HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Սպիտակ վագրից` սպիտակ ճագար

Գալիք 2011-ը սպիտակ մետաղական ճագարի կամ նապաստակի տարի է` ըստ չինական հորոսկոպի: 2011-ը խոստանում է լինել խաղաղ տարի, որի ընթացքում կարող եք հանգստանալ անցած տարվա կատաղի մարտերից: 2011-ը բանակցությունների տարի է, առավելագույնս բարիքներ քաղելու համար պետք է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել ընտանիքի, օջախի, ապահովության եւ դիվանագիտության վրա:

Մարդիկ կգիտակցեն, որ համոզելը նախընտրելի է, քան ուժ գործադրելը: Այս տարում դիվանագիտությունը, միջազգային հարաբերությունները եւ քաղաքականությունը նորից կմղվեն առաջին պլան: Մարդիկ կսկսեն գործել ավելի շատ հայեցողությամբ եւ ողջամիտ զիջումների կգնան` առանց մեծ դժվարությունների: Ճագարի ազդեցությունը կարող է փչացնել նրանց, ովքեր չափազանց շատ են սիրում հարմարավետությունը` այդպիսով թուլացնելով նրանց արդյունավետությունը եւ պարտականության զգացումը: Օրենքները, կարգուկանոնը խստորեն չեն պահպանվելու այս տարի: Ոչ մեկը կարծես հակված չի լինելու անհանգստանալ այդ ոչ հաճելի իրականության պատճառով: Տարվա ընթացքում ամեն ինչ շատ լուռ է լինելու եւ հանգիստ, անգամ չափազանց հանգիստ: Բոլորը փորձելու են հետաձգել անախորժություններն ու խնդիրներն այնքան, ինչքան հնարավոր է: Գումար հնարավոր է լինելու վաստակել` առանց մեծ ջանքերի: Կյանքի ռիթմը կլինի թերեւս մի փոքր ալարկոտ եւ դանդաղ, եւ մարդիկ իրենց թույլ կտան այն ճոխությունները, որոնց մասին այնքան երազել են ու ձգտել: Տարին մարդկանց կարող է թվալ անհոգ ու երջանիկ` առանց մեծ անախորժությունների: Ճագարը հաջողության, հանգստության եւ պտղաբերության խորհրդանիշ է, այն ընտանիքի կենդանի է:

Ճագա՞ր, թե՞ նապաստակ. հետաքրքիր փաստեր

Նապաստակների եւ ճագարների միջեւ շատ տարբերություններ կան: Օրինակ` նապաստակներն ավելի խոշոր են, հետեւաբար նրանց ականջներն ու ոտքերն ավելի մեծ են: Նապաստակները ծնվում են բաց աչքերով ու մորթիով, մինչդեռ ճագարները ծնվում են կույր ու անմազ: Նապաստակներն ու ճագարները երբեք չեն խաչասերվում: Ճագարները վայրի բնության մեջ ապրում են խմբերով, ինչը տարբերում է նրանց նապաստակներից, որոնք ավելի շատ ձգտում են միայնության: Հնագույն քրիստոնյաների համար նապաստակն ապաշխարած մեղսագործի խորհրդանիշ է եղել: Ճագարը պտղաբերության խորհրդանիշ է: Եթե ճագարը տարածքում չունի բնական թշնամիներ, այն կարող է հիրավի մեծ վնասներ բերել: Օրինակ` շատ տարիներ առաջ ընդամենը 3 զույգ ճագար է բերվել Ավստրալիա, իսկ այսօր ճագարներն աղետ են երկրի համար: Ճագարները որոշ առումով նման են մարդկանց: Նրանք քնելիս կարող են խռմփացնել, իհարկե` ոչ բոլորը, բայց որոշ ճագարներ դա անում են մեծ հաճույքով:

Նապաստակները` դիվանագետներ եւ քաղաքական գործիչնե՞ր

Գաղտնիք չէ, որ նապաստակները վախկոտ են: Հենց մի բան` միանգամից թաքնվում են թփերի մեջ: Ասում են` նապաստակի տարում ծնված մարդիկ հաճախ իդեալական դիվանագետներ են եւ քաղաքական գործիչներ: Այսպես, նապաստակը կյանքում փորձում է շարժվել աննկատ, որպեսզի որեւէ մեկին չանհանգստացնի: Իր մշտական վախի պատճառով նա չի խախտում հասարակական եւ բարոյական օրենքները եւ միշտ լոյալ է վերաբերվում երկրի քաղաքական համակարգին: Նապաստակն իրեն կարող է հիանալի դրսեւորել կառավարական միջին օղակներում: Կառավարչի կամ ղեկավարի դերը նրա համար չէ, քանի որ նա չի սիրում որոշումներ կայացնել, վախենում է պատասխանատվությունից: Նա միշտ խուսափում է ուղիղ պատասխաններից (եթե անհրաժեշտ է լինում ասել «այո» կամ «ոչ») եւ սպասողական դիրք է գրավում: Նապաստակը վախենում է փոփոխություններից, որոնք կարող են ազդել իր բնականոն կյանքի վրա: Նա առաջ գնալու ցանկություն չունի: Նա միշտ զգուշավոր է ու կշռադատող: Ամենից շատ ձգտում է հարմարավետության եւ ապահովության: Կյանքում նապաստակների բախտը միշտ բերում է: Նրանք համեստ են, զուսպ, հանգիստ, հավասարակշռությունից հազվադեպ են դուրս գալիս: Նապաստակների ինքնագնահատականի աստիճանը բավականին բարձր է: Նապաստակները երբեմն սիրում են բամբասել, բայց դա անում են զգույշ ու նրբանկատ` փորձելով ոչ մեկի չվիրավորել: Նապաստակն աշխատանքի մեջ շատ կոկիկ է, ինչը երբեմն կարող է հասնել բծախնդրության: Նրա համար կարեւոր է ցանկացած մանրուք: Դժվար եւ ծանր աշխատանք նապաստակը չի սիրում, չի էլ կարող անել. դրա համար նրան չեն բավականացնի ուժն ու համբերությունը: Անվանեք նրանց զգուշավոր կամ երկչոտ. ճագարի տարում ծնված մարդիկ ոչինչ չեն ձեռնարկի, մինչեւ ամեն կողմից ծանրութեթեւ չանեն: Նրանք սովորաբար չեն կարող տանել գործարար կյանքի դժվարությունները` նախընտրելով աշխատանք, որն ավելի հուսալի է: Երբեմն ճագարի տարում ծնված մարդիկ ձգտում են չափազանց պահպանողական լինել, բայց նրանք օժտված են դրական, միեւնույն ժամանակ գործնական հայացքով ապագայի նկատմամբ: Նրանք տաղանդ ունեն` խուսափելու փորձանքից եւ նկատելու իրենց տրված հնարավորությունները: Որպես կանոն, գործընկերները արժեւորում են այդ մարդկանց նրբանկատությունը ու համեստությունը: Այդ մարդիկ շատ քաղաքավարի եւ գեղեցիկ վարվելակերպ ունեն: Թեեւ նրանք բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ են, իրականում երջանիկ են իրենց զգում հատկապես, երբ խորասուզված են գիտական կամ մտավոր գործունեության մեջ: Նրանք պարզապես շատ զգայուն են իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ: Նրանք ի վիճակի չեն առաջ գնալ մրցակցային կամ ագրեսիվ միջավայրում: Իրենց ներքին աշխարհը չափազանց նուրբ է չլուծված կամ անկանխատեսելի իրավիճակների համար, եւ նրանք հակված են իրենց շուրջը խաղաղ եւ հանգիստ մթնոլորտ ստեղծել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter