HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Փոքրիկ Հայաստան` Փարիզի սրտում

Օդանավակայան հասնելուց հետո միայն հասկացա, որ Հայաստանում չեմ, երբ շուրջս զուր փորձեցի հայեր փնտրել: Զարմանալի է, բայց այդ մասին չէի գիտակցում անգամ վայրէջքի պահին, երբ նշմարեցի Էֆելյան աշտարակը: Հայաստանում չեմ, եւ Աստված գիտի, թե երբ եմ հետ գնալու: Նստեցի քաղաք մեկնող առաջին գնացքը:

Ճանապարհի քառասուն րոպեները կիսեցի հայրենիքից հեռացածիս խոհերի հետ: Հետո մորս հետ մտքում վիճելով, որ ճամպրուկս այսքան ծանր է` հասա հանրակացարան: - Փարեւ,- ողջունեց ընդունարանի աշխատակիցը: Ոգեւորվեցի: «Երեւի թե պետք է շարունակել «Հայկական էսքիզները»»,- մտածեցի: Հետո ոգեւորված բարձրացա սենյակս: Եվ այսպես, «փարեւ»-ով էլ սկսվեց առաջին օրս Փարիզում: 34 հա այգիներ, 40 ուսանողական հանրակացարան, տարեկան ավելի քան 10.000 բնակիչ: Փարիզի Միջազգային Համալսարանական Ոստանը իր տեսակի մեջ միակն է աշխարհում: Հանրակացարանները, կամ ինչպես իրենք են կոչում, տները հիմնականում բաշխված են` ըստ երկրների, մի քանիսը միայն՝ ըստ համալսարանների: Առաջին շենքերը կառուցվել են անցած դարի 20-ական թվականների վերջին:

1927 թ. հայ բարերար եւ դիվանագետ Պողոս Նուբարը, մտահոգված Փարիզի հայ ուսանողների ճակատագրով, որոշում է հայոց տուն կառուցել: Նա 3 մլն ֆրանկ նվիրաբերություն է անում Փարիզի Միջազգային Ոստանին` տան կառուցման աշխատանքների համար, որը նվիրում է կնոջը` Մարի Նուբարին: Բացման արարողությունը տեղի է ունենում 1930թ. դեկտեմբերի 16-ին` Պողոս Նուբարի մահից վեց ամիս անց: Ճարտարապետ Լեւոն Նաֆիլյանի հատակագծին համապատասխան` տունը կառուցված է հայկական ճարտարապետության ոճով` ճակատամասին եկեղեցական զարդաքանդակներ: Այն մի փոքրիկ Հայաստան է Փարիզի սրտում, որտեղ առաջին անգամ ԽՍՀՄ տարիներին տեղի ունեցան հայաստանցի ու սփյուռքահայ ուսանողների հանդիպումները: Իր հիմնադրումից 80 տարի անց Հայ ուսանողների տունն այսօր ունի 73 բնակիչ (ուսանող եւ գիտաշխատող), որոնցից 53-ը հայեր են տասը տարբեր երկրից, ընդ որում՝ նրանց կեսը հայաստանցիներ են: Մյուսները եկել են աշխարհի տարբեր երկրներից: Ընդհանուր առմամբ, Հայ ուսանողների տանն ապրում են 25 տարբեր երկրի ուսանողներ: Մեծ հպարտություն է այսօր սեփական Տունն ունենալ այս թաղամասում, ուր ներկայացված է մոտ չորս տասնյակ երկիր: Նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանը միակն է, որ ունի իր Տունը: Պողոս Նուբարը Տունը կառուցեց եւ ամբողջությամբ նվիրեց Ոստանին, սակայն կանոնակարգի համաձայն` իր կտակով սահմանեց Տան օրենքները: Պայմաններից մեկն այն էր, որ բոլոր ուսանողները պետք է հայախոս լինեին: Դա հակասում էր Ոստանի պայմաններին, մյուս կողմից էլ բարերարն ինքը շուտով համոզվեց, որ հայ ուսանողներից շատերը հայերեն չգիտեն: Եվ կտակով նախատեսեց հայերենի դասեր ուսանողների համար: Առաջին դասերը կազմակերպվել են 1930-31 թթ.: Պողոս Նուբարի կտակի համաձայն` անվանի բանաստեղծ Արշակ Չոբանյանն անձամբ է դասավանդել Տանը: Բացի դրանից` կազմակերպվել են մի շարք դասախոսություններ` հայոց լեզվի ու պատմության վերաբերյա

լ:

Տնօրեն Սահակ Սուքիասյանի խոսքով` Տան պատմությունը արտացոլում է հայ սփյուռքի պատմությունը: Այսպես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ են եկել Եգիպտոսից: Այնուհետեւ նոր ալիքներ են սկսվել Միջին Արեւելքից: 60-ականներին շատ են եկել Լիբանանից: 70-ականներին սկսվել է պոլսահայերի գաղթը` հատկապես երիտասարդ տղաների, ովքեր զինծառայության հետ կապված խնդիր ունեին եւ ցանկանում էին ուսումը շարունակել Փարիզի համալսարաններում: 75-ին, երբ Լիբանանում սկսվում է քաղաքացիական պատերազմը, կրկին սկսվում է ուսանողների հոսքը: «Երբ նայում եմ այդ օրերի արխիվները, հասկանում եմ, որ Հայ տունը իսկական գաղթականների տուն էր դարձել: Տասնյակ լիբանանահայ երիտասարդներ ապաստանել էին իրենց ընկերների մոտ: 2-3 հոգի` յուրաքանչյուր սենյակի մեջ: Եթե ոչ, Փարիզի մեջ անօթեւան պիտի մնային»,- պատմում է Սահակ Սուքիասյանը: Դրանից հետո՝ 1979-ին, սկսվում է Իրանի հեղափոխությունը, եւ մեծ թվով պարսկահայ երիտասարդներ են գալիս Հայ տուն: Այդ շրջանում կայանում են նաեւ առաջին շփումները հայաստանցիների հետ: Կարճատեւ այցերով Փարիզ են ժամանում հիմնականում մտավորականներ: Հայաստանցի ուսանողների առաջին հոսքը դեպի Հայ տուն սկսվում է 90-ականներին` Հայաստանի անկախացումից հետո: «Ասում են, որ Հայ տունը բավական ծառայեց իրեն: Հայ տունը Ֆրանսիան չէ, Հայաստանն էլ չէ: Մի միջանցք է, վայր, ուր կարելի է հայ մնալ ու ընդունել այն, ինչ ֆրանսիական քաղաքակրթությունը կամ մշակույթը կարող է իրենց տալ,- պատմում է Ս.Սուքիասյանը:- Իմ նախորդներից մեկը մի շատ գեղեցիկ բանաձեւ ուներ. այս տեղը երեւի միակ վայրն է, ուր ազգը կազմում է իր խճանկարը»: 90-ականներին Տանը բնակվող առաջին հայաստանցիների թվում էին նորաձեւության եւ դիզայնի բնագավառում այսօր մեծ հաջողությունների հասած եղբայրներ Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները: «Նախկին տնօրեն Տոնապետյանի միջոցով կարողացանք Տանը տեղավորվել: Մեզ շատ օգնեցին:

«Մարի Նուբարի բարեկամներ» հիմնադրամը կրթաթոշակ տրամադրեց: Նոր էինք եկել, ու միակ տեղն էր, ուր տան մթնոլորտ էր: Եթե Հայ տունը չլիներ, մենք շատ դժվարություններ կունենայինք»,- պատմում է Գեւորգը: Կենսագրության 80 տարվա ընթացքում Տունը փակվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` ծառայելով գերմանացի զինվորներին: Բազմաթիվ անվանի դեմքեր են այստեղ ապրել: Կարճատեւ այցերով Տանը հյուրընկալվել են Պարույր Սեւակը, Սիլվա Կապուտիկյանը եւ այլք: Վերջին տարիներին տանը հաճախակի հյուրընկալվում է աշխարհահռչակ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Բնակիչների թվում են եղել արքեպիսկոպոս Նորվան Զաքարեանը, Կարպիս Ափրիկյանը, Գրիգոր Պլտյանը, դոկտոր Լեւոն Մոմջյանը, նկարիչ Ասատուրը, Վահե Օշականը եւ ուրիշներ:

Իր աշխատանքային 26 տարին Տանն անցկացրած Կարպիս Ճալոեանը կամ «Տան ոգին» հպարտությամբ է հիշում ազգությամբ հայ կամ ոչ հայ նախկին աշակերտներին, ովքեր այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում: Նրանց թվում է նաեւ Հալեպի ներկայիս քաղաքապետը: Նախկին տնօրեններից հպարտությամբ է հիշում հատկապես Անահիտ Տոնապետյանին, ում տնօրինության տարիներին Տունն իր երկրորդ կյանքն ապրեց. ամբողջովին վերանորոգվեց, համալրվեց նոր կահույքով: Ինչ վերաբերում է աշակերտներին, ազգությամբ հայ լինեն, թե ոչ, նախ եւ առաջ ներկայացնում են իրենց երկրի բարքերը: «Արեւելքից եկող աշակերտները ավելի ջերմ են, տաքարյուն, իսկ արեւմտյան երկրներից եկածները ավելի պաշտոնական են, բայց ավելի օրինավոր, քանի որ վարժվել են օրենքը հարգել»,- պատմում է Կ. Ճալոեանը: Պողոս Նուբարի նախագիծն այսօր կենդանի է, այն ապրում է ու ամեն տարի իր պատերի ներքո ապաստան տալիս տասնյակ հայ ուսանողների: Սակայն ապաստան լինելուց զատ` այն մեծ հենարան է նոր երկրում նոր պայմաններին, նոր կենցաղին համակերպվելու համար: Իրականում Տունը նման է մի մեծ ընտանիքի, բոլորն էլ ունեն միեւնույն հոգսերը՝ պատրաստ աջակցելու մեկը մյուսին: 73-74 թթ. հայկական գաղութի մի քանի տիկիններ որոշեցին օգնել Տան հայ ուսանողներին: Գաղափարը շուտով ծնունդ տվեց «Մարի Նուբարի բարեկամներ» հիմնադրամին: Հիմնադրամն այսօր ֆինանսապես օժանդակում է տարեկան 20 հայ ուսանողի՝ վճարելով նրանց տան վարձի մի մասը:

Հիմնադրամի աջակցությամբ վերջերս նորոգվել է Տան գրադարանը: Տանը մեծապես օժանդակում են նաեւ հայկական մյուս կազմակերպությունները՝ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելով կամ ստանձնելով տան հոգսերը (ՀԲԸՄ, Գյուլբենկյան հիմնադրամ, AAAS):

«Նախ՝ հարմար է գնի առումով, պայմանները շատ հարմար են ուսման համար, մոտ է հիմնական բուհերին: Այստեղ լինելով` կրթաթոշակ ենք ստանում: Բացի դրանից` երբ մեկուսացված ես լինում Փարիզում, մենակ, ամեն ինչից կտրված, կյանքը շատ դժվար է լինում: Դրա համար այստեղ ապրելը շատ կարեւոր է, շատ օգնեց ինձ նույնիսկ հասարակ կենցաղային հարցերում: Հարազատ է ինձ դարձել, քանի որ, ինչպես տնօրենն է ասում, Տունը միայն պատերն ու շենքը չէ: Այն պատմություն ունի, անցյալ եւ ներկա, որի մի մասը ես եմ կազմում ու իմ ընկերները»,- ասում է հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը:

Ուսանողների տունն ունի նաեւ ուսանողներից կազմված կոմիտե, որը նախագահի` Սիրիայից ժամանած Անի Էպլիղաթեանի խոսքով` մի կամուրջ է` ուսանողներին միմյանց հետ ծանոթացնելու համար: «Զանազան մշակութային միջոցառումներ ենք կազմակերպում` պտույտներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, հայերենի դասեր: Հայ տունը հայ ուսանողների համար մեծ բախտավորություն է: Ուսման մեջ, թէ կենցաղում, ուսանողների դժվարությունները նույնն են, իրար շատ ենք օգնում: Տունը օգնում է հեշտությամբ հաղթահարել խնդիրները: Եթե Տունը չլիներ, շատերը հետ կգնային»,- պատմում է Անին: Անին հպարտությամբ նշեց, որ ֆրանսահայ ընկերները Տանը բնակվելուց հետո սկսել են հայերեն խոսել: Թուրքիայից ժամանած Նազլը Թէմիրի համար Տունն առիթ էր ծանոթանալու իր հայաստանցի ընկերներին: «Ուրիշ պատկերացումներ ունեի հայության մասին: Ես պոլսահայ եմ, եւ դժվար էր ինձ համար Հայաստանը պատկերացնել իբրեւ երկիր: Առաջին այցելությունս այս տարի էր, քանի որ հայաստանցի նոր ընկերներ ունեի: Նախկինում կարծում էի, որ հայկական մշակույթին միայն պոլսահայերն էին ծառայում: Երկիրը տեսա ու կարծիքս փոխեցի: Հայ տունը մտերմության կենտրոն է, պետք է տեսնել, ծանոթանալ»,- ասում է Նազլըն: Տանը նաեւ ընտանիքներ են կազմվել: Ս.Սուքիասյանը ներկա է եղել չորս ամուսնության եւ կատակով նշում է, որ այդ փաստը պետք է արձանագրել Տան ծանուցագրերում: «Հայ ծնողներին պետք է հանգստացնենք՝ ասելով, որ եթե իրենց երեխաներին մեզ վստահեն, լավ հայ փեսա կամ հարս կունենան»: Պողոս Նուբարի իմաստուն երազն այսօր իրականություն է դարձել: Տունն այսօր ապաստան ու հենարան է Փարիզ ժամանած ուսանողների համար, մյուս կողմից էլ՝ հայ մշակույթի կենտրոն: Նոյեմբերի 14-ին Փարիզի Միջազգային Համալսարանական Ոստանում մեկնարկեց Հայ ուսանողների տան 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որոնց ներկա էին Տան հին ու նոր բնակիչները: Փարիզի Հայ ուսանողների տունն այսօր բոլոր հայ ընտանիքների նման պատրաստվում է Ամանորին: Եղեւնին արդեն զարդարել են: Ամեն տարվա պես, հյուրեր էլ են լինելու: Ճաշացանկը հիմնականում հայկական է: Դե, ինչպես միշտ, լինելու է նաեւ հայկական երաժշտություն: Տուն մեկնելու հնարավորություն չունեցող ուսանողները հաստատ միայնություն չեն զգա: Տնօրենն էլ միշտ իրենց հետ է, քանի որ Փարիզի Համալսարանական Ոստանի կանոնակարգով տնօրեններն ապրում են նույն հանրակացարանում:

Հ.Գ. Առավոտյան տնից դուրս գալիս եւ երեկոյան, երբ տուն եմ գալիս, ինձ համար ամենամեծ ուրախությունն է հայ ուսանողի հանդիպել ու ասել «բարի լույս» կամ «բարի իրիկուն»: Երեւի դժվար է Հայաստանում մեծացածների համար հասկանալ դա, բայց ինձ համար առաջին ուրախությունը դա է: Երկրորդն էլ այն, որ ծառայում եմ այս Տանը, Պողոս Նուբարի մեծ ծրագրին:

Փարիզ, 24 դեկտեմբերի, 2010

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter