HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Բանավեճ` արտաքին քաղաքականության շուրջ

Այսօր լրագրողների ներկայությամբ բանավիճում էին ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը եւ Ժառանգական Ռուբեն Հակոբյանը: Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի Կիպրոս կատարած պաշտոնական այցին, նախագահի ելույթին, ստորագրված միջպետական հռչակագրին` Աժ պատգամավոր Արտակ Զաքարյանը նշում է, որ երկրի որդեգրած նախաձեռնողական ակտիվ քաղաքականությունը շարունակվում է` ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս:

«Բավականին սկզբունքային ելույթ էր. արտացոլում էր Հայաստանի շահերը, դիրքորոշումները տարածաշրջանային գործընթացների նկատմամբ, ներկայացնում էր Հայաստանի արտաքին քաղաքականության շրջանակներում առկա հիմնական խնդիրները եւ հայ-թուրքական հարաբերություններում ֆիքսում Հայաստանի պատրաստակամությունը` նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում առաջ շարժվելու, և մերժում բոլոր այն մոտեցումները, որոնք կան Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության մեջ»,- ասում է Ա. Զաքարյանը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, «Թուրքիայի վերջին տարիների հակասություններով լի քաղաքականության» մասին` պատգամավորը նշում է, թե տարածաշրջանային օրեցօր փոխվող իրավիճակներում Հայաստանն առաջիկայում պետք է ունենա համագործակցության այնպիսի ձեւաչափեր, որոնք թույլ կտան հակակշռել Թուրքիայի նկրտումները: Ռուբեն Հակոբյանն էլ հիշեցնում է ժողովրդական իմաստուն խոսքը` սխալի կեսից հետ դառնալն էլ է տղամարդկություն: «Նախագահն արդեն իր վերջին երկու-երեք ելույթներում, որտեղ անդրադարձ է կատարվում հայ-թուրքական հարաբերություններին, անուղղակիորեն ասում է, որ Թուրքիայի հետ նախաձեռնողական քաղաքականությունը եղել է սխալ, և այդքան համարձակություն ունի` ի պատիվ իրեն, խոստովանել իր սխալը, բայց ամբողջական հետ դառնալու համար անհրաժեշտ է հետ վերցնել Աժ-ից այդ արձանագրություևնները»: Նրա խոսքերով` Սերժ Սարգսյանի ելույթը հաղթող երկրի նախագահի ելույթ էր, բայց խնդիրն այն է, թե ինչքանով են այդ ելույթները կյանքի կոչվում, հատկապես ներքին քաղաքականության մեջ: «Ինչ-որ տեղ սա սպասումների տարի պետք է դիտել, որովհետև նախագահը տարեմուտին` ՀՀԿ 20-ամյակի ժամանակ, բավականին լուրջ շեշտադրումներ արեց: Պատահական էլ չէ, որ ընդդիմադիր գործիչներից ոմանք ասացին, որ ամենաընդդիմադիր ելույթներից մեկն էր դա: Ճշմարիտ խոսքը դեռ ոչ մի բան է. ճշմարտությունը պետք է ամբողջական լինի: Իսկ ամբողջական է այն ժամանակ, եթե ճշմարիտ խոսքը նաև ճշմարիտ գործ է դառնում»,- ասում է Ռուբեն Հակոբյանը: Արտակ Զաքարյանի կարծիքով` նախաձեռնությունը երբեք սխալ չի լինում, եթե այն կառուցված է լինում փոխշահավետության սկզբունքի վրա. «Թուրքիայի կողմից առաջ քաշվող խնդիրները Թուրքիայի կախվածության նշանն է: Նրա քաղաքականությունը գնահատվում է ոչ կառուցողական եւ ցույց է տալիս իսլամական աշխարհից, Ադրբեջանից նրա կախվածությունը»: Ռուբեն Հակոբյանի խոսքերով` պատմությունը մեզ արդեն ցույց էր տվել, թե ում հետ գործ ունենք, ինչ բազմաթակարդ դիվանագիտություն ունի Թուրքիան: Ուստի պետք չէ մի բան նախաձեռնել` իմանալով, որ կխաբվես. «Թուրքիան այսօր մեր շնորհիվ դարձավ տարածաշրջանի գլխավոր գործոններից մեկը: Մինչեւ հայ-թուրքական արձանագրությունները, Թուրքիայի առաջնահերթությունը գրեթե ոչինչ էր: Եթե մենք ասենք, որ ինչ անում ենք, ճիշտ է, ապա դրանով ոչնչի չենք հասնի: Մեր վերջին շրջանի քաղաքականությունը, դիվանագիտությունը եղել է պարտությունների շղթա եւ պետք է համառությունը մի կողմ դնել ու հասկանալ, որ այդպես շարունակել չի կարելի»: Արտակ Զաքարյանի համար Ռուբեն Հակոբյանի ասած պարտությունները տեսանելի չեն: Նա համաձայն չէ նաեւ, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելացրին Թուրքիայի գերակշռությունը, որովհետեւ դեռ սովետական տարիներին Թուրքիան բավականին լուրջ դերակատարություն ստանձնել էր` շնորհիվ իր մի շարք միջոցների, եւ հայ-թուրքական հարաբերությունները կոչված են լիցքաթափելու դա: Նրա կարծիքով` դրանով ավելացել է Հայաստանի դերը: Ռուբեն Հակոբյանը էլ հավելում է, թե հայ-թուրքական հարաբերությունների պարտվողական էին մեզ համար, նախ նրանով, որ սփյուռքին նյարդային վիճակի բերեցինք: Իսկ Թուրքիայի խնդիրն էլ հենց դա էր`պառակտել Հայաստան-սփյուռք կապը: Երկրորդ` նախապայմանները: Իսկ Արտակ Զաքարյանն ասում է, որ դրանով ընդամենը Հայաստանը` իր նուրբ դիվանագիտությամբ, ցույց տվեց Թուրքիայի ոչ կառուցողական քաղաքականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter