HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ալեքսան Հարությունյանը` «Հ1»-ում սպասվող փոփոխությունների մասին

Այսօր «Իրավունք» թերթը պատվոգիր հանձնեց Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին` 2010թ. Հայաստանում լավագույն մշակութային քաղաքականություն իրականացնելու և Հանրային հեռուստաընկերությամբ ազգային բարձրարժեք մշակույթ մատուցելու համար:

Մրցանակը շնորհվեց հատկապես նրա համար, որ «Արարատ» հեռուստաալիքով քարոզվում են մեր մշակութային արժեքները, և հայ դասական գրողների ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր են նկարահանվում: Ալեքսան Հարությունյանն էլ խոստացավ 2011թ. վարել ոչ ավելի վատ մշակութային քաղաքականություն, քան 2010-ին էր: «2010թ. հիմնականում հաջող տարի էր Հանրային հեռուստառադիոընկերության համար, քանի որ տնտեսական ճգնաժամի թողած արդյունքներից դուրս եկանք: Կարողացանք ապահովել մեծ լսարան ամբողջ տարվա ընթացքում: Տարին նշանավորվեց նաև գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի նկարահանումներով, որը կշարունակենք նաև այս տարի»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Ալեքսան Հարությունյանը:

«Հ1»-ը Հրանտ Վարդանյանի հետ համագործակցությամբ պատրաստվում է էկրանավորել Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը», որը հանդիսատեսին կներկայացվի աշնանը: Շուտով եթերում կլինի նաև Արթուր Բախտամյանի հեղինակային հաղորդումը: Մարտից փոփոխություններ են սպասվում թե «Հայլուր» ծրագրում, թե այլ հաղորդումներում, ըստ որում` ոչ միայն արտաքին, այլև բովանդակային առումներով: Մյուս անակնկալների մասին Ալեքսան Հարությունյանը առայժմ չցանկացավ խոսել: «Ասպարեզ» ակումբի անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը խախտել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքը: Ալեքսան Հարությունյանը նշեց, որ ինքը հանձնարարել է ստուգել այդ ամենը, և եթե պարզվի, որ խախտում եղել է, համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն: Նրա վստահեցմամբ` «Հ1»-ի եթերում դեկտեմբերի 31-ի ժ. 17:00-ից մինչև հունվարի 1-ի ժ. 2:00-ը, ցուցադրվել է ընդամենը 4 գովազդային բլոկ, յուրաքանչյուրը` 3-4 րոպե տևողությամբ:

Ալեքսան Հարությունյանը միաժամանակ նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը գովազդ չի պատրաստում, բայց անշուշտ պատասխանատու է իր հեռարձակած գովազդների համար: Բանախոսն անհրաժեշտ է համարում, որ էկոնոմիկայի նախարարության կամ ՀՌԱՀ-ի կազմում ստեղծվի մի մարմին, որը կվերահսկի գովազդի դաշտը: Սերիալների մասին խոսելիս Ալեքսան Հարությունյանը նշեց, որ «Աննա-3» չի սպասվում:

«Իմ վերաբերմունքը սերիալներին այդքան էլ էական չէ: Եթե այդ սերիալը ապահովում է 60-70 տոկոս լսարան, իմ խնդիրն է չթողնել, որ հակադաստիարակչական կամ չափորոշիչները խախտող ինչ-որ բաներ լինեն»,- ասաց նա:

Ալեքսան Հարությունյանն ինքը չի դիտում «Հ1»-ի սերիալները, բայց իր երեխաներին թույլ կտա դիտել դրանք: Նա համոզված է, որ «Հ1»-ի հեռարձակած սերիալները որևէ չափանիշներ չեն խախտում, դրանք ցույց են տալիս մեր կյանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter