնորդ: Մոսկվան հրապուրված էր Թուրքիայի հետ ռազմավարական նշանակության նախագծեր իրականացնելու հեռանկարով, որոնց հասնելու համար խաղադրույք էր կատարում Հայաստանի շահերի հաշվին: Պատահական չէր, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ հունվարին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարեց, թե որոշ վերապահումներով ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Հայաստանը ստիպված սկսեց խաղալ ժամանակի վրա: Իրավիճակը փրկվեց մարտին, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրվեց թիվ 252 բանաձեւը: Թուրք-ամերիկյան հարաբերություններում այն մի կողմից ամրապնդեց Անկարայի նկատմամբ ազդեցությունը զգալիորեն կորցրած Վաշինգտոնի դիրքերը, մյուս կողմից` սանձեց Անկարայի հավակնությունները ԼՂ հարցում: Մայիսին արդեն Էրդողանը Ադրբեջան մեկնեց` Իլհամ Ալիեւին հորդորելու հայկական կողմից վերադարձվելիք հինգ շրջանների փոխարեն բավարարվել երկուսով, ինչն իրեն թույլ կտա քայլեր ձեռնարկել արձանագրությունները Մեջլիսում վավերացնելու ուղղությամբ: Ադրբեջանը մերժեց, որովհետեւ ամեն ինչ ու միանգամից ստանալու հնարավորություն էր տեսնում: Սակայն ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Ստամբուլ կատարած այցից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց: Մոսկվան հասկացավ, որ Անկարան չի հրաժարվելու ռուս-ամերիկյան հակասությունների վրա խաղալու ուղեգծից ու պարզապես օգտագործում է իր տարածաշրջանային հետաքրքրությունները` կապված «Կապույտ հոսք» գազատարի, Թուրքիայում ատոմակայանի շինարարության, ՆԱԲՈՒԿՈ-ն վերջնականապես թաղելու հետ: Օգտվելով ռուս-թուրքական հարաբերություններում ստեղծված այս իրավիճակից եւ 252 բանաձեւից` մայիսին Հայաստանի նախագահը հայտարարեց արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցնելու մասին: Դա ավելին չէր, քան նախաձեռնողական քաղաքականության կրախի խոստովանություն, թեեւ ինչ-որ չափով սահմանափակեց Թուրքիայի դերակատարությունը ԼՂ բանակցային գործընթացում: Արդեն հունիսին Սանկտ-Պետերբուրգում Մեդվեդեւի նախաձեռնած երկրորդ եռակողմ հանդիպման ժամանակ սեղանին դրվեցին նոր առաջարկներ, որոնք չընդունելու հերթն արդեն Ադրբեջանինն էր: Տեղի ուենցածից իր դժգոհությունը վերջինս արտահայտեց ղարաբաղաադրբեջանական շփման գծում դիվերսիոն սադրանքներ հրահրելով: Դրանից հետո երրորդ եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ Աստրախանում` հոկտեմբերին, որի ժամանակ երկրորդ եռակողմ հռչակագիրն ընդունվեց: Սակայն այն ոչ թե կարգավորմանն էր ուղղված, այլ պատերազմի հնարավոր վերսկսման կանխարգելմանը, որովհետեւ Սանկտ-Պետերբուրգից անմիջապես հետո հասկանալի դարձավ, որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում: ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում վերջնականապես հաստատվեց այս փաստը, եւ միջազգային հանրության բոլոր ջանքերն ուղղվեցին Ադրբեջանի վրա ճնշումներին, որպեսզի ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտրվի: Դա ստատուս քվոն պահպանելու երաշխիք էր, ինչը որոշակիորեն ամրապնդեց Հայաստանի դիրքերը: Բայց իրականում դիրքային այս առավելությունը խիստ հարաբերական է: Փակուղին տարածաշրջանում գերլարված իրավիճակ է ստեղծել, որը ցանկացած պահի կարող է պայթել: Այսինքն` նախաձեռնողական քաղաքականության հետեւանքը եղավ միայն հակամարտության կարգավորման գործընթացը սառեցված, հանգած վիճակից հանելը:

Ներքաղաքական ոլորտ

Արտաքին նախաձեռնողական քաղաքականությամբ արտաքին լեգիտիմություն ստանալու իշխանության ձգտումները, այսպիսով, ձախողվեցին: Տարեվերջին Հայաստանը կանգնեց նույն կոտրած տաշտակի` քաղբանտարկյալների ազատ արձակման, «Ա1+»-ի վերաբացման, նոր կատարելագործված ընտրական համակարգ ստեղծելու պահանջների առջեւ: Սակայն արտաքին քաղաքական դաշտում ստեղծված հարաբերական կայունությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն ընձեռեց դրսում լեգիտիմության անպտուղ փնտրտուքը փոխհատուցել ներսում` կտրուկ փոփոխությունների գնալու միջոցով: Սոցիալական աղետալի դրությունը ստիպում էր նաեւ հնար գտնել` չեզոքացնելու հասարակական ահագնացող դժգոհությունը: Եվ ահա տարեվերջին նախագահը կադրային փոփոխություններ է ձեռնարկում, որոնք ներկայացվում են հանրության սպասելիքներին համահունչ. մի կողմից կառավարման դաշտ են բերվում դեռեւս չարատավորված անձինք, մյուս կողմից կադրային այդ փոփոխությունները մատուցվում են կառավարման ոլորտում արատավոր երեւույթների, կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկույթով: Իրականում, սակայն, նախագահը ձգտում է ամրապնդել սեփական դիրքերը խորհրդարանական, ապա եւ նախագահական ընտրություններից առաջ: Այս գործընթացը Սերժ Սարգսյանը սկսել էր դեռ մարտից, երբ ՕԵԿ-ին ստիպեց ետ կանչել իր երեք նախարարներից երկուսին, ու նրանց փոխարեն նշանակեց իր վստահելիներին: Դրան հաջորդեց նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ Սերժ Սարգսյանին սատարելու մասին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը: Դրանով ՕԵԿ-ը մարգինալացվեց, սակայն փոխարենը 2012 թ. ընտրություններին խորհրդարան մտնելու «մանդատ» ստացավ: Արդեն տարեվերջին ուղտը չոքեց նաեւ ԲՀԿ-ի դռանը, որը դեռ դիմադրում է: Երեւանի քաղաքապետի պաշտոնից Գագիկ Բեգլարյանի հրաժարականով նախագահը նաեւ օլիգարխիկ շրջանակներին ցույց տվեց իրենց սահմանները, որոնք գծում է եւ պետք է գծի բացառապես իշխանությունը: ԲՀԿ-ին ծնկի բերելով` գործող իշխանությունը լուծում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կամուրջներն այրելու խնդիրը: Մարտ-ապրիլ ամիսներին Քոչարյանի «թիմը» սկսել էր գործել. նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բավականին կոշտ քննադատեցին իրականացվող արտաքին եւ ֆինանսատնտեսական քաղաքականությունները, Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան տանդեմի ստեղծումը դարձավ իրատեսական: Եվ իշխանությունը որոշեց վերջնականապես լուծել հարցը: Ներիշխանական ուժերի այս ազատ վերաբաշխումներն անցնում են հատկապես երկրում ուժեղ ընդդիմության բացակայության պատճառով: ՀԱԿ-ն անցնող տարվա ընթացքում էլ ավելի թուլացրեց իր դիրքերը` ըստ էության հավանություն տալով նախագահի արտաքին նախաձեռնողական քաղաքականությանը: Տարվա սկզբում գազի սակագնի թանկացման դեմ համաժողովրդական ստորագրահավաք նախաձեռնելով, այլընտրանքային սոցիալական, տնտեսական ծրագրեր ներկայացնելով` ՀԱԿ-ը ցույց տվեց, որ ունի սոցիալական հենքի վրա նոր շարժում առաջ բերելու ներուժ: Սակայն, չգիտես ինչու, այս միտումները շարունակություն չունեցան: Եվ դա Կոնգրեսի մարտավարական սխալն էր: ՀԱԿ-ը նաեւ առաջադրած նպատակների առումով հակասությունների մեջ ընկավ: Օրինակ` մարտին իշխանությունների հետ սկսեց խոսել վերջնագրերի լեզվով` 6 ամիս ժամանակ տալով արտահերթ ընտրությունների նախապատրաստվելու համար: Բայց մեկ ամիս չանցած` ապրիլի 6-ին, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե նախընտրելի է իշխանությունների համար խնդիրներ չառաջացնել, որպեսզի նրանք իրենց ազատ զգան դրսում բանակցությունների ժամանակ: Դրանով Կոնգրեսը ցույց տվեց, որ ընթանում է իրավիճակային լուծումների անհեռանկար ճանապարհով: ՀԱԿ-ն առհասարակ պարփակվեց միայն քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջի շրջանակներում, թեեւ այստեղ էլ էական հաջողություններ չունեցավ: Առանձին-առանձին 5-6 բանտարկյալ ակտիվիստների ազատ արձակելով` իշխանությունը ՀԱԿ-ին աստիճանաբար նաեւ այս «գործիքը» կորցնելու փաստի առաջ է կանգնեցնում: Պարզ է, որ այս կրավորականությունը պետք է հանգեցներ ներքին խմորումների: Ամռանն արդեն խնդիրներ առաջացան ՀԱԿ-ի կորիզը համարվող ՀՀՇ-ի ներսում: Մի քանի առանցքային դերակատարներ դուրս եկան կուսակցությունից: Բայց ամենաէականն այն էր, որ հենց ներսից անվստահություն առաջացավ Կոնգրեսի առաջնորդի` Տեր-Պետրոսյանի գործողությունների, վարած քաղաքականության նկատմամբ: ՀԱԿ-ի դիրքերի նման թուլացումը, սակայն, չհանգեցրեց նոր ընդդիմադիր բեւեռի առաջացման: Հրապարակում դեռ կային Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը», սակայն նրանք որեւէ լուրջ նախաձեռնողականություն հանդես չբերեցին: 2010-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կարգավորեց «Ժառանգության» ներսում դեռ մեկ տարի առաջ ի հայտ եկած խնդիրները: Կորցրած հեղինակությունը հետ բերելու ցանկությունը կուսակցությանը դրդեց գնալ ծայրահեղ քայլի` շահարկել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը: Բայց դա չէր կարող լուրջ լինել: Իր հերթին Դաշնակցությունը, որը հռչակել է համակարգային իշխանափոխություն իրականացնելու մտադրության մասին, եւս այդ ուղղությամբ ոչինչ չձեռնարկեց: Տարվա սկզբին ՀՅԴ-ն հզոր երթ կազմակերպեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ, ցույց տվեց ազգային-պահպանողական ուժեղ բեւեռ ձեւավորելու հնարավորությունները, սակայն ավելին անել չցանկացավ: 2011-ի նախօրեին ՀՅԴ-ն հռչակեց «զարգանալ չզիջելով» կարգախոսը, որն ավելի սկզբունքային ընդդիմություն դառնալու նախերգանք կարող է լինել: Բայց արդյո՞ք այդպիսին կդառնա: Ընդդիմադիր դաշտում վակուումային իրավիճակ է, որը որեւէ մեկին որեւէ նեղություն հիմա չի տալիս: Անգամ իշխանությունն այդ վակուումն արհեստականորեն լցնելու ցանկություն չունի: Ավելին, գնալով ներկոալիցիոն սրացումների` իշխանությունը ցույց է տալիս, որ պատրաստ է անգամ ներքին ընդդիմության առաջացմանը: Կառաջանա՞ այդպիսին, թե՞ ոչ` ցույց կտա 2011-ը: Իսկ դրան ընդառաջ ստեղծվել է անորոշ սպասումների մթնոլորտ: Ակնհայտ է, որ անցնող տարվա ընթացքում կուտակված հարցերն ինչ-որ պատասխաններ ստանալու են: Ամբողջ խնդիրն այն է, թե դրանք ինչպիսի հետեւանքներ կունենան երկրի ու հասարակության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter