HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Իրադրության ե'ւ տերը, ե'ւ թելադրողը մե՞նք ենք

ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը այսօր բանավիճում էին արտաքին քաղաքականության շուրջ: Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` Կիպրոս եւ Հունաստան կատարած այցերին ու ելույթներին եւ դրանց համատեքստում հայ-թուրքական հարաբերություններին` Կարինե Հակոբյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող ոչ սկսվել,

ոչ ավարտվել մեկ այցով, քանի որ շատ խորը արմատներ ունեն. «Ռազմավարությունն է փոխվել, կրավորական պահվածքը` նստելը, սպասելը, պատասխան տալու գործելաոճը միշտ էլ սխալ ենք համարել: Թուրքիայի ամբողջ գործելակերպը հիմնված է կեղծ պահանջատիրության վրա, իսկ մենք, որ այդքան իրավունքներ ունենք, չենք կարողանում արժանավայել պաշտպանել դրանք»,- ասում է նա:

Բանախոսի կարծիքով`մենք չունենք արտաքին քաղաքականություն, միայն պատասխան ենք տալիս, նախաձեռնող չենք, մինչդեռ քաղաքականությունը այն է, երբ դու ինքդ ես որոշում քո քայլերը, նախապես ես որոշում, ոչ թե սպասում` բոլորը որոշեն, նոր պատասխան տաս: Իսկ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարեւորեց այն, որ  Կիպրոսի նախագահը նշել է, որ այդ հարաբերությունները սառեցվել են թուրքական կողմի նախապայմաններ առաջ քաշելու պատճառով: Ինչպես նաեւ  շեշտեց, որ  առաջին անգամ Կիպրոսը գրավոր ձեւով հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա Մինսկի նախագահների աջակցությամբ: Պատգամավորը սա համարեց  2011թ. արտաքին քաղաքականության համար նոր ազդակ:

Հակադարձելով Կարիեն Հակոբյանին` Հովհաննես Սահակյանը վստահորեն նշեց, որ իրադրության ե'ւ տերը, ե'ւ թելադրողը մենք ենք. «Հիշեցնեմ, որ առաջինը Հայաստանն է առկախել արձանագրությունների գործընթացը: Եթե մենք տուրք տայինք Թուրքիայի նախապայմաններին, մենք կընդունեինք, որ Թուրքիան հզոր պետություն է տարածաշրջանում»: Կարինե Հակոբյանը համոզված է, որ մեր արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, իսկ մեր ԱԳՆ-ն այդքան ռեսուրս չունի, որ լուծի այդ հարցերը, որոնք պետք է տեղափոխվեն իրավական ոլորտ. «Այսպիսի կոռումպացված երկիրը չի կարող ոչ մի ոլորտում հարց լուծել, այդ թվում` ԼՂՀ հարցը և հայ-թուրքական գործընթացը: Պատճառ մեզանում է, մեր անկախության չափից ավելի նվազ մակարդակի հետ է պետք կապել, գնալով մենք հետ ենք նահանջում հենց մեր ինքնիշխան երկիր լինելու ոլորտից»: Անդրադառնալով  ղարաբաղյան հարցին` Հովհաննես Սահակյանը նշեց, որ դրա հետ կապված խնդիրներ չկան, ասել եւ ասելու են` ԼՂՀ-ն պետք է լինի անկախ եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղը վերջերս Freedom house-ի կողմից ճանաչվել է «ոչ ազատ» երկիր. ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իր համար անհասկանալի է միջազգային գործընկերների դիրքորոշումը, քանի որ եթե ընդդիմադիր հատված չկա, դա դեռ չի նշանակում, որ ժողովրդավար չէ:

«Դուք սխալ պատկերացում ունեք ընդդիմության մասին: Առանց ընդդիմության ժողովրդավար երկիր չի կարող լինել, ընդդիմությունը պետք է օգնի իշխանությանն իր առողջ քննադատությամբ: Արցախում այսօր շատ խնդիրներ կան, կա արտագաղթ, Արցախը բնակեցված չէ»,- ասաց Կարինե Հակոբյանը: Խոսելով հայաստանյան ընդդիմադիր ուժերից`Կարինե Հակոբյանն ասաց, որ հնարավոր է և ցանկալի է, որ ընդդիմադիր բոլոր ուժերն ընտրությունների գնան միասնական ուժերով, բայց դա շատ բարդ խնդիր է, քանի որ նրանք բոլորն ունեն տարբեր ընտրազանգված: Օրինակ` նրա խոսքերով, երբ «Ժասռանգությունը» սատարեց Լեւոն Տեր- Պետրոսյանին, կուսակցության շատ անդամներ դիմում գրեցին եւ դուրս եկան:

«Եթե կարելի է բոլոր տարաձայնությունները մոռանալ, ապա դա շատ լավ է, բայց դա կախված է նաեւ հասարակության դիրքորոշումից: Կուսակցությունները նաեւ հասարակական պահանջին են գնում ընդառաջ: Ընդդիմությունն, ի տարբերություն իշխանության, բաժանելու ոչինչ չունի: Ընդդիմությունը նրա համար է, որ ժողովուրդը համախմբված լինի, որ իշխանությունը ավելի լավ աշխատի»,- ասաց «Ժառանգության»  քարտուղարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter