HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Հայ մոդելավորողներին ու դիզայներներին ազատություն է պետք

12 տարվա փորձառությամբ նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միքայել Դանիելյանը հավատում է, որ նորաձեւության ոլորտում աշխատելը հենց իր ճակատագիրն է. «Ես նույնիսկ մեկ օր չեմ պատկերացնում, եթե կտորների հետ շփում չունենամ, էսքիզ չանեմ, հաճախորդների հետ չզրուցեմ եւ չդասավանդեմ: Դրա համար սա ինձ համար ոչ թե զուտ աշխատանք է, այլ սիրելի գործ»,- ասում է Միկան:

Ծնված լինելով սովետական շրջանում` Միքայելը դժվարություններ է ունեցել մասնագիտության ընտրության հարցում, չնայած նա երրորդ դասարանից մեծ համբավ է ունեցել դասարանի աղջիկների շրջանում, որոնք իրենց տիկնիկների համար զգեստներ էին պատվիրում Միքայելի մոտ: Հարցին, թե որքանով է նկարիչ-մոդելավորողի մասնագիտությունը տղամարդու գործ, որ, ի վերջո, ընտրել է ինքը, պատասխանում է. «Երբ Կոկո Շանելը  երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեկնեց Շվեյցարիա, փակել էին նրա նորաձեւության տունը,  երկար տարիներ նա ապրում էր այնտեղ: 1948 թ. Քրիստիան Դիորը ներկայացրեց իր «Նոր հայացք» հավաքածուն /New look/, հետագայում Իվ Սեն Լորանը հանդես եկավ, Կոկո Շանելն ասաց. «Նորաձեւությանը նորից կառավարում են տղամարդիկ»: Տղամարդիկ են կառավարում նորաձեւութւոնը, քանի որ հակառակ սեռը ավելի լավ կարող է հասկանալ, թե ինչ է պետք կնոջը»: Միքայելը հաճախել է «Ատեքս» նորաձեւության կենտրոնի մանկական մոդելավորման ստուդիան, այնուհետ նաև դիզայներական կուրսերի: Բանակում ծառայելուց հետո որոշել է պրոֆեսիոնալ ձեւով զբաղվել եւ սովորել «Ատեքսի» քոլեջում: Հենց առաջին կուրսում ավանգարդ ոճի մեջ պատրաստել է հավաքածու` «Մորեխիկներ» անվանումով, որը  «Հայկական սիլուետ» մրցույթում արժանացել է ոչ ավանդական նյութերից ճիշտ լուծում գտնելու անվանակարգում մրցանակի: Հետո մասնակցել է «Ռուսկի սիլուետին», Եվրոպայի «Հույս» մրցույթ-փառատոնում արժանացել «Գրան պրի»-ի և այլն: Կինոյի և բեմական արվեստում «Նռան գույն» հավաքածուի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: Փարիզում կազմակերպված ցուցադրությանը նրան անվանել են ռուսական Գալիանո: Միկան բազմաթիվ աշխատանքների հեղինակ է, ունի 5 հավաքածու, փետրվարի վերջին նախատեսում է նոր` 40 կտորից բաղկացած հավաքածուն ներկայացնել հայ հանդիսատեսին: Միկան դասավանդում է նաեւ Երգի պետական թատրոնում, «Ատեքս» նորաձեւության կենտրոնում:

Մի առիթով Դուք ասել էիք, որ Եվրոպան պատրաստ է ընդունելու մեր նորաձեւությունը, բայց ո՞րն է հայկական նորաձեւությունը:

Այո, մենք ունենք հայկական նորաձեւություն: Տարբեր երկրներում արդեն սպառվել է  այն ամենը, ինչ-որ տալիս էր Փարիզը, շատ երիտասարդներ են ընտրում փոքր երկրներից, ովքեր կաշխատեն նորաձեւության կենտրոններում եւ կներմուծեն իրենց ազգայինը, գույները, ձեւվածքը, էլեմենտները: Մենք կարող ենք հայտ ներկայացնել մեր ազգային էլեմենտներով, մեր գունային գամմայով, մեր ասեղնագործությամբ, ձեւվածքով: Հայկական նորաձեւություն կա: Կան մի քանի անձինք, ովքեր զբաղվում են հայկական նորաձեւությամբ, նվիրված են դրան: Պետք է մի փոքրիկ օգնություն, ազատություն տալ, որպեսզի շարունակեն ստեղծագործել: Մի քանի օր առաջ ես եղա Դուբայում եւ զարմացա` տեսնելով, թե ինչ արագ է զարգանում այդ ամենն այնտեղ: Նույնը նաեւ Վրաստանում. նրանք նորաձեւության շաբաթներ են կազմակերպում, նրանց մոտ կա օրենք, որ փոքր, նոր զարգացող կազմակերպությունները շահույթի դեմ հարկ չեն վճարում, այդպես խթանում են մանր եւ միջին բիզնեսը: Նրանց ազատություն են տալիս` կայանալու, զարգանալու, նոր հարկեր վճարելու: Իսկ մեզ մոտ, դեռ ոչ մի  բան չարած, երկու կարի մեքենա չդրած, արդեն պահանջում են, որ դերձակիդ համար գումար վճարես, եւ էլի լիքը բաներ: Շատերը հիմա ուզում են փակվել, քանի որ նրանց աշխատածը անգամ տարածքի վարձակալության գումարը չի փակում: Վրաստանը շատ զարգացած է, Ստամբուլում եւս հարկեր չեն վճարում, եթե մեզ մոտ չենք կարողանում զարգացնել թեթեւ արդյունաբերությունը, ապա գոնե թույլ տան, որ անհատները զարգացնեն իրենց փոքր գործը, հետո էլի հարկեր կվճարեն: Տարածաշրջանում նորաձեւության առումով մենք ոչ վերջից ենք առաջինը, ոչ էլ սկզբից ենք առաջինը:

Ընդհանրապես, մեր կենցաղում ինչքանո՞վ է պահպանված ազգային հագուստը:

«Ատեքս» նորաձեւության կենտրոնի սկզբունքներից է այն, որ դիզայներները անպայման պետք է օգտագործեն ազգային էլեմենտներ, գունային գամմա: Բայց թե ինչու մեր կենցաղում չկան ազգային էլեմենտներ, պայմանավորված է նրանով, որ մենք ոչինչ չենք արտադրում, մեր հագուստը բերվում է չինական եւ այլ էժան շուկաներից:

Ի՞նչ խնդիրներ եք ունենում հաճախորդների հետ շփվելիս:

Խնդիրներ ես ունենում կտորների խանութների հետ, չկան այն կտորների երանգները, որոնք դու ես ցանկանում, չկա այն ֆուրնիտուրան, որը դու ուզում ես դնել: Ես ամեն օր կտորի խանութներ եմ գնում, գալիս է մի պահ, որ քո մոտ հիստերիա է  սկսվում, որովհետեւ հնարավոր է` 5 ժամ դու կտոր փնտրես ու չգտնես քո ուզած գույնի գոնե մոտ կտոր, բայց կտորի խանութները շատ են, ընտրանի չկա, հիմնականում նույնն է դրված:

Հայ կանանց եւ տղամարդկանց հագնվելու ոճի վրա ինչպիսի՞ գործոններ են ազդում, ովքե՞ր են թելադրողները:

Թելադրողը  շատ շատերն են` սկսած շոու բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք հաճախ սխալ են հագնվում եւ այդ ամենը թելադրում են, ԶԼՄ-ն են, սերիալներն են, որոնք ցուցադրում են: Ամենահիմնականը ապրանքն է. այն, ինչ բերում են: Ասում են` Դուբայից բերված ապրանքը վատն է,  ես եղա այնտեղ եւ այնքան գեղեցիկ ու նորաձեւ հագուստ տեսա, որ զարմացա: Այն մարդը, որը գնում ու վատ բաներ է բերում այնտեղից, նա ճաշակի հետ խնդիր ունի, ստիպված մարդիկ էլ դա գնում են: Դրա համար ես ասել եմ եւ ասելու եմ, որ մեր ազգը ամեն ինչ կարողանում է անել` եւ  նորաձեւությունից է հասկանում, եւ քաղաքականությունից,եւ խոհարարությունից, ամեն ինչից հասկանում է, բայց ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ:

Կոկո Շանելն ասել է. « Նորաձեւությունը այլեւս չկա, այն ստեղծվում է մի քանի հարյուր մարդկանց համար»: Համամի՞տ եք նրա կարծիքի հետ:

Կոկո Շանելի ասածը կարելի է ընկալել բարձր նորաձեւթյան ոլորտում, բայց հենց Կոկո Շանելն է արել այնպես, որ կանայք գեղեցիկ հագնվեն, լինեն նորաձեւ, դրա համար նա բերեց  տրիկոտաժե կտորը, որը աշխարհի բոլոր կանանց պահարանում կա: Ցավալի է, բայց փաստ է, որ հագուստի մոդելավորումն ու բարձր նորաձեւությունը մեծ պահանջարկ չունեն: Բայց չպետք  է մեղադրել ժողովրդին: Եթե երիտասարդը, որը ուսանող է եւ ուզում է ամեն օր մեկ հատ տաբատ կրել եւ վերնաշապիկ, նա կկրի ամենաէժան, 1000 կամ 1500 դրամանոցը, կունենա մեկի տեղը երեք հատ եւ կկրի, մեղադրելու չէ: Եթե մեր ազգը ստանա նվազագույն աշխատավարձ, նա այդ նվազագույնի մեջ կփորձի ընտրություն կատարել, ամեն ինչ գալիս է ֆինանսից:

Հայ մոդելիերների ստեղծած հագուստը եվրոպական բուտիկների կողքին ի՞նչ տեղ ունի: Հայ սպառողը որքանո՞վ է նախընտրում հայկական արտադրանքը:

Հայ սպառողներն ավելի շատ վազում են բրենդի հետեւից: Սովորական խանութում գտնվող ապրանքը կարվում է Չինաստանում, այն հազարավոր մարդկանց համար է, այն կարելիս հաշվի չեն առել ձեր կառուցվածքի առանձնահատկությունները: Եթե գնում ես մասնագետի մոտ, նա կարող է ճիշտ ընդգծել մարմնիդ այն հատվածները, որը գեղեցիկ են, իսկ որը թերի է, կարող է  թաքցնել եւ կնոջը կամ տղամարդուն տալ գեղեցիկ կերպար: Անհատական մոտեցում կա այստեղ: Ի՞նչ է նորաձեւությունը. այն զգեստը, որը կարված է իդեալական եւ չունի ոչ մի թերություն, միշտ էլ լինելու է նորաձեւ: Հագուստի միջոցով պետք է կարողանաս ներկայացնել քո անհատականությունը, բնավորությունը, մարդկանց հագուստին նայելով` դու կարող ես իմանալ, թե ով է քո դեմ կանգնած: Բացի դրանից` հագուստը ստեղծված է նրա համար, որ թաքցնենք մեր թերությունները եւ ցուցադրենք մեր առավելությունները:

Չունենալով մեծ գումար` հնարավո՞ր է Հայաստանում նորաձեւ լինել` առանց նորաձեւության կենտրոն հաճախելու, և հնարավո՞ր է գնել նորաձեւ հագուստ շուկայից:

Այո, կարելի է, շատերը դա չեն հասկանում: Նորաձեւությունը  ամեն անգամ թելադրում է տարբեր տենդենցներ տարբեր մարդկանց համար: Եթե ասում են, որ էկզոտիկ ոճը այս տարի նորաձեւ է, դա չի նշանակում, որ դու պետք է լինես կոկորդիլոսի կաշվե  բաճկոնով, պայուսակով, կոշիկներով եւ այլն: Դու կարող ես կրել մեկ պայուսակ միայն կամ գոտի, դու արդեն համարվում ես նորաձեւ անձնավորություն: Աքսեսուարների միջոցով ևս կարող ես նորաձեւ լինել: Ես միշտ իմ ուսանողներին էլ խորհուրդ եմ տալիս` կրեք դասական ոճի հագուստ, դա չի նշանակում, որ պետք է լինել պիջակներով, կիսաշրջազգեստներով: Դասական ջինսեր էլ կան, որոնց վրա փուլեր, քարեր չկան: Այդ ջինսերը տարբեր վերնաշապիկների հետ կարող ես հարմարեցնել, տարբեր գոտիներ կրել, գունավոր վզկապներ, դու արդեն նորաձեւ կլինես: Շուկայից եւս հնարավոր է գնել, նայած որ շուկայից, բայց հիմնականում խանութներից է հնարավոր: Այլընտրանքներ կան, գիտելիքներ են պետք, եթե գիտելիք չունեն, նորաձեւության կենտրոններն էլ դրա համար են ստեղծված, որ մարդկանց ուղղություն տան:

Իսկ գները նորաձեւության կենտրոններում որքանո՞վ են մատչելի:

Գները մեզ մոտ մատչելի են. դա կախված է հագուստի ընտրությունից: Նվազագույն սանդղակ չկա, կախված է, թե ինչպիսի հագուստ ես ուզում, ինչ կտորի հետ գործ ունես: Եթե մենք նայում ենք բրենդային խանութներին, որտեղից կանայք գնումներ են կատարում, ապա կարելի է ասել, որ այդ խանութների գներից ավելի մատչելի են: Հայաստանում էլ դիզայներին այցելելը մատչելի կլիներ, եթե ունենայինք թեթեւ արդյունաբերություն: Հավաքածուների համար հումքը պատվիրում ենք տարբեր եվրոպական երկրներից, օրինակ` Փարիզից, դա մի քիչ թանկ հաճույք է, նույնիսկ Թուրքիայից, քանի որ ամբողջ աշխարհը եւս օգտվում է, այնտեղ թեթեւ արդյունաբերությունը լավ զարգացած է:

Ի՞նչ կրել Ամանորին:

2010 թ. ձմռան նորաձեւության տենդենցները թելադրում են տարբեր բաներ: Տաք կտորներ, տարբեր գործվածքներ, տարբեր նախշային ոճեր: Գույներից գերակշռում են սեւը, սպիտակը, կարմիրը, դրանց համադրությունները, շագանակագույնից մինչեւ բաց բեժի երանգները: Նորաձեւ են թե' բարձր ճտքավոր կոշիկները, թե ճտքավորները, թե բատիլյոնները` սկսած էկզոտիկ թեմաներից, վերջացրած ֆոլկով: Մեր ազգը հասակի հետ կապված խնդիր ունի, իսկ երկարաճիտ կոշիկները բարձրահասակ աղջիկների համար են, հայ աղջիկները չպետք է կրեն երկարաճիտ կոշիկներ, դա նրանց ավելի է կարճացնում: Այս տարի շատ նորաձեւ է մորթին: Բայց չպետք է մոռանալ Քրիստիան Դիորի խոսքերը. «Եթե երիտասարդ աղջկա հագին դու տեսնում ես մուշտակ, ապա դա ուղղակի ծիծաղելի է»: Մինչդեռ կան արհեստական մորթուց պատրաստված մուշտակներ, որոնք բնականից չեն տարբերվում: Ամեն դեպքում, խորհուրդ կտայի պահպանել անհատականությունը, եթե չունեն մեծ գումարներ, ապա աքսեսուարների միջոցով նորաձեւ լինել: Ամեն ինչի մեջ պետք է լինի չափ ու սահման, մի անցեք դա, այն, ինչ տեսնում եք ցուցադրությունների ժամանակ, կամ գլյանցային ժուռնալներում, հիշեք, որ դրանք ցուցադրում են 180 սմ հասակ ունեցող աղջիկների վրա: Ամանորին նորաձեւ է կրել ոսկեգույն հագուստ, դիմահարդարման մեջ եւս նորաձեւ է ոսկեգույնը: Նորաձեւ է նաեւ թասան` բարխտը, ժանյակներով կտորները, երկուկտորանի հագուստը`պիջակ եւ տաբատ կամ կիսաշրջագեստ եւ պիջակ, տոնական է մի քանի շերտանի հագուստը, վառ գույների հագուստը: Պետք է հաշվի առնել, թե որտեղ ես անցկացնելու Ամանորը, հագուստն էլ պետք է դրան համապատասխանեցնել, օրինակ` տրիկտոժը` տանը, կիպ տաբատները` կլուբներում, կոկտեյլային կամ երեկոյան զգետսը` ռեստորաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter