HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե ուրանի ծրագիրը չկասեցվի, դարձյալ կսկսեն հանրահավաքները

Ամփոփում են Ուրանի ծրագրի դեմ կատարած աշխատանքը

Սյունիքի մարզի տեղական կառույցները տարվա ընթացքում Կապանում զգալի աշխատանքներ են կատարել մարզի Լեռնաձոր համայնքում իրականացվող ուրանի ծրագրի դեմ: Կապանի, Քաջարանի և Լեռնաձորի համայնքների ավագանիները արատահերթ նիստ են հրավիրել և իրենց բացասական դիրքորոշումն արտահայտել:

Մարզկենտրոնում կազմակերպվել է ստորագրահավաք, որին մասնակցել է ավելի քան 3.000 քաղաքացի` ՀՀ տարբեր տարածաշրջաններից: Տեղական կառույցները ծրագրի կասեցման պահանջով գրավոր դիմումներ են ուղղել ՀՀ նախագահին, կառավարությանը, ԱԺ-ի բոլոր խմբակցություններին, բնապահպանության, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություններին, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին: Տեղական կառույցները հանդիպումներ են ունեցել բժիշկների, ուսանողների, մանկավարժների հետ, այցելել Լեռնաձորում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների վայր: «ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում ներկայացվել էր, որ ստորագրահավաքին մասնակցել է 11.000-ից ավելի քաղաքացի, և մասնակիցների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Լեռնաձորի համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Բայց ՀՀ նախագահի փոխարեն պատասխանեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ա.Փիրումյանը: Նախագահի աշխատակազմի այս քայլից կարելի է երկու ենթադրություն անել. կամ անտեսում են 11.000-ից ավելի քաղաքացիների դիրքորոշումը, կամ չեն հասկացել խնդրի բովանդակությունը»,- ասաց «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը: Նրա գնահատմամբ` բնապահպանության նախարարարության աշխատակազմի նամակում ոչ մի նոր բան չի ասվում: Ներկայացվել է, որ 2009 թ. օգոստոսի 28-ին «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկից օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման» նախագծին տրվել է դրական բնապահպանական փորձաքննության N 78 եզրակացություն` հետևյալ փորձաքննական պահանջներով. ռադիոակտիվ ֆոնը հսկելու համար կնքել պայմանագիր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հետ, ցանկացած արտանետման ժամանակ անմիջապես մեկուսացնել օջախը (հորատանցք, հետախուզական առու)` համաձայն գործող նորմերի, որից հետո շարունակել ռադիոակտիվ ֆոնը հսկելու մշտադիտարկումները: «Ուրիշ ոչ մի կարևոր բան չի ասվում մեր ուղղած նամակների պատասխաններում: Այնինչ, մենք պահանջում էինք հաշվի առնել տարածաշրջանի բնակչության բացասական կարծիքը` ուրանի ծրագրի վերաբերյալ, և հանդես գալ ծրագրի կասեցման նախաձեռնությամբ»,- ասաց Արմեն Փարսադանյանը: Լեռնաձորի տարածքում ուրանի և հարակից մետաղների երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացնում է «Աբվան» ՍՊԸ-ն, որն անորոշ ժամանակով հետաձգել էր աշխատանքները` հորատող սարքը տեղափոխելով Սյունիքի մարզից: Դեկտեմբերի 22-ին «Աբվան» ՍՊԸ-ի տնօրենը փորձում էր համոզել, որ երկրաբանահետախուզական աշխատանքները բացարձակ անվտանգ են և նույնիսկ ենթակա չեն բնապահպանական փորձաքննության: Այժմ տեղական հասարակական կառույցները սպասում են ՀՀ վարչապետի պատասխան նամակին, որն ուղղել էին բոլորովին վերջերս` կցելով տարածաշրջանում իրականացվող ծրագրին դեմ արտահայտված ավելի քան 13.000 բնակչի ստորագրությունները: «Եթե այս անգամ էլ հասարակության պահանջները չբավարարավեն, մենք եկող տարի կրկին անցնելու ենք հանրահավաքներ կազմակերպելու գործընթացին»,-հավելեց Արմեն Փարսադանայանը:

Մերի Սողոմոնյան

Լուսանկարը` «ԷկոԼուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter